Վրաց գահակալները հայոց գահին
Advertisement 1000 x 90

Վրաց գահակալները հայոց գահին

թվականին հայոց Արտաշեսյան Էրատո թագուհին հրաժարվեց գահից: Արտաշեսյան հարստությունը մարեց: Օգտվելով առիթից՝ հռոմեական զորքը գրավեց Հայաստանը: Սակայն Հռոմը Մեծ Հայքի թագավորությունն անկարող էր սովորական հռոմեական պրովինցիայի վերածել: Նրանք հայոց երկրում կառավարումն իրականացնում էին դրածո թագավորների միջոցով: Եվ առաջին դարում հայոց գահին բազմեցին նաև ազգությամբ վրացի գահակալներ…

Այս ժամանակաշրջանում վրաց գահին հայկական ծագումով, Երվանդունիների ազգակից Փառնավազյանների տոհմն էր իշխում: 35 թվականին գահ է բարձրանում Փարսման Ա թագավորը, (35-74) ում կառավարման տարիներին փոքրիկ Վիրքը, որ մինչ այդ մշտապես հայոց քաղաքական, տնտեսական ու մշակութային ազդեցության տակ էր, իրականում լինելով Մեծ Հայքի թագավորության մի կցորդը, հզորանում է և առաջին անգամ դուրս է գալիս միջազգային՝ արտաքին քաղաքական ասպարեզ: Սրանում ինչ խոսք, գործուն աջակցություն էր ցուցաբերում Հռոմը, քանզի հռոմեացիներին ձեռնտու էր իրենց թշնամի զորեղ Մեծ Հայքի թագավորության թիկունքում ունենալ ազդեցիկ հակակշիռ:

Հենց այդ պատճառով էլ հռոմեացիները հայոց գահը 35 թվականին հանձնեցին վրաց Փարսման Ա արքայի եղբայր Միհրդատին: Միհրդատը միաժամանակ իր եղբոր փեսան էր՝ դստեր ամուսինը: Իսկ նրանցից ծնված դուստրը՝ Զենոբիան, Փարսմանի որդի Հռադամիզդի կինն էր:

Փարսման Ա երկու կին ուներ՝ վրացուհի Դադանան և հայուհի Համազասպուհին: Փարսմանի և Դադանայի որդին էր գահաժառանգ Հռադամիզդը: Իսկ երկրորդ թագուհի Համազասպուհին վրաց գահի համար թեկնածու էր առաջադրել իր որդուն՝ Համազասպին: Սակայն վրաց արքունիքի համակրանքն ու աջակցությունը Հռադամիզդի կողմն էր, ումից վախենում էր նաև հայրը՝ Փարսման արքան:

Միաժամանակ, Հռոմը որպեսզի միշտ իր ազդեցության տակ պահի նաև Վիրքի թագավորությունը, իր գործակալների միջոցով հաճախ երկպառակտչական ելույթներ էր հրահրում վրաց արքունիքում: Մասնավորապես, վախենալով Փարսման Ա արքայի հզորությունից, նրան իր ազդեցության տակ պահելու նպատակով Հռոմը որպես վրաց գահի հավակնորդ, առաջ քաշեց Փարսմանի որդու՝ Հռադամիզդի թեկնածությունը: Վերջինս դեմ չէր գահակալել, սակայն վախենում էր հոր դեմ բացահայտ ելույթից: Իր հերթին, Փարսման Ա իր որդու հավակնությունները չեզոքացնելու համար նրան դրդեց պատերազմել հորեղբոր՝ հայոց թագավոր Միհրդատի դեմ: Սրանով վրաց արքան երկու խնդիր էր լուծում. Բազմեցնելով հայոց գահին իր որդուն՝ Հռոմի քաղաքականությունը Վիրքում տապալում էր և ամրապնդում իր իշխանությունը: Միաժամանակ, նա հանդես էր գալիս Հռոմի դեմ և ամրապնդում իր պետության դիրքերն ու հեղինակությունը:

