Ալկոհոլը չարաշահող տղամարդիկ 6-7 անգամ ավելի հաճախ են ներքաշված ընտանեկան բռնության մեջ
Advertisement 1000 x 90

Ալկոհոլը չարաշահող տղամարդիկ 6-7 անգամ ավելի հաճախ են ներքաշված ընտանեկան բռնության մեջ

Տղամարդիկ, որոնք չարաշահում են ոգելիցը կամ թմրանյութեր են գործածում, 6-7 անգամ ավելի հաճախ են ներգրավված ընտանեկան բռնության մեջ, առավել հաճախ՝ կանանց նկատմամբ: Այս մասին նշված է խոշոր հետազոտության մեջ, որն անցկացվել է Շվեդիայում և հրապարակվել PLoS Medicine ամսագրում:

Մասնագետները հետազոտության շրջանակում վերլուծել են 16 տարում հավաքված հարյուր հազարավոր հիվանդությունների պատմություններ և ոստիկանական արձանագրություններ: Նրանք ցանկանում էին պարզել, թե տղամարդկանց որքան հաճախ են կալանավորել կանանց և նախկին զուգընկերուհիների նկատմամբ սպառնալիքների, հարձակումների և սեռական բռնության պատճառով: Պարզվել է, որ տղամարդկանց 1,7 տոկոսը, որոնք ալկոհոլը չարաշահել են, այդպիսի մեղադրանքներով են կալանավորվել. սա գրեթե միջինը 6 անգամ ավելի է նրանց տարեկիցների համեմատությամբ: Թմրակախվածությամբ տղամարդկանց դեպքում այս ցուցանիշը կազմել է 2,1 տոկոս՝ 7 անգամ ավելի հաճախ:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ընտանեկան բռնությանն առավել հակված են վարքագծի խախտումներով և հոգեկան խանգարումներով, այդ թվում դեպրեսիայով, ուշադրության դեֆիցիտով ու հիպերակտիվությամբ, անձի խանգարումներով մարդիկ: Բայց այդ կապն այնքան արտահայտված չէ, որքան ալկոհոլի և թմրանյութերի դեպքում:

Անգլիայում և Ուելսում զոհերի գործերով լիազոր Վերա Բեյրդը BBC News-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ այս հետազոտության տվյալներին հարկ է մոտենալ որոշ զգուշավորությամբ, որովհետև տղամարդկանցից շատերը շարունակում են բռնությանը հակված մնալ նաև սթափ վիճակում: Ավելին՝ քիչ չեն բռնարարները, որոնք ալկոհոլի և թմրանյութերի հետ խնդիրներ չունեն: Ուստի մասնագետը կարծում է, որ չարժե ընտանեկան բռնության դեմ պայքարի ծրագրի ռեսուրսները վերաուղղորդել  ալկոհոլամոլության և թմրամոլության դեմ պայքարին:

med.news.am