ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թուրքիան վարում էր պրոգերմանական արտաքին քաղաքականություն։ 1940թ. Անկարան առեւտրական պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, իսկ 1941թ. հունիսի 18-ին ստորագրվեց թուրք-գերմանական «չհարձակման ու բարեկամության» պակտը: Թուրքիայի վարչապետ Սարաջօղլուն չէր թաքցնում, որ «որպես թուրք սաստիկ ցանկանում է, որ Ռուսաստանը ոչնչացվի»։
1942թ. աշնանը Թուրքիան մեծաթիվ զորքեր էր կենտրոնացրել խորհրդա-թուրքական սահմանին, ինչը ստիպեց Ստալինին այստեղ տեղակայել 45-րդ բանակը եւ այլ զորամիավորումներ:
Ստալինգրադի ճակատում գերմանական բանակների ջախջախումից հետո` թուրքերն ստիպված էին վերանայել իրենց պլանները, իսկ 1945թ. փետրվարի 23-ին, երբ հակաֆաշիստական ուժերի հաղթանակը որեւէ կասկած չէր հարուցում, Անկարան պատերազմ հայտարարեց Գերմանիային, թեեւ դրանից հետո էլ ռազմական մասնակցություն չունեցավ Երկրորդ աշխարհամարտում:
Թուրքիայի թշնամական քաղաքականությունը ԽՍՀՄ-ի նկատմամբ անհետեւանք չմնաց: Արդեն 1945-ի գարնանը Ստալինը մտադրվել էր չեղարկել 1921-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը և ռազմակալել Թուրքիայի արեւելյան սահմանամերձ տարածքները (Կարս, Արդահան, Սուրմալու)։
Պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ 1945թ. մարտի 19-ին Ստալինը հայտարարեց, որ ցանկանում է դենոնսացիայի ենթարկել 1925թ. խորհրդա-թուրքական «Բարեկամության ու չեզոքության պայմանագիրը», քանի որ այն «չի համապատասխանում նոր իրադրությանը եւ լրջորեն բարելավվելու կարիք ունի»։
Սփյուռքում առավել վստահ սկսեցին խոսել հայկական հողերի վերադարձման, նոր ներգաղթի մոտալուտ կազմակերպման մասին: Այդ տրամադրությունների տարածմանն ու ամրապնդմանը մեծապես նպաստեց կաթողիկոսի տեղապահ Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի հանդիպումը Ստալինի հետ (1945թ. ապրիլի 9):
Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի պարտությունից հետո, մեծ տերությունների ղեկավարների միջև կայացած հանդիպումների ընթացքում, քննարկվում էր նաեւ Թուրքիային Խորհրդային Միության ներկայացրած ինչպես սևծովյան նեղուցների, այնպես էլ հայկական հողերի հարցը:
1945թ. հունիսին Մոսկվայում՝ խորհրդա-թուրքական բանակցությունների ժամանակ, Ստալինն առաջ քաշեց սեւծովյան նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի (1936թ) վերանայման, ինչպես նաեւ Կարսի ու Արդահանի մարզերի վերադարձման հարցը:
Լավ հասկանալով, որ ամեն պահի հնարավոր է խորհրդային զորքերի հարձակումը՝ թուրքերը 1945-ի հուլիսին նույնիսկ իրենց սահմանային դիտակետերն ապամոնտաժեցին եւ զորքերը տեղափոխեցին երկրի խորքը: Միաժամանակ, նրանք օգնության խնդրանքով դիմեցին Արեւմուտքին։
Ստալինի պահանջները քննարկվեցին դաշնակից երկրների ղեկավարների վերջին՝ Պոտսդամի կոնֆերանսում, որը տեղի ունեցավ 1945թ. հուլիս-օգոստոս ամիսներին:
1945 թ. հուլիսի 16-ին, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, Ա. Իդենը Վ. Մոլոտովին տեղեկացրեց, որ Լոնդոնում իր մոտ են եկել թուրքերը և ինքը հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիային ԽՍՀՄ-ի ներկայացրած հայկական հողերի պահանջների վերաբերյալ:
Վ. Մոլոտովը պատասխանում է. «1921 թ. թուրքերն օգտվեցին այն բանից, որ Խորհրդային Միությունը թույլ էր և խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը: Խորհրդային Միության հայերը վիրավորված են զգում իրենց: Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ խորհրդային կառավարությունը հարց է բարձրացրել, որպեսզի օրինական ճանապարհով վերադարձվեն Խորհրդային Միությանը պատկանող հողերը»: Միաժամանակ, Մոլոտովը հիմնավորում է հայկական հողերը վերադարձնելու անհրաժեշտությունը՝ պնդելով, որ «այդ տարածքները թուրքերին չեն պատկանում»:
