Պնդումները, թե Ryanair-ի չվերթների պարագայում յուրաքանչյուր ուղեւորի համար վճարները կազմում են 76 դոլար, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ ՝ արձագանքելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառմանը։
«ՀՀ կառավարությունը, հարկատուները որեւէ գումար չեն վճարելու Ryanair-ին»,-նշեց նա:
Տաթեւիկ Ռեւազյանը շեշտեց, որ բանակցությունների ընթացքում հիմնական հարցը, որի շուրջ բանակցություն է վարվել եւ որի շուրջ համաձայնության են եկել Ryanair-ի հետ, օդի տուրքի հարցն է եղել։ «Ryanair-ից նշում էին, որ եթե 20 եվրո էլ օդի տուրք վճարեն, ընդհանրապես արդյունավետ չի լինի իրենց համար, ու մենք էլ հասկացանք, որ պետք է փոփոխություններ մտածել օդի տուրքի հարցով՝ ոչ միայն իրենց համար, այլ նոր ուղղություններ զարգացնելու համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ուղղության համար է օդի տուրքի արտոնություն տրվել եւ որ ավիաընկերությունը, որը կսպասարկի ուղղություն, որը չի սպասարկվել վերջին տարիներին, կստանա այդպիսի արտոնություն։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշում է՝ Wizz air-ի հետ բանակցությունները եւս օդի տուրքի հետ են կապված, ապա հավելում՝ եթե Wizz air-ը մտնի մեր շուկա եւ սպասարկի մի ուղղություն, որն արդեն սպասարկվում է, օդի տուրք վճարելու է։
Ազգային փոխադրողի մասին հարցին Ռեւազյանը պատասխանեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են․ «Ներդրողների հետ ենք շփվում, դեռ Ryanair-ի պես կոնկրոտ բան չկա, բայց հետաքրքրություն կա, իսկ ներդրողներ, որոնք հետաքրքրվում են, դրսից էլ կան, ներսից էլ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին հրավիրած ասուլիսում Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ազդարարեցին եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը Հայաստանի ավիացիոն շուկա:
Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երեւանը կապելով Հռոմի եւ Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:
Բլոգեր Լապշինն այս առնչությամբ նշել էր, որ Ryanair-ի եւ Wizzair-ի հետ բանակցությունները տարվում էին դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք․ «Պարզապես հին իշխանությունը հրաժարվեց յուրաքանչյուր ուղեւորի համար 76 դոլար վճարը վերցնել բյուջեից: Դրա համար էլ Ryanair-ը չեկավ: Առանց բյուջեի գումարների՝ Քաղավիացիայի նախկին նախագահը ոչինչ չէր կարող անել:
Երբ Հայաստանի բյուջեից տարեկան ավելի քան 5 միլիոն դոլար տրամադրվեց այս վճարների համար, Ryanair-ը միանգամից համաձայնեց: Տաթեւիկն ուղղակի գնացել է Եվրոպա եւ հայտնել է նրանց Նիկոլ Փաշինյանի որոշման մասին: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ այս ավիաընկերության գալու մեջ Տաթեւիկ Ռեւազյանի ներդրումը չկա: Սա բացառապես Փաշինյանի որոշումն էր, եւ սա բյուջետային գումարներ են»։