Դեռ մի քանի ամիս առաջ իտալացիները չէին կարող անգամ պատկերացնել, որ իրենց կյանքը կարող է այդքան շատ փոխվել: Երկրում կորոնավիրուսի հայտնվելուն պես բանուկ փողոցները դատարկվել են. առանց հատուկ փաստաթղթի տնից դուրս գալն արգելվում է, այլապես կհայտնվեք բանտում: Հիվանդանոցներում ազատ տեղեր չկան, բժիշկները ստիպված են որոշել, թե որ հիվանդներին արժե օգնել, իսկ ում` ոչ:
Շարքային իտալացիները նստած են տանը, շատերը կորցրել են աշխատանքը, և ոչ ոք չգիտի, թե երբ է ավարտվելու այս մղձավանջը:
Էմիլի Դ.Ս.-ն բնակվում է Տոսկանայի շրջանի մի փոքրիկ քաղաքում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, թե ինչ է այժմ կատարվում Իտալիայում:
«Կոլլապս` հիվանդանոցներում»
Իտալիայում կորոնավիրուսով հիվանդները շատ են. վերջին տվյալներով` 24.747 մարդ, որից ավելի քան 20.000-ը ներկայումս բուժում է ստանում: Երկրի հիվանդանոցները նախատեսված չեն հիվանդների այդպիսի հոսքի համար, ուստի դրանցում շատ բան ստիպված էին փոխել: Ըստ Էմիլիի` շատ հիվանդանոցների շտապօգնության, ինչպես նաև շատ այլ բաժանմունքներ վերածվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքների:
«Մեր հիվանդանոցներում իսկական կոլլապս է. շտապօգնության բոլոր բաժանմունքները փակվել են և այժմ օգտագործվում են որպես ինտենսիվ թերապիայի համպատրաստից սարքած բաժանմունքներ, քանի որ բուժման կարիք ունեցող մարդիկ շատ շատ են: Ամեն ինչ այնքան վատ է, որ բժիշկները ստիպված են ընտրել, թե ով պետք է բուժվի, իսկ ով` ոչ»,- պատմեց Էմիլին:
Վիրահատարանները նույնպես փակ են, բոլոր նախատեսված վիրահատությունները հետաձգվել են:
«Մեզ մոտ այժմ ոչ մի պլանային վիրահատություն չի արվում, քանի որ վիրահատությունից հետո պացիենտին տեղափոխելու սենյակ չկա. Ինտենսիվ թերապիայի բոլոր բաժանմունքներն արդեն լիքն են»:
Էմիլիի խոսքով` նրա քաղաքում 10 հիվանդանոց կա, բայց դրանցից ոչ բոլորն ունեն արհեստական շնչառության ապարատներ և անհրաժեշտ այլ սարքավորումներ` թոքաբորբով և կորոնավիրուսային վարակի այլ բարդություններով հիվանդներին օգնելու համար:
«Կոլլապս` բիզնեսում»
Իտալիայում շատ ընկերություններ փակվել են, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ առանց աշխատանքի են մնացել, այդ թվում Էմիլին: Պետական կառույցներում աշխատող մարդիկ նախկինի պես աշխատավարձ են ստանում՝ չնայած նրան, որ աշխատանքի չեն գնում: Իսկ նրանք, ովքեր առանց աշխատանքի են մնացել, լուրջ խնդիրների առաջ կկանգնեն, երբ նրանց գումարը վերջանա: Սակայն ասում են, որ կառավարությունը մտադիր է նման մարդկանց ապահովելու միջոցներ գտնել:
Այժմ փակ են միայն խանութները, վաճառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները:
Բարեբախտաբար, ուտելիքի պակաս Էմիլիի քաղաքում դեռ չկա: Ճիշտ է, մարդիկ երբեմն սկսում են «կոմպուլսիվ» կերպով ամեն ինչ գնել, սակայն ապրանքների լուրջ պակաս չկա:
«Առանց հատուկ փաստաթղթերի ոչ մի քայլ»
Իտալիայի բնակիչներին չի թույլատրվում առանց հատուկ անհրաժեշտության դուրս գալ տնից: Նրանք, ովքեր պետք է դուրս գան տնից, պարտադիր պետք է հատուկ փաստաթուղթ ունենան, որտեղ նշված կլինի տնից դուրս գալու նպատակը: Քաղաքի այլ վայրերում ոստիկանական անցակետեր են, և եթե նրանք առանց փաստաթղթի մարդ են տեսնում, ձերբակալում են:
Տնից դուրս գալու «նորմալ» առիթ են համարվում ուտելիք գնելը և բժշկի այցելելը, սակայն եթե շտապ դեպք է:
Փաստաթուղթը, ինչպես պատմեց Էմիլին, հնարավոր է ներբեռնել կառավարության կայքից, տպել և ինքնուրույն լրացնել: Եթե լրացրած տեղեկությունը կեղծ է, ապա դա ևս ձերբակալության առիթ է:
«Մենք տպիչ սարք չունեինք, և երբ այդ հրամանն ուժի մեջ մտավ, մենք ամուսնուս հետ ոստիկանություն զանգեցինք և ասացինք, որ պետք է դուրս գանք՝ ուտելիք գնելու համար, սակայն տպիչ սարք չունենք: Նրանք գրանցեցին մեր անունները, և երբ ամուսինս դուրս եկավ, ոստիկանները նրան տպած փաստաթղթեր տվեցին»,- պատմեց Էմիլին: