Ներքին ու արտաքին առեւտրին զարկ տալու համար Կիլիկյան Հայաստանի իշխաններն ու արքաները հատել են սեփական դրամները: Դրանք գերազանցապես հայերեն գրերով արծաթե ու պղնձե դրամներ էին, որոնց թողարկումը սկսվել է դեռեւս Ռուբինյանների իշխանության շրջանում: Պահպանվել են Թորոս Ա-ի, Թորոս Բ-ի, Ռուբեն Գ-ի ու Լևոն Բ-ի հատած պղնձե դրամները: Դրանց վրա բացակայում է տիրակալի պատկերը, կան հայկական ու լատինական խաչի, ամրոցների պատկերներ, ռազմական խորհրդանիշներ:
Կիլիկիայի թագավորության շրջանում հատվել են մեծ քանակությամբ արծաթե ու պղնձե մետաղադրամներ, իսկ թագավորության վերջում՝ նաեւ բիլոնե դրամներ: Երկրում սեփական մետաղադրամների հետ միաժամանակ շրջանառության մեջ էին նաև հարևան երկրների՝ Բյուզանդիայի, Իկոնիայի ու Եգիպտոսի դրամները: Մետաղադրամների դիմերեսին պատկերվում էին ամբողջ հասակով երեւացող, գահին նստած կամ ձի հեծած արքան, որի ձեռքին իշխանության խորհրդանիշներ էին՝ գայիսոն, սուր, շուշան և այլն: Դարձերեսին, որպես կանոն, պատկերվում էին մեկ կամ երկու առյուծ՝ խաչի նշանով:
Լևոն Ա-ի, Հեթում Ա-ի, Լևոն Բ-ի ու Կոստանդինի հատած ոսկե մետաղադրամները՝ դահեկանները (4,8-ից մինչեւ 7 գրամ), թողարկվել են սահմանափակ քանակությամբ և հավանաբար հուշանվերի դեր են կատարել: Դրանք շատ հազվագյուտ են: Մեզ հասած դահեկանների ընդհանուր քանակը չի գերազանցում երկու տասնյակը:
Շրջանառության մեջ հիմնական դրամային միավորը արծաթե դրամն էր, որը թողարկվում էր զանգվածաբար: Սկզբում դրանք դրվագվում էին բարձր հարգի արծաթից և տարբեր արժեք ունեին՝ երկդրամ (5,1 գրամ), դրամ (2,9 գրամ), կես դրամ (1,3 գրամ): Բարձր հարգի արծաթե դրամները, որոնք հատվել են Լևոն Ա-ի, Հեթում Ա-ի ու Լևոն Բ-ի օրոք, կոչվում էին դրամ (հուն.՝ դրահմա բառից): Մեզ են հասել Լևոն Ա-ի ու Օշին արքայի հատած արծաթե «օծման» դրամները: Հաջորդ արքաների օրոք հատվում էին արծաթե ցածր պարունակությամբ դրամներ, որոնք կոչվում էին թագվորին (իտալական մետաղադրամի անվանում):
Հեթում Ա-ի օրոք հատվել են արծաթե «երկլեզու մետաղադրամներ»՝ հայատառ և արաբատառ մակագրություններով: Այդպիսի դրամներ չեն հատվել կիլիկյան հաջորդ տիրակալների օրոք: Հեթումի հատած մեկ այլ մետաղադրամի վրա ամբողջ հասակով պատկերված են արքան ու գահակից Զաբել թագուհին: Սա միակ կիլիկյան մետաղադրամն է, որի վրա թագուհի է պատկերված:
Պղնձե մետաղադրամները տարբեր չափերի էին ու տարբեր արժեք ունեին: Ամենախոշոր պղնձե մետաղադրամը կոչվում էր դանգ եւ թողարկվում էր 7,40 գրամ միջին քաշով: Այն հատվել է միայն Լևոն Ա-ի ու Հեթում Ա-ի ժամանակ: Հայտնի են բիլոնային մետաղադրամների առանձին թողարկումներ լատինատառ գրություններով: Դրանցից է Լևոն Ա-ի բիլոնե մետաղադրամը, որը հատվել է Կիպրոսի նվաճման պատվին:
Հեթում Ա-ի մահից հետո հատվել են միջին չափի պղնձե մետաղադրամներ՝ քարտեզներ (լատիներեն քարտեզ՝ դրվագել, պատկերել): Կիլիկյան վերջին արքայատոհմի՝ Լուսինյանների կառավարման ժամանակ հատվել են ամենափոքր պղնձե դրամները, որոնք կոչվում էին փող (բյուզանդական ֆոլիս բառից):
Կիլիկյան Հայկական թագավորության մետաղադրամների մեծ մասի վրա նշված է այն քաղաքի անվանումը, որտեղ հատվել է դրամը:
Հիմնական դրամահատարանը Սսի փողերանոցն էր, ուր երկու հարյուր տեսակի մետաղադրամ է հատվել ոսկուց, արծաթից ու պղնձից:
Մետաղադրամներ հատվել են նաեւ Այասում ու Տարսոնում: Պետք է նշել, որ պատկերագրությունը շատ նմանություններ ունի եվրոպական մետաղադրամների հետ: Կիլիկյան մետաղադրամների որոշ տեսակներ ձեւավորմամբ շատ նման են Վենետիկի արծաթե մատապաններին եւ Կիպրոսի մետաղադրամներին: 14-րդ դարում դրամների վրա դրոշմվող պատկերներն ու մակագրությունները դառնում են միատիպ ու անարվեստ:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: