Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի հուշարձանի հրկիզումը աղմուկ է բարձրացրել մամուլում և սոցցանցերի հայկական տիրույթում։
Նշենք, որ հուշարձանը տեղադրվել էր նախորդ տարի՝ Գանդիի 150-ամյակի կապակցությամբ՝ Երևանի ավագանու որոշմամբ։ Այն յուրահատուկ բարեկամական ժեստ էր պաշտոնական Նյու Դեյլիի նկատմամբ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը դատապարտեց կատարվածը`այն անվանելով վանդալիզմ։
«Այս քրեական հանցանքն ինքնին նողկալի է և միանգամայն անընդունելի, բացի այդ դրա մոտիվները որևէ կերպ հասկանալի չեն»,-ասաց նա։
Կարապետյանը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը պետք է բավականի խիստ գնահատական տա կատարվածին, որովհետև երևույթը շատ տհաճ է և Հայաստանին պատիվ չի բերում։
Անդրադառնալով Երևանում գտնվող հուշարձանների պահպանությանը`Հակոբ Կարապետյանը շեշտեց, որ Երևան քաղաքում հարյուրավոր հուշարձաններ կան և արդարացված չի լինի դրանց մոտ հատուկ պահպանության միջոցների կիրառումը։
Նրա համոզմամբ՝ ոստիկանությունն այնքան խիստ միջոցներ պետք է կիրառի, որ բացառվեն վանդալիզմի դեպքերը։
Նշենք, որ հուշարձանի հետ կապված աղմուկը գրեթե համընկել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հետ։ Բանն այն է, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն ապրիլի 24-ին Twitter-ի իր էջում փոքրիկ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ապրիլի 24-ին Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը» ։ Օգտագործվել էր հենց «ցեղասպանություն» եզրույթը։ Բայց մի քանի ժամ անց գրառումը խմբագրվել էր և «ցեղասպանություն» բառը հանվել։ Ստացվել էր՝ «Ապրիլի 24-ին Հայաստանը հիշատակում է զոհերի հիշատակի 106-րդ տարելիցը։ Դեսպան Կ․Դ․ Դեվալը հարգանքի տուրք է մատուցել այս մեծ ողբերգության նահատակներին և ծաղկեպսակ դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»։
Դրանից մի քանի օր անց` ապրիլի 28–ին, անհայտ անձինք հրկիզել էին Գանդիի հուշարձանը։ Հայկական մի շարք Telegram-ալիքներ ապրիլի 28-ի երեկոյան հրապարակել էին լուսանկարներ, որոնցում արձանը կրակի մեջ էր: Իսկ դրանից երկու օր առաջ հուշարձանի վրա հավի ձվեր էին նետել։