«Նա կնոջը զգում է այնպես, ինչպես ոչ ոք: Նա աստվածացնում է կնոջը: Կնոջ մասին խոսելիս նա օգտագործում է աշխարհի ամենագեղեցիկ բառերը»,- այսպես են խոսում ֆրանսիացի հայտնի դիզայներ Դիդիեր Փարաքյանի մասին համաշխարհային նորաձևության մեծերը:
Դիդիեր Փարաքյան անունը, կամ պարզապես DP հասարակ երկու տառն այսօր ճանաչված բրենդ է աշխարհի բոլոր երկրներում։ «Նա պաշտում է կանանց, իսկ կանայք պաշտում են Դիդիին, քանզի Դիդին հասկացել է, թե ինչպես է ուզում հագնվել կինը` ազատ, հանգիստ, մոդայիկ, թովիչ, կրքոտ և, միաժամանակ, պարզ ու իմաստուն երևալու համար: Սա հաջողվում է եզակի մարդկանց, որոնցից է Դիդիեր Փարաքյանը»,- ասում են Դիդիերի կոլեգաները:
Ազգությամբ հայ Դիդիեր Փարաքյանը կանացի իր հավաքածուն առաջին անգամ ֆրանսիական նորաձևության աշխարհին է ներկայացրել 1989թ.-ին, և հենց այդ ժամանակից էլ նրա անունը հիշվել է: Շատ քիչ է պատահում, երբ քոլեջը նոր ավարտած երիտասարդը միանգամից մեծ հաջողության է հասնում: Դիդիերի կանացի շորերի հավաքածուի մեջ նոր շունչ ու համարձակություն կար, ինչը բավական էր, որպեսզի սկսնակ դիզայները կարողանար միանգամից իր ընկերությունը ստեղծել ու կարճ ժամանակում Ֆրանսիայում մեծ անուն հանել: Արդեն 18 տարի է անցել, և այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործում են հայազգի այս դիզայների բուտիկները: Ամբողջ աշխարհում ավելի քան 850 վաճառակետեր օգտվում են նրա արտադրանքից:
«Կինը պետք է որքան պարզ, այնքան էլ գաղտնի լինի: Հագուստի միջոցով կարելի է հասկանալ կնոջ էությունը: Իմ կանայք նրանք են, ովքեր չեն վախենում լինել լուսաշող, փոքր-ինչ հանդուգն, ինքնավստահ, խորամանկ, սակայն շատ կիրթ, հավասարակշռված ու խելացի: Կին, ով լսում է իր սրտի ձայնը, ով ապրում և վայելում է իր ժամանակը, ով ուշադիր է իր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ: Իմ պատկերացրած կինը չի վախենում ծերանալուց և չի փորձում միշտ երիտասարդ երևալ, քանի որ, թեև նա միշտ մոդայիկ է, բայց մոդայի գերին չէ»,- ասում է Դիդիեր Փարաքյանը` նկարագրելով իր ստեղծագործական աշխարհը:
«Դիդիեր Փարաքյան» ընկերությունն այսօր արտադրում է երկու տիպի պիտակ: «DPJeans» պիտակը հիմնականում սպորտային ոճի մեջ է, և նույնիսկ այս ոճի մեջ կինը շարունակում է մնալ էլեգանտ և կանացի: Դիդիեր Փարաքյանի «Carlopik» պիտակն ունիվերսալ է և նախատեսված է գործունյա կանանց համար, ովքեր օրվա հիմնական մասն անցկացնում են դրսում: Սա ավելի երիտասարդ նորաձևություն է, որը բիզնես-լեդիներին հնարավորություն է տալիս, էլեգանտ լինելուց բացի, շատ ազատ ու թեթև լինել: Նրա ստեղծած յուրաքանչյուր հագուստ իր մեջ արևելյան տարրեր է կրում: Արևելքի շունչը գույների, ասեղնագործության, զարդերի և անպայման մոդելների արտաքինի միջոցով է արտահայտվում:
Շատ դժվար էր Դիդիեր Փարաքյանի մասին կենսագրական որևէ տվյալ պեղելը: Այն, որ նա ունի հայկական արմատներ` գրված է բոլոր կայքերում, սակայն շաբաթներ տևող պեղումների ընթացքում այդպես էլ չհաջողվեց որևէ պատմություն գտնել նրա հայկական ծագման, ծնողների մասին: Իր հարցազրույցներից մեկում, սակայն, կարդացինք հետևյալ տողերը. «Դիզայների գործն իր կյանքը պատմելը չէ, այլ ստեղծագործելը: Ես իմ ստեղծագործական հաջողությունների գրավականն եմ համարում իմ հայկական արմատները, քանզի հենց արևելյան նրբությունն Արևմուտքի խենթ ու արագընթաց առօրյայի հետ համադրելով՝ ես ստացա այն, ինչ այսօր անվանվում է «Didier Parakian», այսինք` պիտակ, որը բերում է մեծ փողեր»: Ու պատահական չէ, որ Դիդիեր Փարաքյանի անձնական կայքերում չես գտնի և ոչ մի ավելորդ բառ իր կենսագրության մասին. Դիդիերի կենսագրությունն իր հավաքածուներն են: Այդ իսկ պատճառով՝ մենք նույնպես նրան ներկայացնում ենք այնպես, ինչպես ուզում է ինքը:
Անուշ Մկրտչյան
«3 Միլիոն»