Զուգարանի թղթի պատմությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զուգարանի թղթի պատմությունը

Առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես՝ զուգարանի թղթի մասսայական գնումները կապված են այն փաստի հետ, որ մարդիկ զգացողություն ունեն, թե գտնվում են անկառավարելի իրավիճակում, ինչի պատճառն էլ կորոնավիրուսի տարածումն է։ Վերջին օրերին համացանցը ողողվել է զուգարանի թղթի ահռելի պաշարներ հավաքով մարդկանց լուսանկարներով, իսկ առավել սրամիտները օգտատերերին ուրախացնում են բազմատեսակ մեմերով, որոնց գլխավոր հերոսը զուգարանի թուղթն է։ Դե իսկ մեր պրպտող ու հետաքրքրասեր թիմը որոշել է ձեզ ներկայացնել զուգարանի թղթի պատմությունն ու անցած ուղին։

Առաջին հիշատակություններն ու պատմությունը

Զուգարանի թուղթն առաջին անգամ սանիտարահիգիենիկ նպատակներով օգտագործել են Չինաստանում: Զուգարանի թղթի մասին ամենավաղ հիշատակությունները մեզ տանում են դեպի մեր թվարկությունից առաջ 589 թվական:

Արդեն 1391 թվականից կայսերական արքունիքում օրական օգտագործում էին էին 720 հազար թերթ զուգարանի թուղթ (61×91 սմ), ինչպես նաև 15 000 հատուկ՝ փափուկ ու նուրբ  թերթ (19,4 սմ). այն նախատեսված էր հենց կայսեր ընտանիքի համար:

Մերօրյա զուգարանի թղթի «նախահոր» հայտնագործման գյուտը կարելի է վերագրել  նյույորքցի գործարար Ժոզեֆ Գայետին, վերջինս 1857 թվականին արտադրեց զուգարանի թուղթ . այն քառակուսի կտորներով էր  և  փաթեթավորված էր տուփերի մեջ։ Գայետն այնքան էր տպավորված իր գյուտով, որ իր անունը տպագրել էր յուրաքանչյուր թղթի վրա:

«Թղթե փաթաթուկ»

Որպես այդպիսին` զուգարանի թուղթը (թերթիկի տեսքով) հայտնաբերվել է արդեն 1880-ական թվականներին բրիտանացի Ու. Օկլոկի կողմից և կոչվել է «թղթե փաթաթուկ»: Զուգարանի գլանաթղթի առաջին սերիական արտադրությունը սկսվել է 1890 թվականին ԱՄՆ-ի թղթի գործարանում. այն պատկանում էր Արթուր Սքոթին և կոչվում էր «Scott Paper», սակայն, որքան էլ զարմանալի է, գործարանի անունը նշված չէր այդ ապրանքի վրա:

Հետագայում…

Գլանաթղթով զուգարանի թուղթը հորինվել է գերմանացի գործարար Հանս Կլենկի կողմից 1928 թվականին: Յուրաքանչյուր գլանաթղթում նախատեսված էր հենց հազար թերթիկ: Կլենկը կասկած չուներ «փաթաթուկ»-ի արդյունաբերական արտադրության անհրաժեշտության մեջ, և 1928 թվականին նա Լյուդվիգսբուրգ քաղաքում գործարան հիմնեց: Գործարանի անվան համար նա կիրառեց իր անվան և ազգանվան առաջին տառերը` «Hakle»: Կլեկը նաև լավ մարքեթինգային քայլի դիմեց և օգտագործեց հետևյալ գովազդային լոզունգը՝

«Օգտագործեք Hakle գլանափաթեթները և դուք ստիպված չեք լինի գործածել «զուգարանի թուղթ» բառերը»:

15 տարի անց

Լոնդոնում գտնվող «Սուրբ Էնդրյու» թղթի գործարանը աշխարհին տվեց առաջին երկշերտ զուգարանի թուղթը, որը տարբերվում էր բարձրորակ փափկությամբ և ամրությամբ:

Զուգարանի թղթի արտադրությունը մեր օրերում

Այսօր զուգարանի թուղթն արտադրվում է սանիտարահիգիենիկ նպատակների համար ստեղծված հատուկ թղթից, որի համար հիմք է հանդիսանում թղթի թափոնը կամ ցելյուլոզան: Զուգարանի թուղթը լինում է միաշերտ, երկշերտ և բազմաշերտ. կարող եք ընտրել՝ ըստ ճաշակի ։ Ավելին՝ 20-րդ դարի վերջում շատ արդյունաբերողներ սկսեցին արտադրել զուգարանի խոնավ թուղթ։ Այն, հավանաբար, սկսեցին արտադրել խոնավ անձեռոցիկների ընդօրինակմամբ, բայց, ի տարբերություն դրանց, զուգարանի խոնավ թուղթը ջրում արագ լուծվելու հատկություն ունի:

vnews.am