Քաշ հավաքելը կաթվածի և քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոնն է 40-59 տարեկան մարդկանց շրջանում: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում:
«Ռոսիյսկայա գազետա»-ի հաղորդմամբ՝ միջին տարիքում նույնիսկ 5 կգ քաշ հավաքելը 26%-ով մեծացնում է սրտի կաթվածի ռիսկը: Նման եզրակացության են եկել չինացի գիտնականները, որոնք 20 տարի շարունակ հետազոտություններ են անցկացրել 84 000 մարդու մասնակցությամբ:
Հետազոտության բոլոր մասնակիցները մինչև միջին տարիքի հասնելը նիհար են եղել: Գիտնականները հետազոտության ողջ ընթացքում մարմնի զանգվածի ինդեքսի գնահատում են անցկացրել: Պարզվել է, որ միջին տարիքում քաշ հավաքելը մահացու վտանագավոր է և հանգեցնում է 2-րդ տեսակի դիաբետի զարգացման, հիպերտոնիայի, իշեմիկ կաթվածի, լյարդի ճարպային հիվանդությունների և լեղապարկի քարերի առաջացման: Ճարպակալման ֆոնին հորմոնալ խախտումներ են տեղի ունենում, քրոնիկ բորբոքում և ինսուլինի նկատմամբ ռեզիստենտություն է զարգանում:
Մասնագետների խոսքով՝ քաշի ավելացումը սխալ սնվելու, նստակյաց կյանքի, նյութափոխանակության տարիքային դանդաղեցման հետևանք է: