Ռուսաստանցի կինոգետ Կիրիլ Ռազլոգովը, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրենն է, «Ինտերֆաքսին» մեկնաբանություն է տվել, թե ինչու է հայաստանցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմն անսպասելիորեն դուրս թռել փառատոնի արտամրցութային ծրագրից: Ըստ պրն Ռազլոգովի՝ «դա արվել է որպես նախազգուշական միջոց», քանի որ «կինոնկարը ուղղակիորեն առնչվում է Ղարաբաղին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, ռազմական գործողություններին»: «Երբ սկսվեց ռազմական գործողությունների էսկալացիան,- ասել է ռուսաստանյան կինոգիտության կարկառուն գլուխներից մեկը,- որոշում ընդունվեց, որ Մոսկվայում և Ղարաբաղի շուրջը հայերի ու ադրբեջանցիների բախումներից խուսափելու համար մենք ձեռնպահ կմնանք կինոնկարի ցուցադրությունից»: Այս իմաստուն այրն ասել է նաև, թե իրենց սողոմոնյան վճռից առաջ էլ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն է դիմել փառատոնի կազմակերպիչներին ֆիլմը ծրագրից հանելու պահանջով, բայց մերժում է ստացել: Փաստորեն, կինոփառատոնը մերժել է Ադրբեջանի դեսպանին մերժումը սեփական անունից ձևակերպելու համար: Միայն թե այդ մերժման ավելի զավեշտալի ու անհեթեթ հիմնավորում հազիվ թե կարելի է գտնել: (Մի կողմ թողնենք, որ արվեստն անհարկի քաղաքականացնելու և մասնավորապես կինոյի մասին արտագեղարվեստական չափանիշներով դատելու այս արատավոր գործելակերպը ամենևին պատիվ չի բերում ոչ Մոսկվայի կինոփառատոնին, ոչ էլ այդ ստաժավոր, բայց այդպես էլ իր տեղը չգտած փառատոնի երկարամյա քուրմ Կիրիլ Ռազլոգովին: Սա ինքնին հասկանալի է): Ջիվան Ավետիսյանի ֆիլմն ընդհանրապես քաղաքական չէ, թրիլերի և սիրային դրամայի յուրատեսակ խառնուրդ է արտհաուսային կինոյի դրոշմով, ու թեև դեպքերը երբեմն առ երբեմն կատարվում են Ղարաբաղում և առնչվում հայ-ադրբեջանական հակամարտությանը, բայց դա ընդամենը սյուժեի ծավալման ֆոնն է: Շատ կարճ ասած՝ խոսքը մի լուսանկարչի մասին է, որը 90-ականների սկզբին լինելով Ղարաբաղում՝ յուրացրել է իր տաղանդավոր հայ գործընկերոջ աշխատանքները և ճակատագրի բերումով տարիներ անց հանդիպել օպերային երգչուհի դարձած նրա դստերը (վարիացիա չմեռնող անցյալի թեմայով): Նման կամերային պատմության պարագայում ի՞նչ «նախազգուշական միջոցի» և ակնկալելի բախումներին մասին է ճամարտակում պրն Ռազլոգովը, եթե լիովին ակնհայտ է, որ բանը վերաբերում է պարզապես հիվանդագին զգուշավորությանն ու ծայր վախկոտությանը, ուղղակի փոքրոգի պահվածքին, եթե չխոսենք քաղաքական պատվերի ու նպատակահարմարության մասին: Սա է Մոսկովյան կինոփառատոնի դեմքը, որն ակամայից ի ցույց է դրել Կիրիլ Ռազլոգովը: Իմիջիայլոց, այս նույն Ռազլոգովն է, որ դարձել է Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նոմենկլատուրային դեմքերից մեկը, այսինքն՝ ամեն տարի ի դեպ և անդեպ «Ոսկե ծիրանի» հյուրերի թվում է՝ իր ամառային արձակուրդը վայելելով փառատոնի և հայկական ավանդական հյուրասիրության հաշվին:
Կինոգետ Զավեն Բոյաջյանի ֆեյսբուքյան էջից:
Ռուսաստանցի կինոգետ Կիրիլ Ռազլոգովը, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրենն է, «Ինտերֆաքսին»…
Gepostet von Zaven Boyajyan am Mittwoch, 30. September 2020