Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության միջև օրերս ստորագրված պայմանագրով նախատեսվում է թատրոնին աջակցություն տրամադրել ձայնային սարքավորումների ձեռքբերման համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է կազմակերպության արտաքին քաղաքականության և սոցիալական ռազմավարությունների գծով ղեկավար Ռուզաննա Գրիգորյանին և թատրոնին աջակցելու համար նրան է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիրը՝ ուղղված ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինին: Թատրոնի անունից ընկերության ներկայացուցչին շնորհակալագիր է հանձնել նաև տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել աջակցության և մշակույթի հանդեպ դրսևորած ուշադրության համար: «Տևական ժամանակ ես նշում էի մշակույթի ապակենտրոնացման անհրաժեշտության մասին, և այն ինչի մասին խոսվում էր, հիմա հնարավորություն ունենք մարզերում փաստացի իրականացնելու: Այս գաղափարի մեկնարկը մենք տվել ենք սահմանամերձ Տավուշից՝ «Թիկունքը՝ մշակույթ» ծրագրով, ինչն ամեն անգամ կիրագործվի տարբեր մարզերում և համայնքներում: Այս նպատակով արդեն քայլեր են ձեռնարկվել նաև բարձրակարգ տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ: Այս առումով ողջունելի է այն փաստը, որ ձեր կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է նաև մայրաքաղաքից դուրս, որը պետական քաղաքականության գերակայություններից մեկն է»,-եզրափակել է Ա. Խզմալյանը: