Աշխարհում առանց բժշկական ցուցումների ծննդաբերության խթանման դեպքերի թիվն աճել է 3 անգամ. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Աշխարհում առանց բժշկական ցուցումների ծննդաբերության խթանման դեպքերի թիվն աճել է 3 անգամ. գիտնականներ

Որոշ իրավիճակներում ծննդաբերության խթանումը (ինդուկցիան) կարող է փրկել մոր եւ երեխայի կյանքը, բայց վերջերս բժիշկներն ավելի ու ավելի հաճախ են առաջարկում արագացնել գործընթացը հղի կնոջ համար առանց բժշկական ցուցումների: Նման եզրակացության են հանդել Սիդնեյի համալսարանի գիտնականները (Ավստրալիա):

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ փորձագետները որոշել են ուսումնասիրել ինդուկցիայի ազդեցությունն աշխատանքի ընթացքի վրա եւ երկարաժամկետ հետեւանքները երեխաների առողջության վրա: BMJ Open ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նրանք վերլուծել են 2001-ից 2016 թվականներին Նոր Հարավային Ուելսում գրեթե 475.000 ծնունդների տվյալները: Կանանց 15 տոկոսի մոտ խթանումը կատարվել է առանց բժշկական ցուցումների 37 եւ 39 շաբաթների ընթացքում: Ըստ գիտնականների՝ 16 տարվա ընթացքում ինդուկցիայի օգտագործման դեպքերի թիվն աճել է 3 անգամ:

«Արգանդում գտնվելու այդ վերջին մի քանի շաբաթները կարեւոր են ուղեղի եւ այլ օրգանների, այդ թվում թոքերի զարգացման, ինչպես նաեւ արյան մեջ շաքարի եւ մարմնի ջերմաստիճանի մակարդակի վերահսկման համար»,- նախազգուշացրել են գիտնականները:

Ուսումնասիրության արդյունքները հստակ ցույց են տվել խթանումից հետո տարբեր բարդությունների աճի ռիսկը՝ ինքնաբուխ ծննդաբերության համեմատ: Այդպես, առաջին անգամ ծննդաբերող կանանց շրջանում ինդուկցիայից հետո կեսարյան հատում պահանջվել է 29.3 տոկոսի դեպքում, մինչդեռ առանց խթանման ծննդաբերող կանանց խմբում՝ ընդամենը 13.8 տոկոս: Տարբերություններ են հայտնաբերվել նաեւ այլ ցուցանիշներում. Էպիդուրալ անզգայացման անհրաժեշտություն (71 տոկոս 41.3՝ տոկոսի դիմաց), գործիքների օգտագործում (28 տոկոս՝ 23.9 տոկոսի դիմաց), հետծննդաբերական արյունահոսություն (2.4 տոկոս՝ 1.5 տոկոսի դիմաց):

Գիտնականները ինդուկցիայի միայն մեկ դրական ազդեցություն են հայտնաբերել. խթանում ստացած կանանց մոտ հեշտոցի մուտքի պատռվածքներն ավելի քիչ են եղել՝ 4.2 տոկոս՝ 4.9 տոկոսի դիմաց:

news.am