Այսքան վախկոտ ու մորթապաշտ (կինոյի) պետական կառավարման համակարգ մենք չենք ունեցել։ Նախաձեռնությունից, պատվախնդրությունից զուրկ, ամորֆ զանգված, որին ոչինչ չի հետաքրքրում բացի աշխատավարձը, հավելավարձը ու պարգևավարձը։ Պետական կերը ուտելու համար սրանք ամեն Աստծո օր, աշխատանքի են գալիս պատրաստ ամենաստոր դավերի, ամենաքստմնելի արարքների, միայն մնան աթոռին։ Աթոռին մնալու համար ընդամենը պետք է աշխատել։ Բայց ո՞նց։ Ամեն քայլը սխալ է, ամեն հաջորդ քայլը, երկու անգամ մեծ սխալ։ Սխալները բռնվում են՝ սրանք լռում են, երեսներին թքում են՝ սրանք լռում են, հայհոյում են՝ էլի լռում են։ Սրանց հույսը մի մարդ է, մի փրկիչ, որ երեկոյան լայվ կմտնի ու տեղը կդնի սխալը բռնողներին, երեսին թքողներին ու հայհոյողներին։ Ու այդ մարդը հուսախափ չի անում։ Նա մտնում է լայվ ու միայնակ պատասխան է տալիս իր ապաշնորհ մանրեների համար։
Ես միշտ խոսում եմ կինոյից, որովհետև դա է իմ ոլորտը։ Որովհետև իմ ընկերությունը պետական ամենաստոր հալածանքի պայմաններում արտադրանք է տալիս, ապահովում է աշխատանք ու արդյունք։ Ես, գործնականում ամեն օր թքում եմ ՀՀ ամենակեղտոտ պետական կառույցի՝ ազգային կինոկենտրոնի վրա։ Բնականաբար, որևէ մեկը ինձ չի պատասխանում։ Որովհետև ինձ հետ համաձայն են։ Նրանք գիտեն, որ ես միանգամայն իրավացի եմ, երբ գրում եմ,
– կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ն կեղտոտ զրպարտիչ է (վկա` կեղծ քր.գործը)
– կինոկենտրոնի գեղ․ղեկ-ը նողկալի ինտրիգան է (վկա՝ ստորագրած թղթերը)
– ԿԳՄՍՆ կինոյի մասնագետը ապաշնորհ ստատիստ է (վկա՝ կեղծ գրանտները)
– կինոմիությունը թոշակառու կոռուպցիոներների որջ է (վկա՝ դանոսները)
– ոսկե ծիրանը հայ կինոյի հյութերը քամող չարօրակ ուռուցք է (վկա՝ բյուջեն)․․․
Ամեն օր, տասնյակ մարդիկ իմ գրածներում ճանաչում են իրենք իրենց և հեզաբար կուլ են տալիս վիրավորանքը, թաքուն շնորհակալ լինելով ինձ, որ կոնկրետ իր անունը չեմ գրել։ Նրանք ինձանից լավ գիտեն սեփական անցյալն ու կասկած չունեն, որ ծպտուն հանելու դեպքում, անմիջապես հրապարակվելու է կոնկրետ իրենց՝ (հենց իրեն) վերաբերվող անողոք ճշմարտությունը, որի աննշան մասն անգամ հերիք է ոտից գլուխ մերկացվելու, սերունդներով խայտառակվելու համար։ Իսկ պատասխանելու համար չի գտնվելու գոնե կիսահամոզիչ հակափաստարկ։ Որովհետև ինձ վարկաբեկող որևէ բան գտնելը անհույս գործ է։
Երեք տասնամյակ կինոն ապականել են այն սողունները, որ այսօր նստած են կինոյի պետական գումարների վրա ու անխնա լափում են, փոխարենը ՈՉԻՆՉ չդնելով։ Թեկուզ կիսաարժեքավոր մի բան։ Անատամ պետական ապարատը հանդուրժում է սրանց, որովհետև չգիտի ուրիշ ինչ անի։ Ուղղակի չի հասկանում։ Ու սրանց վերևում նստած է մեսսիան, սուպերհերոսը, որ պատրաստ է անզիջում պայքար մղել հողմաղացների, անտեսանելի դևերի, միֆական հրեշների, սևերի, նախկինների, թալանչիների, միասին վերցրած այդ բոլորի դեմ, բայց ոչ երբեք իր ներսում, իր քթի տակ կոպեկ-կոպեկ կինոն կռծող «պետական» առնետների դեմ։ Դա ի՞նչ խնդիր է որ, մանր բան, դրա վրա սուպերհերոսը ժամանակ չունի։ Իրենը՝ ժամը 4-ին Անգլիայի դեմ պատերազմ հայտարարելն է, ամպերը ցրելն ու լուսին թռնելը։
Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: