Ականջներում աղմուկը կարող է լինել վիտամին B12-ի պակասի նշան: Այդ վիտամինի պակասը հանգեցնում է նյարդերի միջեւ կապի վատթարացմանը, ինչը կարող է հանգեցնել հոգեկան առողջության կայուն վատացման եւ անգամ պարալիչի զարգացման:
Մասնագետների խոսքով՝ բավարար քանակությամբ վիտամին B12-ի ստացումը չափազանց կարեւոր է նորմալ արյունարտադրողականության եւ նյարդաբանական գործընթացների համար: Այդ վիտամինի պակասը նպաստում է պերիֆերիկ, մեջքի եւ գլխուղեղի նյարդերի հետընթացին, ինչպես նաեւ խթանում է անեմիայի եւ մի շարք նյարդաբանական ախտանիշերի զարգացմանը:
Վիտամին В12-ն անհրաժեշտ է նյարդերի եւ արյան բջիջների առողջությունը պահպանելու համար, ինչպես նաեւ բոլոր բջիջներում գենետիկ նյութի՝ ԴՆԹ-ի նորմալ արտադրության համար:
Վիտամին В12-ի պակասի ախտանիշերից մեկն աղմուկն է ականջներում՝ վիճակ, որը բնութագրվում է լսողական արտաքին աղբյուրի հետ կապ չունեցող աղմուկով:
Մարդու կողմից այդ աղմուկը կարող է ընկալվել որպես.
- զրնգոց,
- բզզոց,
- սուլոց,
- ղժժոց,
- ֆշշոց,
- բաբախյուն,
- երաժշտություն կամ երգ:
Այդ ձայները կարելի է լսել մեկ կամ երկու ականջներում, ինչպես նաեւ գլխում: Աղմուկը կարող է դադարներ ունենալ կամ լսվել անդադար:
Ինչո՞ւ է վիտամին B12-ի պակասի պատճառով առաջանում աղմուկ ականջներում: Բանն այն է, որ այդ վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմին միելին՝ նյարդերը շրջապատող պաշտպանիչ կամ մեկուսացնող շերտ արտադրելու համար: Դրա պակասի դեպքում շերտը բարակում է՝ հանգեցնելով նյարդերի միջեւ կապի վատթարացման, եւ դա կարող է նպաստել ականջներում աղմուկի առաջացմանը:
Այդ վիտամինի պակասը կարելի է լրացնել այնպիսի մթերքներով, ինչպիսիք են միսը, սաղմոնն ու ձողաձուկը, ինչպես նաեւ կաթնային եւ կաթնաթթվային մթերքն ու ձուն: Իսկ նրանց համար, ովքեր չեն օգտագործում այդ մթերքը, օրինակ՝ վեգանները եւ բուսակերները, ստիպված կլինեն ընդունել այդ վիտամինը պարունակող սննդային հավելումներ: