Հայտնի են կյանքի որակի մակարդակով աշխարհի լավագույն քաղաքները
Advertisement 1000 x 90

Հայտնի են կյանքի որակի մակարդակով աշխարհի լավագույն քաղաքները

Վիեննան պահպանել է կյանքի որակի մակարդակով աշխարհի լավագույն քաղաքի տիտղոսը և կրկին գլխավորել է բրիտանական Economist Intelligence Unit (EIU) հանդեսի վերլուծական ստորաբաժանման վարկանիշային աղյուսակը։

EIU-ն ներկայացրել է Global Liveability Index 2023 զեկույցը:

Փորձագետները գնահատել և համեմատել են աշխարհի քաղաքներում կյանքի որակի մակարդակը մի քանի ցուցանիշներով՝ զարգացման կայունություն, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն, կրթություն և ենթակառուցվածքներ։

Վարկանիշային աղյուսակում Ավստրիայի մայրաքաղաքն առաջ է անցել Կոպենհագենից (2-րդ տեղ), Մելբուռնից և Սիդնեյից։ Ավստրալիայի խոշորագույն քաղաքները, որոնք զբաղեցրել են 3-րդ և 4-րդ տեղերը, վերադարձրել են անցյալ տարի կորցրած դիրքերը. անցյալ տարի Մելբուռնն ու Սիդնեյը զբաղեցրել էին համապատասխանաբար 10-րդ և 13-րդ հորիզոնականները։

Առաջին հնգյակն այս տարի եզրափակում է Վանկուվերը։ Օքլենդը, որն անցյալ տարի EIU-ի վարկանիշում զբաղեցրել էր 34-րդ տեղը, բարձրացել է 10-րդ հորիզոնական՝ այն կիսելով Օսակայի հետ և առջևում թողնելով Ցյուրիխը և Ժնևը (6-րդ և 7-րդ տեղեր), ինչպես նաև Կալգարին և Տորոնտոն (7-րդ և 9-րդ տեղեր):

Մոսկվան պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ վարկանիշում մնալով 96-րդ տեղում։ Կիևը հայտնվել է 165-րդ հորիզոնականում:

EIU-ի ցանկը եզրափակում են Ալժիրը, Տրիպոլին և Դամասկոսը. վերջինս զբաղեցնում է վերջին՝ 173-րդ հորիզոնականը։

Նախկինում Վիեննան մի քանի տարվա ընթացքում անընդմեջ արժանացել է ապրելու համար ամենահարմարավետ քաղաքի կոչմանը, սակայն 2021 թվականին այս դիրքը զիջել էր Օքլենդին, իսկ 2022 թվականին վերադարձել առաջին հորիզոնական: