Տաթև Ասրյանը, ընդունելով Սիրանուշ Փիլոյանի՝ «Տուրիզմ․ գրել եմ այսօր, որ կարդաք վաղը [Challenge 3.2]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է զբոսաշրջության թեման։
Դեռևս մի քանի ամիս առաջ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ մեծ քայլերով զարգացող, միլիոնավոր աշխատատեղեր ապահովող, համաշխարհային ՀՆԱ-ում 2019 թվականին շուրջ երեք տրիլիոն դոլար ներդրում ունեցած աշխարհի խոշորագույն ոլորտներից մեկը կարող էր մի քանի շաբաթվա ընթացքում ծնկի գալ աչքի համար անտեսանելի մակաբույծի պատճառով։ Անկումը հսկայական է՝ որոշ տարածաշրջաններում ձգտելով նույնիսկ զրոյական վիճակի։ Ստեղծված աննախադեպ իրավիճակում աշխարհը ճիգեր է գործադրում այս հսկայական ինդուստրիան հոգեվարքից հանելու՝ միացնելով «արհեստական շնչառության սարքը»: Օրեցօր ի հայտ են գալիս նորանոր լուծումներ՝ մեկը մյուսից ստեղծագործ, մեկը մյուսից հետաքրքրական՝ բացահայտ ի ցույց դնելով մարդկանց բուռն ցանկությունն ու երազանքը ճամփորդելու: Լայն տարածում են գտել #traveltomorrow, #travelfromhome, #dontcancelpostpone հեշթեգերը` փորձելով պահպանել մարդկանց ոգևորությունն ու փրկել ոլորտը։
Ես դա կանվանեի կախվածություն։ Այո, այն կախվածություն է առաջացնում․ դրա «համը» տեսած մարդուն դժվար է հետ պահել նոր վայրեր բացահայտելու, նոր փորձառություններ ունենալու գայթակղությունից: Եվ, թերևս բոլոր խաղադրույքները այս շատ մարդկային բուռն կրքի վրա են դրված, որ առաջին իսկ հնարավորության դեպքում առաջ են մղվելու։
Այդ կախվածությունը տուրիզմն է՝ տուրիզմամոլությունը, զբոսաշրջամոլությունը։
Զբոսաշրջությունը անչափ մարդկային ոլորտ է, այն մարդու համար և մարդու մասին է։
Իսկ ի՞նչ է զբոսաշրջությունը, ի՞նչն է այն այդքան գրավիչ դարձնում։ Զբոսաշրջության սահմանումը բարդ հարցերից մեկն է, եթե ոչ ամենաբարդը, զբոսաշրջության մասին խոսակցություն ծավալելու համար: Գրականության մեջ կարելի է գտնել հարյուրավոր սահմանումներ, սակայն անհնար է գտնել գեթ մեկ սահմանում, որը լիարժեքորեն և ամբողջապես բնութագրում է զբոսաշրջությունը՝ որպես երևույթ: Սահմանելը բարդանում է, քանզի հստակ չէ, թե ինչ է իրականում «արտադրում» տուրիզմը, որն է նրա հիմնական արտադրանքը (պրոդուկտը):
Այս շարքի շրջանակներում գործընկերներս իրենց հոդվածներում բացահայտ կամ սքողված կերպով փորձել են սահմանել զբոսաշրջությունը՝ ելնելով իրենց փորձառությունից և գիտելիքներից: Հնչած տեսակետները պաթոսի, խորհրդավորության, պարծանքի, հպարտության, զվարճանքի, հետաքրքրասիրության, հիասթափության մասին վկայում են, որ զբոսաշրջությունը զգացողությունների/զգացումների ինդուստրիա է:
Ի՞նչ է արտադրում զբոսաշրջությունը, եթե ոչ զգացում/զգացողություն: Ինչքան նոր բարքերը, նոր տեխնոլոգիաները մարդուն մեկուսացնում և նրանից խլում են իր «ավանդական» մարդկային զգացումները, այնքան այդ բացը լրացնելու մղումը մեծանում է, և այդ կարիքին հագուրդ տվող երևույթներից է ճամփորդությունը։ Ժամանակին ինձ համար մեծագույն բացահայտում էր այն, որ տնտեսության մեջ տուրիզմը դասակարգվում է արտահանման ցանկում։ Իսկ ի՞նչ է արտահանում տուրիզմը․ պատասխանն ինձ համար միանշանակ է՝ հիշողություն, տպավորություն, զգացողություն։
Ամբողջությամբ՝ infocom.am