COVID-19 համավարակի ամենաթեժ պահին համացանցում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ծխողներն իբր կորոնավիրուսային ինֆեկցիայով հազվադեպ են վարակվում: Սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, պնդում է Ռուսաստանի առողջապահության նախարարության արտահաստիքային գլխավոր հոգեբույժ-նարկոլոգ, պրոֆեսոր Եվգենի Բրյունը:
«Վերջին շրջանում լրատվամիջոցներում նյութեր են հայտնվում, որոնք ներկայացնում են, թե «կորոնավիրուսը ծխողների վրա քիչ է տարածվում»: Մեր կարծիքով՝ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ այն առողջության համար վտանգավոր է»,- ասել է մասնագետը:
Տեղեկությունն այն մասին, որ ծխողներն իբր կորոնավիրուսով հազվադեպ են վարակվում, սկսեց լայնորեն տարածվել չինացի բժիշկների տեղեկություններից հետո, որ COVID ինֆեկցիայով հոսպիտալացվածների շրջանում ծխող պացիենտները սակավաթիվ են: Ընդ որում՝ արժե հաշվի առնել, որ այդ դիտարկումներն անչափ տեղային են, ուստի դրանք չի կարելի համարել օբյեկտիվ հետազոտություններ:
«Ծխողների եւ ծխախոտ ու ծխելու այլ արտադրանք չգործածող անձանց շրջանում դեռեւս չեն անցկացվել COVID-19-ի ընթացքի վերաբերյալ համեմատական հետազոտություններ. հայտնի չէ՝ ինչ խմբերի համեմատել, ինչ ժամկետներ են անհրաժեշտ եւ այլն»,- ասել է Եվգենի Բրյունը:
Ներկայումս տվյալներ չկան, որ նիկոտինն իսկապես օրգանիզմի վրա պաշտպանական ազդեցություն է ունենում կորոնավիրուսի հարձակման ժամանակ: Փոխարենը, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխելը իմունիտետը թուլացնում է:
«Հետեւաբար մենք չենք կարող լրջորեն մոտենալ այնպիսի կարծիքներին, որոնք «Իսկ ահա ազգականներիցս մեկը (ծանոթը, հարեւանը եւ այլն) ծխել է ու ալկոհոլ գործածել, բայց 100 տարի է ապրել» ոլորտից են: Սա պրոֆեսիոնալ չէ»,- շեշտել է գլխավոր նարկոլոգը:
Մասնագետի կարծիքով՝ այդպիսի տեղեկատվական «արտանետումները» կարող են բխել մարդկանցից, որոնք շահագրգռված են ծխախոտի արտադրությամբ:
Նշենք, որ մի շարք հետազոտություններ կապ են հայտնաբերել ծխելու եւ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում բարդությունների զարգացման մեծ հավանականության միջեւ: American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը կարելի է համարել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելու հավանականության պոտենցիալ գործոն. ինչպես պարզել են Baylor College of Medicine-ի եւ University of South Carolina-ի գիտնականները, ծխախոտի ծուխը նպաստում է կորոնավիրուսի թափանցմանը թոքեր:
Այլ գիտնականներ ցույց են տվել, որ COVID-19-ով հիվանդների շրջանում բարդությունների հավանականությունը ծխողների դեպքում 14 անգամ մեծանում է: