Հայաստանից դուրս, բայց նաեւ հանուն Հայաստանի․ կանայք, ովքեր պատիվ են բերել մեր երկրին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանից դուրս, բայց նաեւ հանուն Հայաստանի․ կանայք, ովքեր պատիվ են բերել մեր երկրին

Բազմաթիվ են հայ կանայք, ովքեր հայտնի են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային պատմության մեջ։ Այս տեքստում կառանձնացնենք մի շարք հայուհիների, որոնք գործել են Հայաստանից դուրս, բայց եւ իրենց աշխատանքով, պայքարի հաստատակամությամբ ու վճռականությամբ փառք ու պատիվ են բերել Հայաստանին ու ապացուցել իրենց հզորությունն ու մարդասիրությունը։

Զապել Եսայան (1878—1943 թթ.)

Հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանն աչքի է ընկել կանանց իրավունքների պաշտպանության համար մղած պայքարով։ Ծնունդով Կոստանդնուպոլսից է։ Տեղի Սուրբ Խաչ վարժարանն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ եւ մասնակցել Սորբոնի ու «Քոլեջ դը Ֆրանսի» գրականության եւ փիլիսոփայության դասընթացներին։ Այնուհետեւ վերադառնում է Կ. Պոլիս եւ գրի առնում այն ամենը, ինչ տիրում էր Կիլիկիայում այդ տարիներին։ Նրան 1915 թ. հաջողվում է խուսափել թուրքական յաթաղանից եւ հաստատվել Բուլղարիայում։ Այնուհետեւ տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ 1936 թ. դառնում է ստալինյան ճնշումների զոհերից մեկը։ Նույնիսկ ստալինյան բանտից նա նույնպիսի խիզախությամբ նամակներ էր գրում։ Ցավոք, մինչ օրս հայտնի չեն նրա մահվան հանգամանքները։

Ամերիկյան հայտնի թերթերից մեկը նրա մասին գրել է. «Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր»։

Ալենուշ Տերյան (1920—2011 թթ.)

Ալենուշ Տերյանն Իրանի մայրաքաղաք Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկն է։ Այնտեղ նրան միանգամայն արդարացիորեն անվանել են իրանական աստղագիտության մայր։ Նա Իրանի առաջին կին պրոֆեսորն էր, Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը։

Ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Հայրը Նոր Ջուղայի հայերից էր եւ թեպետ գրող էր, բայց կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։

Ա. Տերյանը չի ամուսնացել։ Ուսանողներն ու ժամանակակիցներն այսօր էլ են հիշում նրան որպես հոգատար ուսուցչի, որը վայելում էր բոլոր ուսանողների սերն ու հարգանքը։

Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները, իսկ ինքը մահացել է ծերանոցում։

Անահիտ Աղաբեկյան (Դիանա Աբգար, 1859-1937 թթ.)

Ազգությամբ հայ Դիանա Աբգարը, որի նախնիները եղել են Նոր Ջուղայից, ծնվել է Արեւելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ՝ Յանգոն)։ Գրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Դիանա Աբգարն աշխարհում առաջին կին հյուպատոսն է։ Նա Հայաստանի Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում եւ Հեռավոր Արեւելքում՝ 1919-1920 թթ.։ Տիկին դեսպանի ժամանակակիցները պնդում են, որ նա այնքան տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր եւ դահլիճներ, բոլորը միանգամից ոտքի են կանգնել։ Դիանա Աբգարի օրիորդական անուն-ազգանունը Անահիտ Աղաբեկյան է եղել, սակայն 1890-ին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ եւ այնուհետեւ ներկայացել որպես Դիանա Աբգար։

Դ. Աբգարի գրական մեծ ժառանգության մասն են կազմում գրքերը, պոեմները եւ նամակները։ Իր ստեղծագործություններում խոսել է մարդու իրավունքների մասին եւ պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռ չունեին։

Անիտա Կոնտի (Անիտա Կարագոշյան (1899-1997 թթ.)

Զարմանալի է, բայց Հայաստանն առաջինն է օվկիանոսագիտության մեջ, չնայած անգամ դեպի ծով ելք չունի։ Այդ պատիվը մեզ պարգեւել է աշխարհում առաջին կին օվկիանոսագետը՝ ֆրանսիացի բնախույզ, լուսանկարիչ, ազգությամբ հայ Անիտա Կոնտին, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը։ 1939 թվականին նա ձողաձուկ որսալու նպատակով «Վիկինգ» ձկնորսանավով 3 ամիս լողում է դեպի Արկտիկա։ Եվ այդ ուղեւորության ընթացքում էլ եզրակացնում է, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է տխուր հետեւանքներ ունենալ։

1941-1943 թվականներին ձկնորսանավով երթեւեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում ձկների նոր տեսակները։ Ա. Կոնտիի ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ եւ ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին ու խաղաղ բնակչությանը։ Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում։ Նրա աճյունը, կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

Սուրբ Շուշան-Վարդենի (409—475 թթ.)

