Ռուսների 1915-ի հուլիսյան նահանջը` անհրաժեշտությո՞ւն, թե՞ դիտավորություն
Advertisement 1000 x 90

Ռուսների 1915-ի հուլիսյան նահանջը` անհրաժեշտությո՞ւն, թե՞ դիտավորություն

Հատված պատմաբան Լեոյի «Անցյալից» գրքից. «Ո՞վ կարող էր հնար եղածին չափ ազատել հայերին թուրքական կոտորածներից։ Ոչ ոք, բացի ռուսական զորքերից։ Բայց մենք տեսանք, որ նա լոկ հանդիսատեսի դեր էր ստանձնել եւ կոտորածներ կատարող քուրդ բեյերը ռուս հրամանատարների պատվավոր հյուրերն էին…

1915 թվականի հուլիսի կեսին ռուսական զորքերը հաղթականորեն առաջ էին տանում իրենց արշավանքը դեպի Բիթլիս ու Մուշ։ Թուրք զորքերը, նահանջելով ռուսաց բանակի առաջ, իրենց ամբողջ կատաղությունը թափում էին հայ ազգաբնակչության վրա։ Սկսվեց Մուշի ու նրա դաշտի հայերի սոսկալի կոտորածը. 90 հայ գյուղեր` 100 հազար ազգաբնակչությամբ ոչնչացվեցին։

Ռուսական զորքերն այդ ժամանակ հասել էին Նեմրութ սարին եւ նրանց երկու ասպարեզ էր մնում Մուշ հասնելու համար։ Այսպիսով նրանք փրկած կլինեին մի քանի տասնյակ հազար հայերի կյանք։ Բայց այդ առաջշարժումը չարին, եւ Մուշի հռչակավոր դաշտը, այն, որ իր կատարած խոշոր կուլտուրական դերով դեռ հին ժամանակներին ստացել էր «Հայոց տուն» անունը, բոլորովին մաքրվեց հայերից…

Գրեթե միաժամանակ սկսվեց ռուսական զորքի անհասկանալի խուճապային նահանջը Վանից ու Մանազկերտից մինչեւ ռուսական սահմանները։ Այդ շարժումն այդպես էլ մնաց առեղծվածային. ոչ ոք չէր տեսնում իրական, ճշմարիտ ու լուրջ հիմքեր, եւ այդ պատճառով ամենքի համար այդ շարժումը շատ կասկածելի էր, ինչ-որ հետին մտքով կատարված։

Ռուսների նահանջը հանկարծական էր. Վանում այն հայտարարվեց 1915 թվականի հուլիսի 16-ին։ Ընդամենը մի քանի ժամ ժամանակ էր մնում, որ ժողովուրդն իր գլխի ճարը տեսներ։ Եվ այն իր անակնկալության, իր շտապողականության պատճառով դարձավ կործանում հայ ժողովրդի այն մասի համար, որ ռուսների գրաված տեղերում փրկվել էր կոտորածներից։

Ամեն մի թշվառական, որ շարժվելու ընդունակություն ուներ, ոտքի կանգնեց եւ սկսեց փախչել նահանջող զորքի հետեւից, մերկ ու բոբիկ, քաղցած ու սարսափով լցված։ Ոչ մի ուշադրություն ռուս զորահրամանատարների կողմից դեպի այդ ուժասպառ բազմությունը, որ գնում էր իր տանջանքի ճանապարհը` աջ ու ձախ դիակներ փռելով։ Նրան օգնող չկար, նրան նույնիսկ չէին թողնում զորքից առաջ ընկնել…

Փախստական ժողովրդից միայն մոտ 100 հազար հոգի մտավ Իգդիր։ Այստեղ` Արարատյան երկրում, տիֆն ու սովը սկսեցին հնձել փախստականների շարքերը։ Մեռնում էր թուրքահայ ժողովուրդը։

Երկու շաբաթ հազիվ անցած այդ նահանջից` ռուսական զորքերը նորից սկսեցին առաջ շարժվել դեպի Վան ու Մանազկերտ` համարյա ոչ մի դիմադրության չհանդիպելով։ Էլ ինչի՞ համար էր այս հետ ու առաջ քայլելը։

Նահանջի ժամանակ լուրեր էին տարածել, թե թուրքական թարմ դիվիզիաներ են գալիս դեպի Վանա լճի հյուսիսային ափը` ռուսական բանակի նահանջի ճանապարհը կտրելու համար։ Բայց այդ առասպելական դիվիզիաները չերեւացին եւ ոչ մի տեղ։

Եվ համատարած կարծիք էր ստեղծվում հայերի մեջ, թե այս ամբողջ նահանջը դիտավորյալ էր, առանց ստիպողական պատճառի, հայերին այդ օրը գցելու համար»։

ԼԵՈ (Առաքել Բաբախանյան), «Անցյալից», Գլուխ 5, Թիֆլիս, 1925

ՀԳ – Ռուսական բանակի հրամանատարությունը նույնիսկ հայ կամավորներին արգելեց օգնության հասնել Տարոնի հայությանը։ Հայաստանը ռուսներին պետք էր առանց հայերի։

Տեքստը՝ Արշալույս Զուրաբյանի էջից: