Քաղցկեղածիններն այն նյութերն են, որոնց ազդեցությունը օրգանիզմում կարող է առաջացնել չարորակ ուռուցքներ: Այդպիսի քաղցկեղածիններ են պարունակվում սննդամթերքի շատ տեսակներում: Քաղցկեղածինները դրանց մեջ են հայտնվում կա՛մ շրջակա միջավայրից, կա՛մ առաջանում են պատրաստելու ընթացքում:
Պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Յակով Յաշինը «Արգումենտի ի ֆակտի»-ի հետ զրույցում նշել է, որ քաղցկեղածինները կարող են մթերքների մեջ առաջանալ, օրինակ, բարձր ջերմաստիճանների պայմաններում պատրաստելիս:
«Երբ դուք մսային կամ խմորային ճաշատեսակներ եք պատրաստում եւ մթերքը տաքացնում եք 120 աստիճանից բարձր, դրանց մեջ սկսում են առաջանալ երկու տեսակի քաղցկեղածին նյութեր: Դրանք մեր բջիջներում մուտացիաներ են առաջացնում եւ նպաստում քաղցկեղի զարգացմանը»,- ասել է մասնագետը:
Մասնագետը կոչ է անում առաջին հերթին պակասեցնել ցանկացած ապխտած մթերքի (միս, ձուկ, շպրոտներ, պանիր) գործածումը կամ դրանց գործածումից հրաժարվել, քանի որ դրանց մեջ ստեղծվում են պոլիբուրավետ ածխաջրածիններ, այդ թվում՝ բենզպիրեն: Բայց վտանգավոր կարող են լինել նաեւ այնպիսի մթերքները, ինչպես՝ հացը, կարկանդակը, չիպսերը եւ տապակած ու թխված այլ մթերքները, որոնք «չորուկ» ունեն, քանի որ դրանց մեջ պարունակվում է ակրիլամիդ:
«Չորուկով» մսի արտադրանքի մեջ (խորոված, գրիլ, բարբեքյու) պարունակվում են հետերոցիկլիկ ամիններ, իսկ մսային եւ երշիկային արտադրանքներում՝ նիտրոզամիններ: Հատիկավորները, գետնընկույզը, պիստակը հաճախ պարունակում են միկոտոքսիններ, որոնք նույնպես կարող են վտանգավոր լինել:
«Բայց, մյուս կողմից, մեծ թվով մթերքներ կան, որոնք դրանց ազդեցությունն արգելափակող նյութեր են պարունակում: Ուստի այսպիսի մթերքների գործածումը պաշտպանում է կամ կասեցնում ուռուցքային հիվանդությունների զարգացումը: Մեծ թվով հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ այդպես են ազդում բուսական սնունդում պարունակվող պոլիֆենոլները»,- ասել է մասնագետը:
Նա քաղցկեղի դեմ պաշտպանական ազդեցություն ունեցող մթերքների ցանկում ներառել է կանաչ թեյը, կակաոն, կարմիր գինին, մրգերը (հատկապես՝ դեղին եւ նարնջագույն), հատապտուղները (հատկապես՝ լոռամրգին եւ խաղողը), սոխը, քրքումը եւ կանաչեղենը, ձիթապտուղը, ձիթապտղի յուղը, լոլիկը, կարմիր ձուկը եւ ձկնկիթը, մանր ծովախեցգետինը, ջրիմուռները, սոյան, մանանեխը, կաղամբը (հատկապես՝ բրոկոլին), կտավատը, աշորան, դդումը եւ շաղգամը: