Զիմբաբվեի բնակիչը, որն ունի 16 կին և 151 երեխա, մտադիր է կրկին ամուսնանալ, գրում է The Herald թերթը:
Մբիրե շրջանից 66-ամյա Միշեկ Նյանդորոն պնդում է, որ «բազմակին ընտանիքը» իրականում նախագիծ է, որը նա սկսել է 1983 թվականին: Ներկայում նրա 50 երեխաները սովորում են դպրոցում, 6-ը ծառայում են Զիմբաբվեի ազգային բանակում, 2-ը ոստիականության սպա են, իսկ մյուս 11 երեխան աշխատում են այլ մասնագիտություններում: Նրա 13 դուստրերը և 23 որդիները ամուսնացած են: Որդիներից մեկը «գնացել է Նյանդորոյի հետքերով» և ամուսնացել է չորս կանանց հետ:
Տղամարդը կարծում է, որ իր նախագիծն արդեն սկսել է իր «պտուղներ» տալ: Մասնավորապես, երեխաներն ամեն օր իրենց հայրիկին նվերներ են տալիս և ֆինանսական օգնություն ցուցաբերում:
«Կանանցիցս յուրաքանչյուրն ամեն կերպ փորձում է եփել ամենահամեղ կերակուրը, որովհետև, ըստ կանոնի, ես ուտում եմ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս և դեն եմ նետում անհամ ուտեստները», – ասել է նա՝ նշելով, որ կանայք չեն վիրավորվում նման վարքից, այլ ընդհակառակը, սովորում են ավելի լավ պատրաստել:
Նյանդորոյի հարսանիքը 16-րդ կնոջ հետ տեղի է ունեցել 2015 թվականից: Դրանից հետո նա նախատեսում էր ևս մեկ կնոջ հետ ամուսնանալ, բայց չէր կարողացել ընտանիքում ֆինանսական դժվարությունների պատճառով: Այժմ, երբ իրավիճակը բարելավվել է, տղամարդը նախատեսում է նորից ամուսնանալ և արդեն գտել է «հարմար երկրորդ կես»: Տոնակատարությունը նախատեսված է հունիսին:
Ըստ նրա, եթե տնտեսությունը կայունանա, հաջորդ տարի նա կունենա ևս երկու-երեք կին և մի քանի երեխա:
«Վերջին վեց տարվա ընթացքում ես 22 երեխայի հայր եմ դարձել: Ես չեմ պատրաստվում բավարարվել արդեն ձեռք բերվածով: Ես լի եմ էներգիայով և ինձ այնքան աշխույժ եմ զգում, ինչպես զգում էի 18 տարեկանում: Ես կատարում եմ իմ ամուսնական պարտականությունները չորս գիշերվա ընթացքում միջինում չորս կնոջ հետ: Մեկը մյուսի հետևից ննջասենյակներ եմ մտնում: Դա իմ գործն է: Ես այլ պարտականություններ չունեմ: Նրանք հոգ են տանում իմ մասին և, ինչպես տեսնում եք, նրանք երջանիկ են»,- շեշտել է տղամարդը:
Նյանդորոն կարծում է, որ միայն Աստված իրավունք ունի որոշելու, թե տղամարդուն քանի կին և երեխա է վիճակված ունենալ:
«Եթե դա Ամենազորի կամքն է, ես հարյուր կին և հազար երեխա կունենամ»,- բացատրել է նա:
Նշենք՝ Նյանդորո ընտանիքը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ: Կառավարությունը վերջերս նրան տրամադրել է լրացուցիչ 93 հա տարածք Մվուրվի լեռների հարևանությամբ: