ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը 2020 թվականին պատրաստվում է խաղալ միանգամից 3 ներկայացման մեջ, որոնցից մեկը կլինի մանկական, իսկ մյուսում հանդես կգա դստեր՝ Լիլիթի հետ:
Այս մասին Թոխատյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«2019 թվականի սեպտեմբեր ամսից, նկարահանումներիս պատճառով, չենք խաղացել մեր ներկայացումները, հիմա՝ փետրվարի 18-19-ից, վերսկսում ենք «Mea Culpa-2»-ը («Իմ մեղքը»-2): Այս պահին պատրաստում ենք միանգամից երեք ներկայացում, առաջինը կլինի մանկական, իսկ երկրորդի սցենարն այժմ գրում ենք Մհեր Մկրտչյանի հետ և այնտեղ բեմ կբարձրանամ դստերս՝ Լիլիթի հետ: Երրորդ ներկայացումը կլինի մեր՝ արդեն սիրված ներկայացումներին համահունչ, ինչպիսիք են «Mea Culpa»-ն, «Ժանգոտ բանալի»-ն, «Խաթաբալադա»-ն»,- ասաց դերասանը:
Նրա խոսքով՝ մանկական ներկայացման համար բեմը դեռևս լավ վիճակում չէ, սակայն, չնայած դրան կարող են իրենց թույլ տալ այնտեղ ներկայացում պատրաստել: