Համազգային թատրոնի դերասանները սարգսյանական ընթերցումները նվիրեցին մեծ վարպետին
Advertisement 1000 x 90

Համազգային թատրոնի դերասանները սարգսյանական ընթերցումները նվիրեցին մեծ վարպետին

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի առաջատար դերասաններ Արման Նավասարդյանը, Սերգեյ Թովմասյանը, Նարեկ Բաղդասարյանն ու Վարշամ Գևորգյանը վարպետի ծննդյան իննսունամյակի կապակցությամբ թատերական մոտեցումներով ընթերցեցին Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» ստեղծագործությունը:

Թատրոնի և կինոյի մեծ վարպետ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ոտնամաններս» ստեղծագործությունը Սարգսյանը գրել է կյանքի վերջին տարիներին: Նա նշեց, որ ինքնակենսագրական գործում նման տողեր կան. «Չգիտեմ` ինչու հիմա գրեցի սա: Հավանաբար, հիմա էր պետք»: «Սոս Սարգսյանի յուրահատուկ ձեռագիրն արտահայտվում է ինչպես նրա, այնպես էլ նոր բեմադրած ներկայացումներում: Վարպետը մեզ է թողել իր միտքը, իր հոգին, խորհուրդները»,-ընդգծեց Ղազարյանը:

Դերասան Սերգեյ Թովմասյանը հիշեց, որ Համազգային թատրոնում է 2002 թվականից: «Սոս Սարգսյանից շատ բան եմ սովորել: Նա մեծ հայրենասիրություն է սերմանել: Չեմ կարծում, որ հայրենասիրությունը պետք է արտահայտվի պատերազմով, կռվով կամ զենքով: 1990-ականների պատերազմական տարիներին, երբ երկրի թատրոններում պարապուրդ էր, Սարգսյանը նոր թատրոն բացեց` իր համախոհների, գաղափարակիցների հետ ձգտելով պահպանել մեր մշակույթը: Թատրոնը մեծ հաջողություններ ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ` սփյուռքում: Շատ ափսոսում ենք, որ նա մեր կողքին չէ, բայց Սարգսյանի շունչը, ոգին զգում ենք մինչ օրս. ասես վերևից մեծ ուժ ուղղորդում է մեզ»,-խոստովանեց դերասանը:

Միջոցառմանը զուգահեռ գրադարանի փոքր ցուցասրահում ցուցադրվեցին Սոս Սարգսյանի գրական ստեղծագործությունները, լուսանկարները, նրա մասին գրված գրքերն ու մամուլի հրապարակումները:

Հայաստանի ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանն ասաց, որ ցանկացել են բեմի և կինոյի մեծ վարպետին  ներկայացնել, որպես գրողի:

«Ցուցադրել ենք Սարգսյանի հեղինակած գրքերը, նրա մասին գործերը, ամսագրերում տեղ գտած հոդվածները, որոնք պահվում են գրադարանի արխիվում: Սարգսյանը եղել է մեր լավ բարեկամն ու հավատարիմ ընթերցողը: Նա հաճախ է այցելել այստեղ, ուստի ներկայացրել ենք նաև նրա այցերից պահպանված լուսանկարները»,-նշեց Չիչակյանը:

Նա շեշտեց, որ Ազգային գրադարանը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներկայությանը միջոցառումներին: «Ընթերցումներն ունկնդրելու են եկել «Արև»  ընթերցասրահի թույլ տեսողություն ունեցող և կույր ընթերցողները»,-տեղեկացրեց բաժնի վարիչը: