Տարբեր կազմակերպությունների գիտնականներ միավորվել են ԱՀԿ հովանու ներքո՝ սննդաբաժնում աղի համատարած չարաշահմանը դիմակայելու նպատակով, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։
«Անառողջ սնունդը մարդկանց մահվան հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում, իսկ ամենագլխավոր մեղավորը աղի չափից ավելի օգտագործումն է, դրա պատճառով, ԱՀԿ գնահատականներով, 2017 թվականին զոհվել է ավելի քան 3 մլն մարդ»,- ասել է Օ՛Բրայենի հանրային առողջապահության ինստիտուտի եւ Քալգարիի Ալբերտի սիրտ-անոթային հիվանդությունների ինստիտուտի աշխատակից, բժշկության, ֆիզիոլոգիայի եւ դեղաբանության պրոֆեսոր, Հիպերտոնիայի համաշխարհային լիգայի նախկին նախագահ Նորման Քեմփբելը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետությունների առջեւ խնդիր է դրել մինչեւ 2025 թվականը 30 տոկոսով կրճատել նատրիումի սպառումը։ Կառավարությունները եւ սննդարդյունաբերությունը համատեղ աշխատում են մշակվող սննամթերքներում աղի քանակության նվազեցման ուղղությամբ։
Սակայն, ԱՀԿ մասնագետների խոսքով, արդեն այժմ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել սպառողների իրազեկության բարձրացման համար։ Եվ ամենապարզ բանը նախազգուշացնող գրություն տեղադրելն է հենց աղի փաթեթների, ինչպես նաեւ սրճարանների ու ռեստորանների աղամանների վրա։
Մակագրությունների համար առաջարկվել է հետեւյալ ձեւակերպումը. «Նատրիումի ավելցուկն առաջ է բերում հիպերտոնիա եւ նպաստում ստամոքսի քաղցկեղի առաջացմանը։ Սահմանափակեք աղի օգտագործումը»։
«Մարդկանց մեծ մասը չգիտի, որ աղը, որն օգտագործում է, բարձրացնում է արյան ճնշումը եւ կրճատում նրանց կյանքի տեւողությունը»,- ամփոփել է Resolve to Save Lives-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն, դոկտոր Թոմ Ֆրիդենը։- «Նախազգուշացնող մակագրությունները սննդամթերքների փաթեթների վրա եւ կերակրացանկերում կօգնեն նրանց ավելի առողջ ընտրություն կատարել»։