Շուշան-Վարդենին՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, որի աճյունն ամփոփված է Վրաստանում, հայ եւ վրաց եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես ընդհանրական սուրբ։

451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո Շուշանն ամուսնացել է վրաց Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, որը փոխարինել էր հորը եւ «բդեշխի» կոչում ստացել։ Շուտով Վազգենն ուրանում է քրիստոնեությունն ու ամուսնանում պարսկուհու հետ։ Հպարտ Մամիկոնյանի դուստրը չէր կարող հանդուրժել դավաճանին եւ նրան զրկում է նույնիսկ երեխաներին տեսնելու հնարավորությունից, իսկ ինքը փակվում է Ցուրտավի եկեղեցուն կից մութ ու խոնավ մի խցում։ Իհարկե, ամուսինն ամեն ինչ անում է, որպեսզի Շուշանը եւս ուրանա, այդ նպատակով ծեծի ու չարչարանքների է ենթարկում նրան, բայց փորձերն ապարդյուն են անցնում։ Շուշանը վեց տարի չարչարվում է եւ մահանում յոթերորդի սկզբին։ Պատմության մեջ հիշատակվում է ոչ միայն որպես սրբադասված հայուհի, այլեւ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ։

Մումթազ Մահալ (Արջումանադ Բանու Բեգամ, 1593—1631 թթ.)

Հնդկական Ագրա քաղաքում կառուցված մարգարիտը՝ Թաջ Մահալը, կոչվում է Շահ Ջահանի սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի անունով։ Մահալին եւս արմատներով հայուհի է. եղել է հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրը։ Սակայն, հաշվի առնելով, որ ընտանիքը դավանում էր շիա իսլամական կրոնին, օրիորդական անունը եղել է Արջումանադ Բանու Բեգամ։ Այնուհետեւ շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը, հարսին վերանվանել է Մահալ, որը նշանակում է «պալատի զարդ»։ 1612 թվականին 19 տարեկանում կայսեր հետ ամուսնացած Մումթազ Մահալը Շահ Ջահանից ունենում է 13 երեխա։ 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ մահանում է ամուսնու ռազմական ճամբարում։ Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն։

Սիրասուն կնոջ մահից հետո շահ Ջահանը երկու տարով երկրում սուգ է հայտարարում, որի ընթացքում արգելվել է նշել հնդկական տոները, պարել կամ երաժշտություն լսել։ Ապա հրամայում է Ագրա տեղափոխված կնոջ գերեզմանի վրա կառուցել մարմարե մեծ դամբարան, որի շինարարությունը տեւում է 22 տարի, եւ Մումթազ Մահալիի պատվին էլ այն կոչվում Թաջ Մահալ՝ «Թագի պալատ»։

Զարուհի Քավալջյան

(1877—1969 թթ.)

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը։ Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875 թ. ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը եւ Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ։ Զարուհին 1898 թ. ավարտում է Ադափազարի ամերիկյան իգական քոլեջը եւ նույն թվականին մեկնում ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել։ Չիկագոյում Քավալջյանը ընդունվում եւ 1903թ. ավարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Այնուհետեւ վերադառնում է Ադափազար եւ որոշ ժամանակ հոր հետ աշխատում որպես բժիշկ, նաեւ կենսաբանություն դասավանդում ամերիկյան քոլեջում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանն ակտիվորեն մասնակցում է վիրավորներին եւ տուժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Ստամբուլ։ Բացի բժշկությունից, Զարուհին զուգահեռաբար շարունակել է դասավանդել Ուսկյուդարի ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում դոկտոր Քավալ անվամբ։

Աննա Տեր-Վարդանյան (1920—2011 թթ.)

Աննա Տեր-Վարդանյանը ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագն է։ Նա այս կոչումը ստացել է 1959 թվականին Նյուփորթի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում եւ դարձել զինված ուժերում ծառայող առաջին կինը, ով արժանացել է E-9 կոչման։

Ի դեպ, Տեր-Վարդանյաններն ընտանիքով էին ներգրավված ռազմական գործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց Աննան կամավոր զինվորագրվում է, քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում է ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն՝ ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում։ Ավելին՝ մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում։

Գոհար Վարդանյան (1926—2019 թթ.)

Խորհրդային ընդհատակյա հետախույզ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան Գոհար Վարդանյանը 16 տարեկան հասակում մտել է իր ապագա ամուսին եւ զինակից Գեւորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը եւ աչքի ընկել իր ակտիվությամբ։ 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման գործողությանը, որի շնորհիվ կանխվել է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը։

Ասում են՝ Գոհար եւ Գեւորգ Վարդանյանների աշխատանքի արդյունքներն այնքան կարեւոր են, որ երբեք չեն գաղտնազերծվի։ Գոհար Վարդանյանն արժանացել է Կարմիր դրոշի, Երկրորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով եւ բազմաթիվ մեդալներով։

Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս (1949 թ.)

Նոր Զելանդիայի գերագույն դատարանի առաջին կին նախագահը՝ Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը, նույնպես հայուհի է։ Այդ պաշտոնի յուրահատկությունն այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից)՝ նրա հիվանդության կամ անհրաժեշտ պահին բացակայելու դեպքում։

Դեյմ Սայան Սրբուհի Իլայասի մասին «Նյու Զելանդ Հերալդ» թերթը գրել է. «Եթե կա բնավորության մի գիծ, որը նրան ճանաչողներից ոչ ոք չի վիճարկի, այն է, որ նա բարեհամբույր է նույնիսկ այն ժամանակ, անգամ երբ քննադատվում է»։

Իշխան Քիշմիրյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