ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Բուզանդի պատմության մեջ գրված է. «Մծբինի մեծ եպիսկոպոսը, որի անունն էր Հակոբ, վեր կացավ իր քաղաքից, որպեսզի գա հասնի Հայոց լեռները, Սարարադ լեռը, որ գտնվում է Այրարատյան տերության հարավային սահմաններում, Կորդվաց գավառում: Աղաչում էր Աստծուն, որ կարողանա տեսնել Նոյի տապանը, որ ջրհեղեղից հետո այս լեռան վրա հանգրվանեց»:
Խոսելով Հայկական Պարի ամենաբարձր գագաթի մասին՝ Թովմա Արծրունին այն անվանում է Արարատյան լեռ կամ Ազատ Մասիս: Ստացվում է, որ երկու լեռները միմյանցից տարբերելու համար մեկն անվանում էին Արարատյան լեռ կամ Ազատ Մասիս, մյուսը՝ Կորդվաց Արարադ:
Փավստոսի պատմության Ժ գլխում, երեք անգամ հանդիպում է Կորդվաց Սարարադ լեռը: Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ գրված է «ի լերինս Արարադայ»: Հայտնի է, որ երկաթագրերում բառերն իրար կից էին գրվում: Բուզանդի աշխատության մեջ հանդիպող ԻԼԵՐԻՆՍԱՐԱՐԱԴԱՅ տրոհել են «ի լերին Սարարադայ», փոխանակ՝ «ի լերինս Արարադայ»: Ամեն դեպքում, Փավստոսը տապանակիր լեռան տեղը մատնանշում է Կորդուքում և այն անվանում է ոչ թե ԱրարաՏ, այլ (Ս)ԱրարաԴ:
Երբ Եկատիրինա Բ կայսրուհին (1762–96 թթ.) մտադրվեց իշխան Պոտյոմկինի գլխավորությամբ ստեղծել Հայոց թագավորություն՝ պատրաստել տվեց Հայաստանի գերբը, որի կենտրոնում Ազատ Մասիսն էր՝ վրան Նոյյան տապանը: Կայսրուհին համոզված էր, որ տապանը պետք է հանգրվանած լինի Հայաստանի ամենաբարձր գագաթի վրա: Կորդուքի Արարադից վերջնականապես Հայկական Պարի Արարատին անցավ տապանակիր լեռան պատիվը: Սարի լանջին գտնվող աղբյուրներից մեկն էլ կոչվեց «Սուրբ Հակոբայ աղբյուր»: Ստացվեց երկու Արարատ՝ երկու նույնանուն աղբյուրներով: Ուշագրավ է, որ երկու լեռնագագաթներից դեպի արեւելք գոյություն ունեին Նախճավան անունով բնակավայրեր: ԱրարաՏը հայտնի է նաև Մասիս անունով, իսկ Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող ԱրարաԴին տրվում էր նաև Մասիուս անունը:
Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդները տապանակիր լեռան պատիվն ու Ջրհեղեղի ավանդազրույցը վերագրում են ոչ թե Հայկական Պարի Արարատ գագաթին, այլ Վանա լճից ու Հայկական Տավրոսից հարավ ընկած Կորդվաց աշխարհի ԱրարաԴին, որը հայտնի է նաև Ջուդի լեռ անունով (Տես՝ Ս. Երեմյան, Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Երևան, 1965, էջ 50, 154): Այն որպես սրբազան ու տապանակիր լեռ հայերից բացի հիշատակում են քաղդեացիները, ասորիները, արաբները, հրեաները, քրդերն ու արամեացիները:
Ի դեպ, տապանի բեկորների որոնման աշխատանքները հիմնականում տարվել են Մեծ Մասիսի գագաթին ու լեռան շրջակայքում, իսկ Կորդվաց Արարադը հազվադեպ է հայտնվում հետազոտողների ուշադրության կենտրոնում: Լուրերն այն մասին, թե իբր տապանի կտորներ են հայտնաբերվել, որևէ աղերս չունեն իրականության հետ։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, տեղանքի վայրը: