Պատմության քառուղիներում
Advertisement 1000 x 90

Պատմության քառուղիներում

1918թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրված հայ-թրքական պայմանագրից հետո էլ Օսմանյան կայսրությունը չդադարեցրեց ռազմական գործողություններն Այսրկովկասում` նպատակ ունենալով գրավել Բաքուն և կենսունակություն հաղորդել նոր պետություն ստեղծելու «կրտսեր եղբոր» հավակնություններին:

Այս նպատակի իրականացման ճանապարհին խոչընդոտ էր համարվում Գանձակի, Արցախի ու Սյունիքի հայությունը, որի համար թուրք-թաթարական ռազմաքաղաքական վերնախավը կայացրել էր հետեւյալ որոշումը, այն է՝ հպատակեցնել եւ ճանաչել տալ նորահռչակ Արեւելակովկասյան մուսուլմանական հանրապետության (Ադրբեջան) գերիշխանությունը:

Դեռեւս 1918 թ. մայիսի վերջին Գանձակ էին հասել օսմանյան 5-րդ դիվիզիայի առաջապահ զորամասերը: Թիկունքում զգալով Թուրքիայի զորությունը՝ մուսավաթականները կազմեցին Ադրբեջանի կառավարությունը, որը գլխավորեց մոլի ազգայնական հայատյաց Ֆաթալի Խան Խոյսկին (Ադրբեջանի առաջին վարչապետը սպանվեց Թիֆլիսում՝ 1920 թվականի հունիսի 19-ին, Արամ Երկանյանի կողմից):

Այնուհետեւ Գանձակ ժամանեցին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի եղբոր՝ Նուրի փաշայի գլխավորած զորքերը, որոնց մուսուլմանները մեծ ցնծությամբ դիմավորեցին քաղաքի կայարանում: Գանձակում կենտրոնանալուն պես տեղում ձեւավորված մահմեդական ազգային կորպուսը (հրամանատար՝ ցարական բանակի նախկին գեներալ Ֆերիկ Ալի աղա Շիխլինսկի) եւ օսմանյան զորքերը միավորվեցին՝ ստեղծելով Կովկասյան իսլամական բանակը, որի ընդհանուր հրամանատարությունը ստանձնեց Նուրի փաշան:

Բաքու շարժվող բանակից առանձնացվեց մի զորախումբ, որը Ջամիլ Ջավիդի գլխավորությամբ ուղղություն վերցրեց Արցախ՝ բանակատեղի դարձնելով Աղդամը: Արցախահայության գլխին կախվեց թուրքական ներխուժման վտանգը: Վերջին անգամ օսմանյան զորքերը երկրամասը նվաճելու փորձեր արել էին 1725-1730 թթ.:

Հայոց արծվաբույնն աշխարհից ամբողջությամբ կտրված էր: Մահմեդական բնակավայրերը վերածվել էին ռազմական ամրությունների: Ճանապարհներին վխտում էին թաթարական ավազակախմբերը: Նոր ձեւավորվող հայկական ինքնապաշտպանական ուժերը վատ էին զինված, սննդամթերքի պակասն զգացվում էր ամենուր: Շրջափակման հետեւանքով երկրամասը հայտնվել էր տնտեսական ծանր դրության մեջ: Շուշիում եւ այլուր շրջում էր սովի ու համաճարակի ուրվականը: Հայկական բնակավայրերի վրա հարձակումները պարբերական բնույթ էին կրում: Երկրամասում անվտանգ անկյուն գոյություն չուներ:

Արցախահայության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգն ավելի իրական դարձավ Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի գրավումից (1918թ. սեպտեմբերի 15) եւ քաղաքի հայության եռօրյա սարսափելի ջարդերից հետո, երբ թշնամին ամբողջ ուժերը տեղափոխելով արեւմուտք՝ փորձեց վերջնականապես իրեն ենթարկել Արցախը, Սյունիքն ու Նախիջեւանը, ապա վերջ տալ Հայաստանի հանրապետության գոյությանը:

Բանակը համալրելով սրբազան պատերազմի մոլուցքով լցված մահմեդականներով՝ Նուրի փաշան շտապեց Արցախ եւ սեպտեմբերի 19-ին հասնելով Աղդամ վերջնագիր ուղարկեց Շուշի՝ պահանջելով 24 ժամում զինաթափվել, ճանաչել Ադրբեջանի իշխանությունը եւ թուրք-թաթարական զորքերին ճանապարհ տալ անցնելու Շուշի:

Վերջնագրի պատասխանը չստացած՝ 1918թ. սեպտեմբերի 22-ին թուրք-թաթարական միացյալ բանակի զորամասերը լայնածավալ հարձակում սկսեցին Արցախի ուղղությամբ, որը նվաճելու պլանի իրականացումը դրվեց Ջամիլ Ջավիդ բեյի վրա:

Վերջինս սրընթաց գրոհով շարժվեց Շուշի՝ Արցախ աշխարհի սիրտը, եւ ճանապարհին ավերելով ամեն ինչ մոտեցավ քաղաքի դռներին: Հուլիսի վերջին երկրամասում ստեղծված հայկական իշխանությունը՝ Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը, որոշում է կայացնում առանց կռվի հանձնվել թշնամուն:

Սեպտեմբերի 24-ին երկու հազարանոց թուրքական զորամասը մտնում է Շուշի եւ տեղավորվում թուրքական թաղում, քաղաքի դպրոցներում ու զորանոցներում: Զորքի հետ Շուշի է ժամանում նաեւ մուսավաթակաան կառավարության լիազոր ներկայացուցիչ Իսմայիլ խան Զիաթխանովը: Քաղաքում մտցվում է ռազմական դրություն, պարետ է նշանակվում Նազըմ բեյը, իսկ ընդհանուր նահանգապետ՝ Իսմայիլ խան Զիաթխանովը: Վերջինս հոկտեմբերի 1-ին ցրում է Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը, ձերբակալեց վերջինիս անդամներին ու Շուշիի հայտնի մտավորականներին, ավարտին հասցնում քաղաքի ու հարակից մի շարք գյուղերի հայության զինաթափման գործը, որից հետո սկսվում են ջարդերն ու կողոպուտը: Ճիշտ է Շուշին ընկել էր, բայց կանգուն էին մյուս գավառները՝ Ջիվանշիրը, Ջրաբերդը, Դիզակն ու Վարանդան:

1918-ի հոկտեմբերին չորս կողմից պաշարված Արցախը վերածվել էր մեծ ռազմադաշտի: Թշնամին ներսում էր ու դրսում: Ամեն օր լավ զինված նոր զորամասեր եւ արյան ու թալանի ծարավ հազարավոր մահմեդական զինյալներ էին շտապում Արցախ: Ուժերը խիստ անհավասար էին, բայց հայությունը ծնկի գալու մասին չէր մտածում: Տեղական ուժերին տասնապատիկ անգամ գերազանցող թշնամական ուժերն ու Արցախին տիրելու տենչը ի զորու չէին կոտրելու սեփական հողում ապրելու ու հաղթելու հայության կամքը:

Հոկտեմբերի 18-ին թշնամու մի զորամաս պաշարվեց ու ջախջախվեց Վարանդայի Մսմնա գյուղում: Թուրքերի դեմ տարած այդ հաղթանակը մեծ ոգեւորություն առաջ բերեց ամբողջ երկրամասում: Մի քանի օր անց թուրքական 600 հոգուց բաղկացած մեկ այլ զորամաս հետ շպրտվեց Շեխեր գյուղի մատույցներից:

Քաջազնունու կառավարությունը, որին բաժին էր ընկել թուրքերի հսկողության տակ իշխելու Արցախի տարածքին հավասար Արարատյան երկրի մի մասի վրա՝ ի վիճակի չէր օգնության ձեռք մեկնելու ո՛չ Արցախին, ո՛չ էլ Սյունիքին: ՀՀ կառավարությունը քանիցս դիմում է Ադրբեջանի իշխանություններին՝ բանակցությունների սեղանի շուրջը նստելու եւ հարցի լուծմանը խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնելու համար, սակայն Արցախին ու Սյունիքին բռնի ուժով տիրելու տենչը կուրացրել էր Ադրբեջանի ղեկավարությանը: Իրականում նրանք իրավասու չէին լուծել այդ հարցը, քանի որ Նուրի փաշան ուներ սեփական ծրագրերը եւ գործում էր Ստամբուլից եկող հրամաններով ու հրահանգներով: Միաժամանակ ՀՀ իշխանությունները բանակցություններ են սկսում Երեւանում գտնվող Օսմանյան կայսրության դիվանագիտական ներկայացուցիչ Մեհմեդ Ալիի, ինչպես նաեւ Խալիլ փաշայի հետ՝ խնդրելով կարգավորել հայ-թաթարական լարված հարաբերությունները եւ վերջ տալ ազգամիջյան կռիվներին: Վերջիններս խոստանում են ծանոթանալ իրերի դրությանը եւ փորձել Ադրբեջանի իշխանությունների հետ համատեղ գտնել լուծումներ:

Թուրք-թաթարական լայնածավալ հարձակման նախօրեին Կ. Պոլսում Ալեքսանդր Խատիսյանը հանդիպումներ է ունենում ներքգործնախարար Թալեաթի ու ռազմական նախարար Էնվերի հետ: Վերջիններս հայկական պատվիրակությանը հավաստում են, որ նման հարձակում Ղարաբաղի վրա չի լինի: Հոկտեմբերի 15-ին, ի պատասխան Խատիսյանի բողոքի, որ օսմանյան զորքերը ադրբեջանական զորամասերի հետ պատերազմում են Արցախի խաղաղ բնակչության դեմ, վարչապետ Իզզեթ փաշան հայկական պատվիրակությանը հաղորդում է, որ օսմանյան զորամասերին հանձնարարել է դուրս գալ Ղարաբաղից:

Կատաղի մարտերը Արցախում շարունակվեցին եւս երկու շաբաթ, որից հետո թուրքական զորամասերը տուն վերադարձան: Դրա պատճառը ոչ թե Օսմանյան կայսրության վարչապետի խոստումն էր, այլ այն, որ Օսմանյան կայսրությունը Մուդրոսում ստորագրել էր իր պարտությունն ազդարարող պայմանագրի տակ եւ ստիպված էր հեռանալ Այսրկովկասից: Տարածաշրջանում նրանց փոխարինեցին անգլիացիները…

#Արցախ_1918

#հաղթելու_ենք_2020

Արշալույս Զուրաբյանի էջից:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

1918թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրված հայ-թրքական պայմանագրից հետո էլ Օսմանյան…

Опубликовано Arshaluis Zurabyan Среда, 28 октября 2020 г.



Նման նյութեր