Հայաստանում ամեն տարի գրանցվում է երեխաների մոտ քաղցկեղի 80-100 նոր դեպք. Ո՞ր տարատեսակներն են ավելի տարածված
Advertisement 1000 x 90

Հայաստանում ամեն տարի գրանցվում է երեխաների մոտ քաղցկեղի 80-100 նոր դեպք. Ո՞ր տարատեսակներն են ավելի տարածված

Հայաստանում ամեն տարի գրանցվում է երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունների 80-100 նոր դեպք: Այս մասին լրագրողներին հայտնեցին Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի ղեկավար Սամվել Դանիելյանը եւ մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը:

Մասնագետների խոսքով՝ տարածվածությամբ առաջին տեղում են արյան հիվանդությունները՝ լեյկեմիան (բոլոր հիվանդությունների մոտ 30 տոկոսը), որին հաջորդում են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները, այնուհետեւ՝ լիմֆոմաները, նեյրոբլաստոմաները եւ այլն:

Մասնագետների խոսքով՝ որոշ դեպքերում երեխաների մոտ այս հիվանդությունները ժամանակին են հայտնաբերում, իսկ երբեմն էլ՝ ավելի ուշ փուլերում: Բայց ուշացած դեպքերը հաճախ ամենեւին ծնողների անուշադրության հետեւանք չեն, այլ հիվանդությունների, որոնք շատ արագ են զարգանում, որոշ ագրեսիվ ձեւերի առանձնահատկությունն են:

Մասնագետները նաեւ նշեցին, որ անցյալում հաճախ դեպքեր են եղել, երբ ծնողները այս կամ այն պատճառով հրաժարվել են երեխաների բուժումից կամ տարբեր ախտորոշիչ գործողություններից: Հիմա այդպիսի խնդիրներ գրեթե չեն լինում, եւ ծնողները հասկանում են, որ բժիշկներն ամեն ինչ անում են՝ ելնելով փոքրիկ պացիենտների շահերից:

Մասնագետների խոսքով՝ ուռուցքային հիվանդություններով երեխաների մեծամասնությունը բուժվում է Հայաստանում. այսօրվա դրությամբ անչափ սակավաթիվ են այն դեպքերը, երբ նրանց իսկապես պետք է տանել արտասահման: Ավելին՝ նրանց բուժումն անվճար է տրամադրվում՝ բարեգործական հիմնադրամների շնորհիվ, որոնք ֆինանսավորում են այս ոլորտը: City of Smile հիմնադրամն, օրինակ, արդեն վճարել է 400 երեխաների բուժումը, որն արժեցել է մոտ 700 մլն դրամ:

med.news.am