Ի վերջո, Փարսմանը կարողացավ համաձայնության գալ իր որդի Հռադամիզդի հետ և դավ նյութել հայոց թագավոր Միհրդատի դեմ: 51 թվականին Հռադամիզդը եկավ Արտաշատ մայրաքաղաք իր հորեղբոր մոտ, իբր, գժտված է հոր հետ և փախել է Համազասպուհի թագուհու դավերից: Միհրդատը հավատալով եղբորորդուն՝ ընդունեց նրան սիրով:

Այստեղ Միհրդատը կարճ ժամանակում իր շուրջը համախմբեց հռոմի դրածո Միհրդատի քաղաքականությունից դժգոհ հայ ավագանուն:

Ապա Հռադամիզդը հոր հետ հաշտվելու պատրվակով վերադառնում է Վիրք և այնտեղ Փարսման արքայի հետ հղանում Միհրդատի վերջնական կործանումը: Փարսմանը նամակ է ուղարկում եղբորը՝ հայոց թագավոր Միհրդատին և նրան մեղադրում դավաճանության մեջ. Երբ վրաց արքան պատերազմում էր աղվանների դեմ, եղբայրը՝ Միհրդատը, զլացել է օգնության փութալ: Այդ պատճառով Փարսմանն սպառնում է Միհրդատին և ըստ էության՝ պատերազմ հայտարարում նրան: Նրա ցուցումով որդին՝ Հռադամիզդը, մեծ զորքով ներխուժում է Հայաստան:

Քանի, որ մայրաքաղաք Արտաշատում Հռադամիզդի նյութած դավերի արդյունքում Միհրդատն այլևս աջակցություն չուներ հայ ավագանու շրջանում, ապաստանում է Գառնու անառիկ ամրոցում:

Ի դեպ, ամրոցը պաշտպանված էր ոչ միայն Միհրդատի և հայոց զորքի, այլև՝ հռոմեական կայազորի կողմից: Համառ գրոհներն արդյունք չեն տալիս: Գառնին  պաշտպանվում է: Այնժամ Հռադամիզը կաշառում է հռոմեական զորքերի պրեֆեկտ Կելիոս Պոլիոնին: Սակայն վերջիս անկարող էր որևէ բան անել առանց ցենտուրիոն Կասպերիոսի, ով փաստացի, Հռոմի ներկայացուցիչն էր Մեծ Հայքում: Կասպերիոսը Հռադամիզդից զինադադար է խնդրում և շտապում Վիրք՝ որպեսզի բանակցի Փարսման արքայի հետ ու դադարեցնի պատերազմական գործողությունները:

Օգտվելով Կասպերիոսի բացակայությունից՝ կաշառված Պոլիոնը համոզում է Միհրդատին՝ դուրս գալ բերդից և բանակցել եղբորորդու հետ:

Բանակցությունների ժամանակ Հռադամիզդը կյանքի ապահովություն է խոստանում Միհրդատին, երաշխավորելով, որ նրան չի սպանի ո՛չ սրով, ո՛չ թույնով: Սա համարելով երաշխիք՝ Միհրդատը Հռադամիզդին ներս է թողնում Գառնի: Իսկ վերջինս, պահպանում է իր խոսքը՝ չի սպանում հորեղբորը ո՛չ սրով, ո՛չ թույնով. Այլ հրամայում է գցել գետնին ու խեղդամահ անել՝ վրան բազմաթիվ ծանր գորգեր փռելով: Հռադամիզդի հրամանով սպանվում է նաև իր քույրը՝ Միհրդատի կինը: Սպանվում են նաև նրանց զավակները, քանզի համարձակվել էին ողբալ ծնողների մահը:

Եվ վրացի Միհրդատի փոխարեն, հայոց գահ է բարձրանում վրացի Հռադամիզդը:

Կատարվածի հետ հաշտվում է նաև Հռոմը, քանզի հռոմեական արևելյան քաղաքականության բովի մեջ էր, նվաճած երկրներում նման խառնակչություններ սերմանել և հրահրել:

Արդյունքում՝ նույն 51 թվականին, Կապադովկիայի կուսակալ Պելիգնոսը Հռադամիզդին Արտաշատ մայրաքաղաքում թագադրում է որպես հայոց թագավոր:

Սակայն Հռադամիզդին վիճարկված չէր երկար վայելել նենգությամբ ու ստորությամբ ձեռք գցաց հայոց գահը: Հայաստանում Հռոմի և իր դրածոների դեմ ըմբոստություն էր հասունանում: Միաժամանակ, հզորացել էր հայերի ցեղակից ու բարեկամ Պարթև Արշակունիների թագավորությունը: Եվ հայ ավագանին դիմեց պարթևաց Վաղարշ արքային՝ միասնաբար հանդես գալ Հռոմի դեմ. Որպես փոխհատուցում, հայ ավագանին համաձայն էր պարթևաց արքայի եղբորը՝ Տրդատին տեսնել հայոց գահին:

52 թվականին Տրդատ Արշակունին, հայ ավագանու հրավերով, պարթևական օգնական զորքի ուղեկցությամբ մտավ Մեծ Հայքի թագավորություն:  Հայերն ապստամբեցին Հռոմի դեմ և երկրի երկու խոշոր քաղաքները՝ Արտաշատն ու Տիգրանակերտն առանց դիմադրության, հյուրընկալությամբ բացեցին դարպասները Տրդատ Ա արքայի առաջ: Ինչպես հաղորդում է հռոմեացի պատմիչ Տակիտոսը՝ Հռադամիզդին ոչինչ չէր մնում անել, քան ապավինել իր ձիերի արագավազությանը: Նա ճողոպրեց Վիրք՝ հոր մոտ:

Սակայն անգամ Հռադամիզդի փախուստը չանցավ առանց ոճրագործության: Որպեսզի իր հղի կինը՝ Զենոբիան, չընկնի հայերի ձեռքը, նա իր սրով խոցեց նրան և քարշ տալով Արաքս գետի կամրջի մոտ՝ վիրավոր հղի կնոջը նետեց գետը:

Սակայն Զենոբիան չմահացավ: Հորդառատ Արաքսը նրան քշեց որոշ տեղ, ապա նրան փրկում են հայ ձկնորսները:  Վիրավոր Զենոբիային հայ գյուղացիները տանում են Արտաշատ մայրաքաղաք և հանձնում արքունիք: Տրդատ արքան ընդունեց իր ոսոխի կնոջն ու ապահով պահեց արքունիքում: Նա ծննդաբերեց և արու զավակ ունեցավ, ում անվանակոչեցին պապի անունով՝ Փարսման: Հետագայում նա գահ բարձրացավ Վիրքում, իբրև Փարսման Բ և թագավորեց 100-114 թվականներին:

Իսկ Հռադամիզդը Հռոմի օգնությամբ, 53 թվականին կրկին ներխուժում է Հայաստան: Պարթևներն անկարող էին օգնել Տրդատ Ա արքային և վրաց-հռոմեական ուժերը կրկին գրավում են Մեծ Հայքի թագավորությունը: Մեկ տարի անց, հայերը կրկին ապստամբում են: Ապստամբները պաշարում են Արտաշատ մայրաքաղաքի արքունական պալատը: Հռադամիզդը խույս տալով մահից՝ արդեն ընդմիշտ հեռցավ Վիրք, իր հետ տանելով նաև կնոջն ու որդուն:

Իսկ Վիրքում փառատենչ որդին դավ նյութեց հոր՝ Փարսման Ա դեմ, անգամ կարողացավ գահազրկել նրան ու վրաց գահ բարձրանալ: Սակայն ի վերջո՝ Փարսման Ա կարողացավ հաղթել ու կրկին գրավել վրաց գահը՝ սպանելով Հռադամիզդին:

Փարսմանը հայոց երկրի դեմ թշնամանք էր տածում, և մի քանի անգամ փորձեց հանդես գալ Տրդատ Ա դեմ: Սակայն Մեծ Հայքում Տրդատ Ա Արշակունին այլևս ամուր հենարան ուներ և նա պատվով ու հաղթանակով դուրս եկավ այդ պատերազմից:

Վահէ Լոռենց

Տպագրվել է «Անկախ» շաբաթաթերթում, 2018 թվականի սեպտեմբերի 27-ին: