Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է առաջացնել ոչ միայն հազ ու ջերմություն, այլեւ մաշկային ախտանիշներ: Այս մասին հաղորդվում է Մաշկաբան-վեներոլոգների ազգային միության (SNDV) կայքում հրապարակված զեկույցում:
Բժիշկների միությունը, որում 400-ից ավելի մասնագետներ կան, հայտնել է, որ մի շարք դեպքերում COVID-19-ով վարակվածները գանգատվել են մաշկի կարմրությունից, եղնջատենդից եւ կեղծ ցրտահարությունից:
Նրանք հանձնարարել են նշված ախտանիշներով մարդկանց դիմել բուժհաստատություն: Եթե անգամ մաշկային խնդիրները կորոնավիրուսի հետ կապված չեն, միեւնույն է՝ բուժում են պահանջում, ընդգծում են մասնագետները:
«Մենք բժշկական հանրությանը նախազգուշացնում ենք, որ մասնագետները կարողանան հնարավորինս արագ հայտնաբերել կորոնավիրուսով պացիենտներին»,- նշված է SNDV-ի հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի առողջապահության գլխավոր տնօրինության ղեկավար Ժերոմ Սալոմոնը SNDV-ի զեկույցին ծանոթանալուց հետո ասել է, որ իրեն դեռեւս հայտնի չէ ոչ մի գիտական հետազոտություն, որը կարող էր կորոնավիրուսով հիվանդության դեպքերում ցույց տալ մաշկաբանական սիմպտոմատիկա: Նա, սակայն, չի բացառում, որ վիրուսի մուտացիային զուգահեռ կարող են բացահայտվել նոր ախտանիշներ: