Սովորական սպիտակ կաղամբի, գունավոր կաղամբի և բրոկոլիի մեջ հակաուռուցքային ակտիվություն ունեցող օրգանիկ միացություն է պարունակվում՝ պնդում են Չինաստանի բժշկական համալսարանի գիտնականները:
Մասնագետների ուշադրությունը գրավել է սուլֆորաֆանը (SFN), որն առկա է կաղամբի կազմում: Այդ օրգանիկ միացությունը պարունակվում է խաչածաղկավորների ընտանիքում, որին պատկանում են կաղամբի տարբեր տեսակները: Հետազոտողների խոսքով՝ սուլֆորաֆանն ունի բոլոր շանսերը հակաքաղցկեղային նոր միջոց դառնալու համար:
Գիտնականների խոսքով՝ SFN-ն փոփոխություններ է առաջացնում քաղցկեղային բջիջների մորֆոլոգիայում և նվազեցնում դրանց կենսունակությունը: Օրինակ, ճնշվում է HCT 116 տեսակի վտանգավոր բջիջների ակտիվությունը:
Գիտնականների տվյալների համաձայն՝ կաղամբում առկա նյութը կարող է դեղամիջոցի ազդեցություն ունենալ: Սակայն դեռևս դժվար է ասել՝ երբ և ինչպես այդ նյութը հնարավոր կլինի ներառել նոր դեղամիջոցների կազմում: