Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) շուտով կդառնա աշխարհում մահվան պատճառներից մեկը: Դա շատ վտանգավոր եւ դեռեւս չբուժվող հիվանդություն է:
Ի՞նչ ախտանիշներով կարելի է կասկածել ԹՔՕՀ
Քրոնիկ հազ
Քրոնիկ հազը, որը չի անցնում երկար ժամանակ, ԹՔՕՀ-ի առաջին ախտանիշներից է: Բժիշկները քրոնիկ են համարում հազը, որը 2 ամսից ավելի է տեւում:
Լորձի ավելցուկ
Մեկ այլ ախտանիշ է լորձի ավելցուկը: Լորձն անհրաժեշտ է շնչուղիները խոնավ պահելու համար:
Հեւոց եւ հոգնածություն
ԹՔՕՀ-ն վաղ թե ուշ հանգեցնում է շնչառական խնդիրների, հեւոցի, ինչն էլ իր հերթին հանգեցնում է էներգիայի մակարդակի նվազեցմանն ու մշտական հոգնածության:
Ինչո՞ւ է ԹՔՕՀ-ն այդքան վտանգավոր
Ինչպես գրում է Focus պարբերականը, այսօր այդ հիվանդությունը խոցում է 40 տարեկանից բարձր անձանց 12 տոկոսին: Այն հատկապես վտանգավոր է, երբ հիվանդների կեսը նույնիսկ չգիտի, որ իր մոտ կա այդ հիվանդությունը եւ դիմում է բժշկի շատ ուշ: Ամբողջ աշխարհում այդ հիվանդությունը զբաղեցնում է մահվան պատճառների շրջանում չորրորդ տեղը: Արդեն 2020 թվականին այն կարող է դառնալ երրորդը:
Գոյություն ունեն տարբեր պատճառներ, թե ինչու է հիվանդությունը տարածվում: Որոշները կարծում են, որ մեղավոր են օդի մեջ ազոտի օքսիդն ու փոշին: Մեծ դեր է խաղում նաեւ ծխելը, եւ 30-40 տարեկան ծխողների մոտ դրա զարգացման ռիսկը շատ մեծ է: