Ոչ միայն COVID-19. Ո՞ր հիվանդության ախտանիշ կարող է լինել հոտի կորուստը
Advertisement 1000 x 90

Ոչ միայն COVID-19. Ո՞ր հիվանդության ախտանիշ կարող է լինել հոտի կորուստը

Հոտի կորուստը (հիպոսմիա) կարող է լինել ոչ միայն COVID-19 կորոնավիրուսային վարակի, այլ նաեւ այլ հիվանդությունների, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդության ախտանիշ: Express հրատարակչությունը, հղում անելով Պարկինսոնի հիմնադրամի տվյալներին, տեղեկացնում է, որ այս հիվանդությամբ տառապող շատ պացիենտներ հայտնել են, որ դրա զարգացումից մի քանի տարի առաջ իրենց հոտառությունը փոխվել է:

Մասնագետների կարծիքով՝ հոտառության հետ կապված խնդիրներ առաջանում են այս հիվանդությամբ տառապող մարդկանց գրեթե 90%-ի մոտ: Որոշ դեպքերում հոտի կորուստը կարող է դրսեւորվել ախտորոշումից տասը տարի առաջ: Այս դեպքում հիվանդության փուլը շարժական ախտանիշների առաջացումից առաջ տեւում է մոտ 5 տարի կամ ավելի: Հետեւաբար, հիպոսմիան կարող է պոտենցիալ կերպով օգնել հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլում:

Գիտնականներին դեռ հայտնի չէ, թե ինչու է հոտի կորուստ տեղի ունենում հենց Պարկինսոնի հիվանդության դեպքում: Հանրաճանաչ տեսություններից մեկի համաձայն՝ հիվանդությունը կարող է սկսվել հոտառական գնդարմատում (ուղեղի այն հատվածը, որը վերահսկում է հոտառությունը), ինչպես նաեւ՝ աղիքներում: Բացառված չէ, որ մարմնի այս մասերում կարող են առաջանալ ալֆա-սինուկլեինային մակարդուկներ, որոնք այնուհետեւ տեղափոխվում են ուղեղի այլ մասեր:

Հիշեցնենք, որ Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի դանդաղ ընթացող հիվանդություն է՝ բնորոշ տարեց մարդկանց: Սովորաբար այն դրսեւորվում է շարժական խանգարումներով, մկանների լարվածությամբ եւ ցնցումներով:

med.news.am