ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Փլիմութ քաղաքի 32-ամյա բնակիչ Շոն Սենդելը COVID-19-ի համավարակի պատճառով ներդրված կարանտինի ընթացքում 25 կիլոգրամ քաշ է կորցրել, քանի որ վախենում էր կորոնավիրուսից. նա իմացել էր, որ ավելորդ քաշով եւ ճարպակալությամբ մարդկանց մոտ բարդություններ են առաջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքում։
Ինչպես պատմում է Plymouth Herald պարբերականը՝ Շոնը մինչեւ համավարակը 121 կիլոգրամ էր կշռում, իսկ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 37.8 էր, ինչը որպես ճարպակալում է դասակարգվում: Երբ համավարակը սկսվեց եւ նա բազմաթիվ նյութեր տեսավ այն մասին, որ ավելորդ քաշը կարող է բարդությունների հանգեցնել կորոնավիրուսով վարակվելու դեպքում, հասկացավ, որ հիմա ճիշտ ժամանակն է առողջությամբ եւ նիհարելով զբաղվելու համար։
Շոնը որոշեց նիհարել ինքնուրույն եւ չմիացավ քաշի կորստի հանրաճանաչ ծրագրերին: Նրան օգնում էր սննդաբան կինը։
Նա ամբողջությամբ փոխեց իր սննդակարգը, հրաժարվեց չիպսերից եւ կարտոֆիլից, որոնք նախկինում ուտում էր ամեն անգամ սնունդ ընդունելիս, ինչպես նաեւ սահմանափակեց հացի օգտագործումը՝ մինչեւ շաբաթական մեկ կամ երկու կտոր։
«Ես նպատակ էի դրել քայլել ամեն օր: Ես երեխայի մանկասայլակով քայլում էի օրական 11-ից 14 կմ: Ես սկսեցի վազել եւ վազում էր օրական ութ կիլոմետր,- ասել է Շոնը:- Կարանտինի մեկնարկից անցել է 13 շաբաթ, եւ ես հիմա 95 կիլոգրամ եմ կշռում: Այս ընթացքում ես կորցրեցի 25 կիլոգրամ »:
Շոնն աներեւակայելի հպարտ է իր ձեռքբերումներով եւ շնորհակալ է կնոջը՝ իրեն օգնելու համար: Այժմ նրա մարմնի զանգվածի ինդեքսը 29․8 է:
«Ես ինձ շատ լավ եմ զգում ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեբանորեն: Ես ավելի կենտրոնացած եմ եւ ավելի պարզ եմ մտածում: Ես սկսել եմ ավելի կանոնավոր զբաղվել գոլֆով. այժմ ինձ ավելի հեշտ է խաղալ, եւ դա ավելի մեծ հաճույք է բերում»,- պատմել է Սենդելը: