Ինչպես հաղթահարել կորստի ցավը, տագնապի, վախի, մեղքի զգացումը․ հոգեբան Լիլիթ Խաչատրյանն այս ամենի ու նաև այն մասին, որ պետք է հավատալ ու վստահել. aravot.am
Advertisement 1000 x 90

Ինչպես հաղթահարել կորստի ցավը, տագնապի, վախի, մեղքի զգացումը․ հոգեբան Լիլիթ Խաչատրյանն այս ամենի ու նաև այն մասին, որ պետք է հավատալ ու վստահել. aravot.am

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում հանգամանորեն անդրադարձել է կորստի ցավի, վշտի հաղթահարման փուլերին, տագնապի, վախի, մեղքի զգացումները հաղթահարելու ուղիներին։

-Տիկին Խաչատրյան, մեր երկիրը դեռ չէր հասցրել հաղթահարել համավարակով պայմանավորված ճգնաժամը, երբ բախվեց շատ ավելի մեծ ու կորստաբեր մարտահրավերի, ինչպիսին պատերազմն է․ այս ամենով պայմանավորված՝ հոգեկան ինչպիսի՞ խնդիրներ կարող են զարգանալ բնակչության շրջանում, կարո՞ղ են արդյոք այդ խնդիրները վերաճել առողջական լուրջ պրոբլեմների։

-Համավարակը, մահերը, սահմանափակ կյանքի ձևերը, արգելափակումները հասարակության շրջանում սթրեսային են, որոնք ուղեկցվում են տարաբնույթ վախերով, տագնապներով, տագնապային խանգարումներով և նաև դեպրեսիվ վիճակներով: Հոգեբանական հյուծվածությունն ու կյանքի ռիթմի ապահարմարվողականությունը դեռ չհաղթահարած՝ հայտնվում ենք պատերազմական իրավիճակում, իսկ պատերազմական իրավիճակը հոգետրավմատիկ ցնցում է հասարակության համար, երբ կորցնում ես հարազատներիդ, ներկա ես լինում կամ ոչ ուղղակի ներկայությամբ տեսնում ես սարսափելի տեսարաններ, խախտվում է կյանքի բնականոն ընթացքը, տեղահանվում են բնակիչները, կորցնում են իրենց բնակարանները, ավերածությունների են ենթարկվում, վտանգվում է նաև սեփական կյանքը: Իհարկե, այս ամենը հոգեցունց երեևույթներ են, որոնք անհետևանք չեն մնում և կարող են դրսևորվել ընդհանրացված կամ յուրահատուկ վախերով, տագնապային խանգարումներով, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով, որոնց բնորոշ ախտանշաններն են կրկնվող տեսարանները, հիշողությունները, ձայները, անհանգստությունը, մշտապես տագնապի զգացումը, զայրույթը և ագրեսիվ վարքագիծը, ապատիկ վիճակը, անտարբերությունը, շրջապատից մեկուսացումը, քնի խանգարումները և այլն: Պետք է նշեմ նաև, որ հոգեբանական բացասական դրսևորումները առաջացնում են նաև ֆիզիկական գանգատներ՝ գլխացավ, թուլություն, սրտխառնոց, ճնշման տատանումներ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ և այլն:

Կախված անհատական առանձնահատկություններից, կյանքի պատմությունից, սթրեսին դիմակայելու և հաղթահարելու ռազմավարությունից՝ կարող են դրսևորվել հոգեախտաբանական երևույթներ և զարգանալ հոգեկան հիվանդություններ:

-Հասկանալի է, որ այսպիսի դեպքերում մոտեցումը խիստ անհատական է, սակայն փորձենք մի քանի ընդհանուր եզր գտնել՝ ինչպե՞ս հաղթահարել այս ընթացքում առաջացող տագնապի, վախի զգացողությունները, խորացող սթրեսը։

Այսպիսի իրավիճակներում մենք․ Պետք է ընդունենք փաստը, որ եղածը եղած է, պատերազմ է, և պատերազմում գործողություններն ու ընթացքը կառավարելի չեն, և պատերազմում մարդկային մահերը, կորուստները և ավերածություններն անխուսափելի են: Պետք է կարողանանք կենտրոնանալ ներկայի վրա, զբաղվել առօրյա գործերով: Լրահոսին հետևելը պետք է դառնա կառավարելի, ասենք՝ ժամ սահմանել՝ առավոտ և երեկոյան միայն ինֆորմացիա ստանալ: Ապագայի անորոշության հետ կապված մտքերը, որոնք դառնում են բացասական սցենարներ, անհրաժեշտ է դադարի հրահանգով կանգնեցնել՝ հասկանալով, որ դա ընդամենը անհանգստության մակարդակն է բարձրացնում և վերադառնալ ներկա միջավայր: Պետք է հոգ տանենք սեփական անձի մասին՝ սնունդ, լիարժեք քուն, կիրառել ֆիզիկական վարժանքներ և այլն: Կարևոր է նաև պահպանել դրական և հավասարակշռված մարդկանց հետ շփումը, որոնց շփման թեմաները ավելի շեղող և հանգստացնող կլինեն: Հանգիստ և անաղմուկ սենյակում երբ մնում եք մենակ, փորձեք կարդալ ձեզ անհանգստացնող բոլոր մտքերը և թղթի վրա գրել դրանք, օրինակ՝ «բա որ հանկարծ պարտվենք, բա որ հանկարծ այսինչ մարդը մահանա, բա որ հանկարծ կորցնեմ ունեցածս և այլն», որից հետո, դուրս բերված բոլոր մտքերը սկսեք քննարկել, «ինչո՞ւ եմ ես այդպես մտածում, ի՞նչ հիմքեր ունեմ այդպես կարծելու, ինչո՞վ եմ դա ապացուցում և ինչո՞վ չեմ ապացուցում»:

Ամբողջությամբ` aravot.am