Համավարակի ժամանակ վտանգավոր է ոչ միայն վարակված մարդկանց հազը, այլեւ սովորական զրույցը: Կարելի է վարակվել անգամ 2 մետր հեռավորությունից ընդամենը կես րոպե վարակված մարդու հետ պարզապես շփվելիս: Այս մասին զգուշացնում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները:
Հետազոտության հեղինակները վիրուսի փոխանցումը մոդելավորել են՝ հաշվի առնելով կաթիլի չափերը, որոնք շրջակա միջավայրում են հայտնվում հազալու կամ զրուցելու ժամանակ, ինչպես նաեւ տարբեր գործոններ՝ վիրուսային աերոզոլի բաղադրությունը եւ նստվածք տալու ժամանակը, հայտնում է Medportal.ru-ն:
Պարզվել է, որ վիրուսի փոխանցման վտանգը նույն կերպ մեծ է հազալիս եւ զրուցելիս, եթե առանց դիմակի գտնվում են վարակվածից 2 մետր հեռավորությամբ: Նույնիսկ մեկ ժամ հետո այն բանից, երբ վարակված մարդը խոսել է ընդամենը 30 վայրկյան, օդում մնացած կաթիլային կախույթն ավելի շատ վիրուսային զանգված է պարունակում, քան հազալիս: Հենց այս պատճառով են մարդիկ այդքան հեշտ վարակվում վատ օդափոխությամբ փակ տարածքներում: Մարդը կարող է անգամ չփոխգործակցել կորոնավիրուսով վարակվածի հետ, այլ ուղղակի հայտնվել այն տեղում, որտեղ նա եղել է մեկ ժամ առաջ, եւ վարակվել:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ զրուցելիս կամ հազալիս վիրուսային մասնիկներից ընդամենը երկու վայրկյան է պահանջվում ավելի քան 2 մետր տարածությունը հաղթահարելու եւ մեկ ուրիշ մարդու հասնելու համար:
Գիտնականների խոսքով՝ քանի դեռ կորոնավիրուսը չի հաղթահարվել, անհրաժեշտ է շարունակել դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, փակ տարածքները լավ օդափոխել, որ դրանցում չկուտակվի վիրուսային աերոզոլը:
news.am