Խաղաղասիրությունից խոսում են ծննդատուն հրթիռակոծող մարդիկ. Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցուն
Advertisement 1000 x 90

Խաղաղասիրությունից խոսում են ծննդատուն հրթիռակոծող մարդիկ. Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցուն

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանի ներկայացուցիչն էր 2016 թվականին Շվեդիայում կայացած «Եվրատեսիլ»-ում, սոցիալական ցանցում հայտնել էր, որ Գերմանիայից հրավեր էր ստացել «Եվրատեսիլ-2021»-ին մասնակցելու՝ որպես տվյալ երկրի ներկայացուցիչ: Իվետա Մուկուչյանի մենեջեր Լիլիթ Հակոբյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրեր անց մամուլի ծառայությունից հեռախոսազանգ էր ստացել այն մասին, որ որոշումը փոփոխության է ենթարկվել, ինչն, ամենայն հավանականությամբ, կապված է 2016 թ. արված իր հայտնի՝ Արցախի դրոշը ծածանելու քայլի հետ, այն քայլի, որն ուղղված էր Արցախում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացմանը:

Այս թեմային «Ինստագրամ»-ում անդրադարձել էր «Եվրատեսիլ 2016»-ի Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան:

«Այս թեմայի առնչությամբ իր «շատ կարևոր» և Ադրբեջանին հատուկ, ինչպես միշտ ոչ փաստերով հիմնված կարծիքն է արտահայտել «Եվրատեսիլ 2016»-ի Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան՝ նշելով, որ երբ ինքն էր ներկայացնում Ադրբեջանը, իրենք ներկայանում էին ոչ որպես ագրեսոր, այլ հակառակը՝ խաղաղասեր՝ ի հակադրություն Հայաստանի:  Շարունակելով անհեթեթ մտքերը՝ Սամրան նաև հավելել է, որ երբ ինքն էր պատասխանում լրագրողների հարցերին, բոլորը հիացել էին, իսկ երբ Իվետա Մուկուչյանն էր քաղաքականություն մտցրել երաժշտական մրցույթում, տվյալ փաստը միայն զայրացրել էր լրագրողներին, ովքեր բացասաբար էին արձագանքել, նույնիսկ՝ սուլել: Թերևս, երգչուհին մոռացել էր, որ այս փաստը շատ հեշտ է ստուգել որոնողական համակարգի միջոցով՝ պարզապես փնտրելով համացանցում այդ կադրերը և տեսնելով լրագրողների արձագանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լիլիթ Հակոբյանը հիշեցնում է Իվետա Մուկուչյանի պատասխանը շվեդ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի դրոշը ծածանելու քայլը: Լրագրողն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը համարվում է Եվրոպայի ամենաքաղաքականացված դրոշներից մեկը:  «Անկեղծ ասած, ակնկալում էի այս հարցը: Չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Պարզապես ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի»,-նշել էր երգչուհին: Իվետա Մուկուչյանը շեշտել էր, որ լինելով հայուհի, բայց ապրելով Գերմանիայում, ինքն իրեն միևնույն ժամանակ աշխարհի մարդ է համարում և ուզում է, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը:

«Թե որքանով են հայերը ոչ «խաղաղասեր», ակնհայտ է նաև Իվետա Մուկուչյանի պատասխանից: Զավեշտալի էր նաև այն փաստը, որ Սամրան նշել էր, թե Իվետա Մուկուչյանն անձամբ ցանկություն էր հայտնել Գերմանիան ներկայացնելու, սակայն նրան դա չի հաջողվել: Ինչպես միշտ՝ Ադրբեջանին հատուկ ձեռագիր, հայտարարություն՝ առանց փաստերի կամ ինչպես Սամրայի սիրելի նախագահ Ալիևն է ասում՝ «fake news»»,-նշված է հաղորդագրության մեջ:

Արձագանքելով Սամրայի գրառումներին՝ Իվետա Մուկուչյանը նշել է, որ իր ասած յուրաքանչյուր բառ ու քայլ իր հետևում ունի հստակ ապացույցներ և հասցեատեր:

«Խաղաղասիրությունից, մարդասիրությունից, եվրոպական արժեքներից իրենց իրավունք են վերապահում խոսել մարդիկ, որոնց համար դրանք ամփոփվում են ծննդատուն կամ եկեղեցի հրթիռակոծելով, բնակելի տարածքներ ռմբակոծելով, մարդկանց սպանելով, խաբելով ու ստելով շատերին։ Լինելով Գերմանիայում ապրող հայ և աշխարհի քաղաքացի` շատ լավ գիտեմ, թե ինչ կշիռ ունի մարդու խոսքը, և իմ ասած յուրաքանչյուր բառ ու քայլ իր հետևում հստակ ապացույցներ և հասցեատեր ունի։ «Եվրատեսիլ»-ը նաև դիմացինին, նրա հայացքներն ու մոտեցումները հարգելու բացառիկ «դաս է տալիս» աշխարհին։ Ամեն դեպքում, ինչպես երևում է, ոչ բոլորն են ունակ քաղաքակիրթ բառի իմաստն ընկալելու։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայի հետ հարաբերութուններին, ապա ամեն ինչ շատ լավ է, իսկ նշած պնդումներն անհիմն են»,-նշել է Իվետա Մուկուչյանը: