Խուստուփ լեռնագագաթը գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում: Բարձրությունը 3201 մետր է։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։ Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչվող աղբյուրի մոտ է թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը: Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:
Օգոստոսի 31-ին մեկնեցինք Կապան: Այս ուղևորության առաջին բարդությունը 363կմ ճանապարհ անցնելն էր (ընդհանուր` 726կմ): 6 ժամ մեքենայով գնալուց հետո, վերջապես հասանք Կապան քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող Բաղաբուրջ գյուղ, որտեղից պետք է ճանապարհը շարունակեինք բեռնատար մեքենայով: Իրերը մի մեքենայից տեղափոխեցինք մյուսը, ինքներս էլ «հարմար» տեղավորվեցինք և գնացինք: Ճանապարհին կանգ առանք զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանի մոտ, հարգեցինք նրա հիշատակը և շարունակեցինք ճանապարհը: Այս անգամ բեռնատարով գնալն իսկական արկածի վերածվեց: Ճանապարհը անցնում էր անտառի միջով, և աջ ու ձախ կողմերից ծառի ճյուղեր էին, մոշի բարձր թփեր, անընդհատ կռանում և վեր էինք կենում, որպեսզի ծառերից պաշտպանվենք: Այո, դուք ճիշտ եք, կարող էինք նստած անցնել ճանապարհը, բայց երեխաներին շատ էր զվարճացնում ճյուղերի հետ մենամարտը: Հասանք ճամբարի կազմակերպման վայրին, բեռնաթափվեցինք և շատ արագ սկսեցինք վրանները տեղադրել: Այդ ամբողջ ընթացքում վեհ, խրոխտ և դժվարամատչելի Խուստուփը հետևում էր մեզ, ասես ներքուստ զվարճանալով, որ հաջորդ օրը երեխաներն իրեն հյուր են գնալու: Երեխաների հարցերից և երբեմն մտահոգ հայացքներից պարզ էր, որ լեռն իր հեռավորությամբ, անառիկ թվացող ժայռերով մտավախություններ էր առաջացնում: Բայց ինչպես միշտ ենք ասում լեռներ բարձրանալիս, ամեն արված քայլը մեզ մոտեցնում է գագաթին և մենք այս անգամ էլ այնքան քայլ կանենք, մինչև հասնենք Խուստուփ լեռնագագաթ:
Վրանները և իրերը տեղավորելուց հետո հավաքվեցինք խարույկի շուրջ և սկսեցինք ընթրել: Աշխույժ խոսակցություններ, զվարթ դեմքեր, արկածներ որոնող աչքեր, անկեղծ ծիծաղ, սա է մեր արշավային միջավայրը:
Երեկոյին ընդառաջ Խուտուփն իր վրա քաշեց ամպերը, ստիպելով ավելի հաճախ իր կողմը նայել և չտեսնել գագաթը: Ժամը 22:00 քնի ժամ էր հայտարարված և երբ ժամը եկավ, բոլորս առանց ընդդիմանալու գնացինք քնելու, քանի որ առավոտյան ժամը 5-ին պետք է արթնանայինք և ժամը 6-ին սկսեինք վերելքը:
Առավոտյան 5-ին զարթուցիչն իր գործն արեց: Վեր կացանք առանց տրտնջալու, ոչ ոք չասաց, որ չի ուզում վեր կենալ, ոչ ոք չասաց էլի է ուզում քնել: Խուստուփը պարզ էր և հյուրընկալ: Ժամը 6-ին սկսեցինք քայլել: Ճիշտ է, արդեն լույս էր, բայց արևը դեռ չէր երևում և ճանապարհին մենք ականատես եղանք բոցավառ արևածագի: Օրվա սկիզբն արդեն գեղեցիկ էր, հետևաբար ամեն բան պետք է լավ ընթանար: Քայլում էինք հանգիստ, առանց շտապելու և ուժերը խնայելով: Երբեմն ամպի մի զանգված գալիս և իր գիրկն էր առնում լեռանը, բայց ինչպես գալիս էր, այնպես էլ մեղմորեն սահում հեռանում էր: Ինչքան մոտենում էինք լեռանը, այնքան երեխաներին ավելի էր հետաքրքրում, թե ինչպես է հնարավոր բարձրանալ գագաթ, քանի որ ամբողջը ժայռեր էին: Հասանք ժայռերի հատվածին և անտեսանելի, բայց անվտանգ ճանապարհով բարձրացանք գագաթ: 6 ժամ 23 րոպե հետո, սեպտեմբերի 1-ին (ինչ խոսք, երեխաները դպրոց չէին գնացել Խուստուփ բարձրանալու համար) իրենց կամքի, ուժի, դիմացկունության շնորհիվ 9-15 տարեկան երեխաներն արդեն Խուստուփի գագաթին էին: Գագաթից բացվող, շունչ կտրող գեղեցկությունն ու բարձրությունն աննկարագրելի էր: Այդ հզոր գագաթի ուժը քեզ էլ է փոխանցվում և սկսում ես հասկանալ, որ բնության տված ուժին ոչինչ չի համեմատվի, դու կարող ես հասնել շատ բարձունքների, եթե միայն չհանձնվես և առաջ շարժվես:
Մեկ ժամ մնացինք գագաթին, եղանակը շատ լավն էր և շատ պարզ երևում էին նույնիսկ հայաստանյան հորիզոնից դուրս դուրս տարածքներ: Վերադարձն ուրախ էր, բարձր տրամադրության մեջ:
Երեկոյան ժամը 18:00 շրջաններում հաղթանակած տրամադրությամբ արդեն մեր ճամբարում էինք` հաղթած ինքներս մեզ: Այդ օրը ևս գիշերեցինք Խուստուփի լանջերին և հաջորդ օրը միայն հավաքեցինք իրերն ու վերադարձանք Երևան` ճանապարհին վանկարկելով «Խուս-տու՛փ, Խուս-տու՛փ, Խուս-տու՛փ ….»:
Ամբողջությամբ՝ 4peaks.am