Ադրբեջանական և այլ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգեր. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական և այլ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգեր. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից զգուշացնում են`հետ չզանգել օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարներին, որովհետև հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն։

«Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:

Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ հունվարի 31-ին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր այս խնդրին և հորդորել բաժանորդներին հետ չզանգել։