Ասորիները և Արևելքի եկեղեցին
Advertisement 1000 x 90

Ասորիները և Արևելքի եկեղեցին

Ժամանակակից ասորիները սերում են սեմական ծագում ունեցող արամեական հնագույն ցեղերից, որոնք մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջում Արաբական թերակղզու հյուսիսային շրջաններից ներթափանցեցին Միջագետք և արևելյան Սիրիա: Այս գործընթացում մեծ դեր ունեցավ Ասուրական/ Ասորեստանյան կայսերությունը, որը աջակցեց նրանց ներթափանցմանը, և այդ սեմիտական խմբերին փոխանցեց իր անունը և պատմական ժառանգությունը:

Չնայած նրան, որ արամեացիները կարողացան ձուլել բազմաթիվ ժողովուրդների և հելենիստական դարաշրջանում դառնալ մշակութային առումով առաջատար ազգ, նրանց հաջողությունները պետականաշինության ասպարեզում ավելի համեստ են, քան, օրինակ, այդ ժամանակ նրանցից պակաս քաղաքակրթված հայերի համեմատ, ովքեր կարողացավ, թեև շատ կարճատև, ստեղծել Մեծ Հայքի կայսերությունը: Արամեացիները, իհարկե, ստեղծեցին փոքր, սակայն մշակութային առումով քաղաքակրթության պատմության մեջ զգալի հետք թողած Դամասկոսի, Պալմիրայի, Օսրոյենեի՝ Եդեսիայի, Ադիաբենեի՝ Արբելայի թագավորությունները:

Բայց ինչո՞ւ այսօր արամեացիների հետնորդներին այլ անվանումներով կոչում։ Խնդիրն այն է, որ քրիստոնեության տարածման ժամանամանակ արամեացի էթնոնիմը դարձավ հեթանոսության հոմանիշ, իսկ սիրիացի էթնոնիմը՝ նոր կրոնի հետևորդների: Հենց այդ պատճառով ավելի նշանակալի է ասորիների եկեղեցիական պատմությունը: Օրինակ, առաջին դարում Ադիաբենեն ընդունեց հուդայական կրոնը, իսկ Օսրոյենեն առաջին քրիստոնեական պետությունն է:

Հայաստանում, քրիստոնեության տարածման գործում, մեծ դեր են խաղացել ասորիները։ Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը կատարվել է ասորերենից և նույնիսկ երկրորդի՝ վերջնական թարգմանության մեջ պահպանվել են ասորերենի ազդեցության հետքերը:

Քրիստոնեությունը նախապես համայնքային կրոն էր, ատելությամբ լցված Հռոմեական կայսերության հանդեպ, բայց հետագայում ձևավորվում է մի այլ քրիստոնեություն՝ կայսերասեր և պետականասեր: Դա նոր տեսակի քրիստոնեություն էր, մոդեռն, ի տարբերություն հին՝ արխայիկ, համայնքային ձևերին կառչած քրիստոնեության: Այդպիսի արխաիկ քրիստոնության օրինակ կարող են ծառայել պավլիկյանները: Պարթևական կամ սասանյան կայսրություններում «արամեացի ասորիները» ստիպված էին հետևել քրիստոնեության համայնքային մոդելին:

Ի տարբերություն հռոմեական կայսերության, Պարթևաստանի իշխանությունները քրիստոնեաների նկատմամբ ավելի հանդուրժող էին: Հալածանքները, որոշ բացառությամբ, սկսվում են սասանյանների իշխանության ժամանակ, որոնք դիտում էին քրիստոնեաներին որպես ոչ լոյալ տարր, հռոմեական հինգերորդ շարասյուն: Այդ հալածանքները հատկապես մեծ չափերի հասան Շապուհ II-ի իշխանության տարիներին, ով անընդմեջ պատերազմի մեջ էր իր արևմտյան ախոյանի դեմ:

Մի իրադարձություն պատճառ դարձավ սասանյան շահերին փոխելու իրենց վերաբերմունքը ասորական քրստոնեա համայնքների հանդեպ:

431 թ. Եփեսոսի Տիեզերական ժողովը նզովեց Նեստորին և նրա ուսմունքը, որպես դիոֆիզիտիզմի դրսևորում, որին հետևեցին Արևելյան Հռովմեական կայսերությունում նեստորականների հալածանքները, այդ թվում նաև՝ Հայաստանում: Նեստորական էր, ինչպես պնդում է Ն. Ադոնցը, հայ գրերի ստեղծող Մաշտոցը, որի անունը մի քանի դար մոռացության մատնվեց, և ուշ հեղինակներին հայտնի էր իր ասորական՝ մար Սերոբ, կամ Մեսրոպ անունով: Նկատենք, որ այժմ կաթոլիկ եկեղեցին ընդունում է Արևելյան եկեղեցու ուսմունքի ուղղափառությունը:

Արևելահռոմեական կայսերության պատկանող Ասորիքի քրիստոնյաները, որոնք Անտիոքի աթոռին էին ենթարկվում, V դարի սկզբներից ի վեր գտնվում էին նեստորականության ազդեցության տակ: Նրան գաղափարական կենտրոնը Եդեսիայի հանրահայտ «Պարսից դպրոցն» էր, որը 489 թ. Զենոն կայսեր հրամանով փակվեց, և նեստորականների մեծ մասը՝ ասորիներ, հույներ, հայեր Ասորիքից փախան Սասանյան Իրան: Սասանյանները նեստորականներին դիտելով որպես բյուզանդական իշխանությունների կողմից հալածվող տարր՝ որոշ արտոնություններ են տալիս նրանց: Եդեսիայից փախած նեստորականներին նույնիսկ հաջողվեց Մծբինում վերականգնել իրենց դպրոցը:

424 թ. Արևելքի եկեղեցին Տիզբոնի ժողովում հռչակեց իր անկախությունը արևմտյան եպիսկոպատից, որի շնորհիվ սասանյանների վերաբերմունքը կասկածամտությունից փոխվում է բարեհաճության, իսկ 499-ի Սելևկիայի ժողովում նեստորականությունը հռչակվեց որպես Իրանի քրիստոնյաների պաշտոնական դավանանք:

Ասորիների մեկ այլ խոշոր զանգված հարեց միաբնակությունը (միաֆիզիտիզմ): Քրիստոնեության այս ճյուղին առավելապես քաղաքական նկատառումներով հարել էին նաև մարրզպանական Հայաստանի քրիստոնեանների մի մասը և Եգիպտոսի ղպտիները: Թեև այս ուսմունքի հետևորդները հալածանքների էին ենթարկվում քաղկեդոնականության հիմքերի վրա կանգնած բյուզանդական իշխանությունների և հոգևորականության կողմից, այդուհանդերձ VI դ. կեսերից՝ Հակոբ Բարադեոս եպիսկոպոսի ջանքերով ասորի միաբնակները միավորվեցին ինքնուրույն եկեղեցու մեջ, որը կոչվեց «Անտիոքի ասորի ուղղափառ եկեղեցի»: Հակոբ Բարադեոսի անունով այս եկեղեցու հետևորդները հայտնի են որպես «հակոբիկներ» և նեստորականների հետ միասին կազմում են ասորիների երկու խոշորագույն հարանվանական խմբերը: Հակոբիկները հիմնականում բնակվում էին Բյուզանդական կայսրության տիրույթներում, սակայն նրանց համայնքները գոյություն ունեին նաև Սասանյան Իրանի կազմում գտնվող Հյուսիսային Միջագետքի հատվածներում: Սասանյաններ տարածքում հակոբիկները ենթարկվում էին Արևելքի ասորական (նեստորական) եկեղեցուն։

Արևելքի ասորական եկեղեցին (նեստորականները) շարունակեցին Թովմա առաքյալի գործունեությունը՝ արևելքում քրիստոնեության տարածման առաքելությունը: Այն շարունակվեց դեպի Հնդկաստան և Ցեյլոն, Ինդոնեզիա, Արաբական թերակղզի, Կենտրոնական Ասիա, Սիբիր, Չինաստան, Տիբեթ, Հեռավոր Արևելք, մինչև Ճապոնական կղզիները:

Այս եզակի միսիոներական գործունեությունը չի դադարում նույնիսկ այն ժամանակ, երբ 7-րդ դարում Միջագետքն ու Իրանը նվաճեցին արաբները: Պատրիարք Մար Տիմոթեոսը խալիֆայի խնդրանքով տեղափոխվեց մայրաքաղաք Բաղդադ, որը ասորական քրիստոնյաների ավանդական բարձր կրթությունը շնորհիվ նրանց աջակցեց պահպանել զգալի ազդեցություն խալիֆայությունում: Ասորական քրիստոնյաները մեծ աշխատանք են կատարել խալիֆաթում աշխարհիկ կրթության և մշակույթի տարածման համար: Հունարենից ասորերեն և արաբերեն թարգմանությունների շնորհիվ անտիկ գիտությունն ու փիլիսոփայությունը հասանելի դարձան արաբներին, այնուհետև Իսպանիայի Կորդոբայի և Սալամանկայի արաբական համալսարանների միջոցով ներթափանցեցին միջնադարյան Արևմուտք: Դա նեստորական եկեղեցու հզորության դարաշրջանն էր: Վկայություններ կան, որ իր ծաղկման շրջանում նեստորականները ունեին 30 մետրոպոլիտություն և 200 թեմ:

Արևելքի ասորական եկեղեցու (նեստորական) պատմության մեջ ամենազարմացնող փաստը հենց նրանց եզակի միսիոներական գործունեությունն է: Միջնադարում նեստորական եկեղեցին ամենամեծ աշխարհագրական ընդգրկումը ուներ: Արևելքի ասորական եկեղեցու միսիոներները տարածում էին իրենց քրիստոնեական հավատքը իրանական, թյուրքական և մոնղոլական ժողովուրդների շրջանում, Մեծ Տափաստանում, Հյուսիսային Կովկասում՝ օսերի և խազարնների շրջանում, Խորեզմում, սոգդացիների, թյուրքուտների, ղպչաղների, կարակիտների, կերեիտների, մերկիտների, նեյմանների, ույղուրների, կարլուկների և ղրղզների միջավայրում:

Նեստորակաները մոնղոլական վերնախավի վրա մեծ ազդեցություն ունեին, իսկ Չինգիզ-խանից հետո մոնղոլների հսկողության տակ էր Եվրասիայի մեծ մասը: Նրանք կազմակերպեցին մոնղոլների «դեղին խաչակրաց» արշավանքը սելջուկների դեմ, որը երկու դար երակարաձգեց Կիլիկիայի և խաչակիրների ներկայությանը այդ տարածաշրջանում: Նեստորականները մոնղոլների համար դարձան մշակույթ կրողշերտ: Հենց նրանք մոնղոլներին տվեցին այբուբեն (հայտնի որպես «Ույղուրական գիր»), որը հիմնված էր ասորական գրաֆիկայի վրա: Մոնղոլները և կալմիկներըն այն մինչև հիմա օգտագործում են:

Նեստորականների ունեցած առևտրա-կրոնական ցանց ստեղծեց նաև Նոր Ջուղայի առևտրականությունը՝ Էջմիածինի կոթողիկոսության հավանավորությամբ (XVI-XVIII դարերում), և այս երկու «ցանցային կայսերությունները», իհարկե, զուգահեռներ ունեն:

Արևելքում նեստորական ազդեցությունը սկսում է անհետանալ Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ, երբ Միջին Ասիայում և այլուր ոչնչացվեց նեստորական քրիստոնեությունը: Նեստորականները փրկվեցին Քրդստանում, հատկապես քրդերի ու եզդիների պաշտպանության շնորհիվ: Կա հայկական էպոս՝ «Կաշտայի քաջերը», որ պատմում է ընդդեմ Լենկ Թեմուրի Վասպուրականի հայերի և քրդերի դիմադրության մասին, և որտեղ քրդերը ներկայացված են որպես քրիստոնեաների բարեկամ: Այդ էպոսի մասին գիրք է գրել ամերիկյան հայագետ Ջեյմս Ռասսելը: Այն Հայաստանում քիչ է հայտնի:

Իսկ ուշ միջնադարում ի՞նչ կատարվեց նեստորական համայնքների հետ: Երբ Ուզբեկ խանը ընդունեց իսլամ, հազարավոր թաթար-մոնղոլական նեստորականեր անցան Մոսկովիա, դառնալով նրա ազնվականության կորիզը: Նրանց վտարեցին նաև Չինաստանից և հնդիկ նեստորական քրիստոնյաները միացան կաթոլիկներին:

Նեստորական պոլովցիները մոնղոլական արշավանքներից հետո ձուլվեցին ռուսներին: Ավելի վաղ, երկրորդ բուլղարական թագավորությունը հիմնող պոլովցիները ձուլվել էին ուղղափառ բուլղարներին, իսկ Վրաստան հրավիրված պոլովցիները՝ վրացի ուղղափառներին: Մոնղոլական արշավանքից հետո Հունգարիայի նեստորական պոլովցիները ընդունեցին կաթոլիկության: Ղպչաղները ընդունեցին հայկական դավանանք, որը հիմք դառձավ Ղրիմի և Լեհաստանի հայկական գաղութների ձևավորման համար: Ռուսների և կրիայշենների (նեստորական թաթարների ժառանգները, որոնք ընդունեցին ուղղափառություն) կողմից Սիբիրի բռնակցումից հետո, ձուլվեցին Սիբիրի նեստորականները՝ նագայբակները և թաթար կազակները: Այսպիսով, Եվրասիայի հսկայական տարածքների վրա արևելքի ամենահին քրիստոնեական դավանանքը կորցրեց իր ազդեցությունը:

Նեստորականները արդեն ուշ միջնադարում կորցրեցին իրենց կրոնական- միսոներական-առևտրական նախկին հզորությունը և ամփոփվեցին Վանի նահանգի Հաքիարի սանջակում, Մոսուլի նահանգում և իրանական Ուրմիայի նեղ տարածքում: Լենկ Թեմուրից ժամանակներից սկսած նրանք բազմաթիվ անգամ ենթարկվեցին հալածանքների և կոտորածների, որոնցից ամենանշանակալին 1915-1919 թթ. ցողասպանությունն էր, երբ ոչնչացվեց Օսմանյան կայսրության նեստորականների մեծագույն հատվածը, իսկ ասորի նեստորականները համարյա լիովին վռնդվեցին իրենց հայրենիքից և ցրվեցին աշխարհով մեկ:
Այն տպավորությունն է ստեղծվում, որ գլոբալացված աշխարհը մոռանում է մարդկային քաղաքակրթության պատմությունը, այդ թվում՝ այդ քաղաքակրթության մեջ նեստորականների ունեցած ներդրումը: Իհարկե, ժողովրդավարությունն գլոբալ աշխարհի ամենաբարձր արժեքն է, բայց, ինչպես ասում է հայտնի ամերիկյան ասույթը, նավթի գներն ավելի բարձր են:

religions.am