Հարցի քննարկումը Պոտսդամում նույն ոգով շարունակվում է Ստալին – Չերչիլ – Թրուման հանդիպման ժամանակ: Հուլիսի 23-ի նիստում Ստալինը հայտարարում է. «Խոսքն այն մասին է, որ վերականգնվեն մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղած սահմանները: Ես նկատի ունեմ Կարսի մարզը, որը մինչև պատերազմը գտնվում էր Հայաստանի կազմում և Արդահանի շրջանը, որը նախքան պատերազմը գտնվում էր Վրաստանի կազմում»: Ստալինի կողմից Արդահանը վրացական տարածք հայտարարելը անակնկալ էր հայության համար:
ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան տեսնելով, թե ինչպես է Ստալինը Արեւելյան Եւրոպայի երկրները հետեւողականորեն դարձնում Խորհրդային Միության քաղաքական ու տնտեսական կցորդը, ամեն ինչ արեցին հակազդելու նրա այս նոր ձգտումներին:
Այդ ժամանակ ռուսական զորքեր կային նաեւ Իրանի տարածքում եւ իրական հնարավորություն էր ստեղծվել հարավում խորհրդային սահմանների ընդլայնման ու ազդեցության տարածման համար։ Իրավիճակից լավագույնս օգտվեց Թուրքիան, որը ստանձնելով ռուսական ծավալապաշտության դեմ հարավային պատնեշի դերը՝ փրկվեց անխուսափելի թվացող տարածքային կորուստներից։
1945-ի դեկտեմբերին, բնականաբար Կրեմլի թելադրանքով, Թուրքիային հողային պահանջներ ներկայացրեց Վրաստանը: Վրացի երկու ակադեմիականներ՝ Ս. Ջանաշիան եւ Ն. Բերձենիշվիլին Թիֆլիսի «Կոմունիստի» մեջ (1945թ. դեկտեմբերի 14) «Թուրքիայի նկատմամբ մեր օրինական պահանջների մասին» վերնագրով հոդված հրապարակեցին: Դեկտեմբերի 20-ին այն ամբողջությամբ լույս տեսավ կոմկուսի «Պրավդա» պաշտոնաթերթում:
«Հիմնավորելով» իրենց հողային պահանջները Թուրքիայից, վրաց գիտնականներն այսպես են եզրափակել հոդվածը. «Վրացի ժողովուրդը հետ պետք է ստանա իր հողերը, որոնցից երբեք չի հրաժարվել եւ չի կարող հրաժարվել: Մենք նկատի ունենք Արդահանի, Արդվինի, Օլթիի եւ Արեւելյան Լազիստանի շրջանները, այսինքն Վրաստանից խլված հողերի միայն մի մասը»:
1947 թ. հոկտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Քաղաքական կոմիտեի նիստի ժամանակ, ԽՍՀՄ պատվիրակ Վիշինսկին, թուրք պատվիրակ Սելիմ Սալբերի այն հարցին, թե արդյո՞ք ԽՍՀՄ-ը շարունակում է հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային, հայտարարեց. «Կարսը եւ Արդահանը վրացական հողեր են եւ արդար է, որ վերադարձվեն Վրաստանին»: Վիշինսկու այս ցնդաբանությունը 1947 թ. հոկտեմբերի 28-ին հրապարակեցին «Իզվեստիա» ու «Պրավդա» թերթերը:
Սփյուռքի բացահայտ ճնշման եւ դժգոհության պայմաններում նույն թվի նոյեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ԽՍՀՄ հյուպատոսարանում, Վիշինսկին հայտարարեց. «Ես չեմ ասել, որ Կարսն ու Արդահանը պատկանում են Վրաստանին: Չեմ ասել նաեւ, թե պատկանում են Հայաստանին: Ես ասել եմ, որ Խորհրդային Միությունը Կարսն ու Արդահանը պիտի տա նրան՝ ում պատկանում են»:
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) ստեղծումից (1949) եւ այդ կառույցին Թուրքիայի անդամակցումից (1952) անմիջապես հետո խորհրդային իշխանությունները փորձեցին թուրքերին սիրաշահելու միջոցով նրանց դուրս բերել Արեւմուտքի ազդեցությունից եւ կրկին անցան Անկարային սիրաշահելու քաղաքականությանը։ 1953 թ. մայիսի 30-ին ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը պաշտոնական հուշագրով Թուրքիային տեղեկացրեց, թե «Հայաստանն ու Վրաստանը հրաժարվում են իրենց տարածքային պահանջներից, հետեւաբար Կրեմլն այլեւս Թուրքիայից հողային պահանջ չունի»։