Երկու քայլ աջ, ձախ՝ հարված. Աղավնի Գրիգորյան. granish.org
Advertisement 1000 x 90

Երկու քայլ աջ, ձախ՝ հարված. Աղավնի Գրիգորյան. granish.org

Երևանի մետրոյի յուրահատուկ, վաղուց մոռացված բույրը, պայուսակումս դրված վիպակը, որ այս քանի օրը վերադարձրեց ինձ մանկություն, քամին, որ տաք, փոշոտ շնչով խփում է դեմքիս` միախառնվել, հույզերի փոթորիկ են դարձել ու հաստատում են. տանն եմ` թեկուզ կարճ ժամանակով: Թղթին արագ-արագ սղագրում եմ մի քանի նախադասություն, որ վաղուց պտտվում են ուղեղիս մեջ: Գնացը դըխկդըխկում է, ու գիրս վերուվար է անում սրտի կարդիոգրամայի պես:

…Ձմեռ է, երկրորդ տարին է` անկախ ենք, սովորել ենք անլույս ապրելուն: Փողոցի սեփական տները քողարկված, բայց լուսավորվում են, բոլորը՝ բացի մերից: Ո՛վ ավտոմեքենա ունի, ո՛վ գողացած հոսանք: «Սանտա Բարբարայի» չեմ հիշում որերորդ տարին է, ու դիմացի հարևանի տանը կես ժամանոց երջանկություն ենք գողանում մեր մութ ու ցուրտ ձմեռից:

Ինչ-որ բան փոխվեց դեռ նախանցյալ տարի՝ հուլիսին, օդանավակայանում. մի խումբ դպրոցականներ հավաքված բազմության միջով վերադառանում են արտերկրից: Ծնողներին մոտ չեն թողել, միլիցիայի աշխատակիցները ճանապարհ բացեցին ու ամբոխի միջով բարեհաջող հասցրին նրանց վախից պապանձված ծնողներին: Վաղը կունենանք առաջին զոհը անկախության ճանապարհին:

Դպրոցից մի խաչմերուկ է մինչև Ազատության հրապարակ, իսկ դպրոցի բակում՝ հենց բասկետբոլի դաշտում, ցրտին, որպես պատիժ շրջանաձև վազում են ավագ դասարանցի տասնհինգ-քսան աշակերտ, որոնց «որսացել են» դպրոցի ետնաբակից կամ մի խաչմերուկ ներքև մի քանի «նվիրյալ» ուսուցիչների ջանքերով. դասերից կես ժամ շուտ կանգնում են դպրոցին հարակից տարածքում` հատուկ աչքի չընկնող մասերում, որ դպրոց ուղղորդեն Ազատության հրապարակ գնացող բարձր դասարանցիներին: Տնօրենի ազդու, սառցե հայացքը վկայություն է, որ դեռ տասնյակ տարիներ պիտի վազենք նույն շրջանով, մինչև հասնենք մեր ներսի ազատությանն ու անկախությանը:

Ճանապարհը տանում է ուղիղ Խնկո Ապոր գրադարան, անկախությունը վախվորած, կաթիլ-կաթիլ ներս է լցվում` գրադարանում հոդվածներ արտագրելով ու առաջին պետականության հռչակագիրն անգիր անելով: Գ.Մահարու «Ծաղկած փշալարը» պայուսակումդ է, պիտի հասցնես դասամիջոցին թաքուն կարդալ, որովհետև ծնողներդ չգիտեմ ումից են խնդրել ընդամենը մի քանի օրով:

Ուսուցիչներն էլ անկախացման ուրույն ճանապարհ են անցնում` լռել ցանկացողներ, և չցանկացողներ, լռել ցանկացողներն ավելի շատ են կարծեմ: Մեր դասղեկն էլ անկախությունից «սպասելիքներ» ունի. մեկ-երկու բառ` չլռեց: Արձագանքը չուշացավ, նոր դասղեկ ունենք: Պատմության ուսուցիչն արդեն թոշակառու է, հաջորդ տարվանից չի աշխատելու, միակ մարդն է, որ առանց վարանելու բաց տեքստով խոսում է հնարավոր հանգուցալուծումներից: Մեզ թույլ տվեց պատմության կաբինետը վերափոխել: Հայդուկների նկարներ տպեցինք, մեր դասարանի Վազգենն էլ նոր շրջանակներ պատվիրեց: Մեկ ամիս մաքրում էինք պատերը, սպիտակեցնում ու մենք էլ սպիտակ փոշու հետ անկախության սերմերը կուլ տալիս: Դեռ համազգեստով ենք, արևմտյան դեմոկրատական հայացքները մեր դասարան մտան Տաթևի ըմբոստ կերպարով, որ համարձակ կանգնեց և տնօրենին հայտարարեց` համազգեստը կոտրում է անհատի «ես»ը, գնաց ու սիրուն նստեց իր տեղն ու…սառույցը հալվեց , որովհետև երերուն էր:

Եվրոպան հեռու էր, Ազատության հրապարակը` քթի տակ:

«Ղա-րա-բաղ, մի-ա-ցում…» կանչում էր շեփորն ամեն օր դպրոցիս ճանապարհին, դասից տուն գնալիս ու դպրոցում եղած ժամերին: Ձեռքերը վեր պարզած` մենք չգիտեինք ինչ ենք ուզում, մեր ծնողները գիտեին, կամ կարծում էին, թե գիտեն: Ամառ չեկավ, իսկ հաջորդ ձմեռ ժամացույցը կանգնեց տասնմեկ քառասունի վրա ու երկիրը վերածվեց գերեզմանոցի:

Արդեն երկու տարի քայլում ենք անկախ հողի վրա: Ուսանող եմ. անկախությունը վառարանի վրա խորոված կարտոֆիլի հոտով եկավ, կարագի ու շաքարավազի կտրոններով ու հացի հերթում` հացի կարոտով: Եկավ, կանգեց ու ծիծաղեց մեզ վրա.

– Եկել եմ,- ասեց. դե վայելե՜ք, ո՛վ ոնց կարող է, ո՛վ ընդունակ է գողանալ, կարևոր չի ումից. գողանալ մտերիմից, հարևանից: Նախորդ պետությունից մնացած բարոյական քարոզները նորում պետք չեն գա, հաստա՛տ:

Փողոցի սեփական տները քողարկված, բայց լուսավորվում են, բոլորը՝ բացի մեր տնից: Ո՛վ ավտոմեքենա ունի` ո՛վ` գողացած հոսանք:
Ձմեռ է: Հացի հերթի մեջ ենք` ես ու քույրերս: Մեր «տան տղան» մենք չորսս ենք: Երկու քայլ աջ, մի քայլ ձախ` դոփում ենք ռիթմով, որ ոտքերի մատները չսառչեն: Հարևանի տղան էլ կողքից ավելի աշխույժ ընկերակցում է: Մեզանից տարիքով փոքր է ու մեծի հոգատարությամբ ենք վերաբերում: Երբեմն զայրանում է. ավելորդ փաղաքշանք չի ընդունում: Հիմա էլ հերթի մեջ մեր կողքին կանգել է, ինչքան էլ համոզում ենք, որ տուն գնա, հետո գա` մի ժամից հազիվ հաց ստանան…

Մեր ուրախությունն է. հերթ կանգնելը յուրօրինակ փոքրիկ համերգ է դառնում: Ազգագրական երգ-պարի փոփուռին հալեցնում է սառած գետինն ու հերթում կծկված տատի- պապիների կնճիռները ժպտում են հատիկ-հատիկ: Երբեմն Փայլակ պապը ձեռքը թափ է տալիս ու բեղերի տակից դժգոհում.

– Մենակ երգելն էր պակաս:
Կողքից անմիջապես մի նիհար ու ճմրթված Արուս տատի, որի մազերին երբեք քիմիա չի կպել ու հոգին էլ մազերի պես ճերմակ է, անմիջապես վրա կբերի.

– Թող երեխեն երգի, երգելն էլ հո տալոնո՞վ չի:

Հետո, երբ սառենք այնքան, որ Հրաչոյի ձայնը խզվի ու մենք հինգով իրար փափաթվենք, վերարկու դառնանք, մտքում տասներորդ անգամ երանի տանք ծառին թառած ճնճղուկներին, որ մի փշուր հացի համար երեք ժամ հերթ չեն կանգնում, բայց ամեն առավոտ մեր պատուհանագոգին փշրած հացը ուտում, գոհ ծլվլում են, հորեղբորս աղջկա ոտքի մատները կուռեն, կսառեն ու դեռ տարիներ անց էլ, եղանակի աննշան փոփոխությունից կծկծալով, կհիշեցնեն «հացի գինը»:

Մի ուրիշ Ծովիկ տատի՝ ծովի պես կապույտ ու երկնքի պես թաց աչքերով, կասի.

– էրեխեք ջան, ապրե՛ք: Դուք դեռ էնքա՜ն լավ օրեր պիտի տեսնեք: էս մութն ու ցուրտն էլ կմոռանաք:

Երևի մոռացանք… որովեհետև չորսս էլ վաղու՜ց երկրից գնացել ենք:

Հացի մեքենան եկավ ու ներսից լիքոտ, հաստակոնք աշխատողը` Ջուլիկը, դուրս եկավ ու մարդկանց վրա գոռգռաց, որ չխմբվեն, թողնեն հացը ներս տանի:

Թաղի հայտնի հացի խանութն է: Մանկուց ա՛յս խանութից է մեր սեղանի հացը, աշխատողներն էլ նույնն են՝ անփոփոխ, ու բոլորին անգիր գիտեն:

Անկախությունը եկավ, հացի խանութի դռները փակվեցին: Մի պատուհանիկից են հացը վաճառում: Շատ բան է փոխվել: Ջուլիկն անփոխարինելի է, իր տեղում, պաշտոնն էլ համարյա նախարարի պաշտոն` թաղի «հացի նախարարն» է:

Միշտ մտածել եմ, որ բոլոր հացավաճառներն ու բուֆետչիկները քույրեր են, կամ գոնե ազգականներ` նույն հաստ ուղղանկյուն մարմինը, մեծ, երկուական կախ կիսագնդերով` առջևից ու հետևից, որ կարճլիկ ոտքերով են ավարտվում, ասես ուրիշը չեն գտել , հարմարեցրել են եղածն ու ծուռ ձգել: Դրա համար ճոճվելով է՛լ քայլում են: Բզով ծակած աչքեր, որ դեռ է՜ն թվերին, տեսախցիկ չեղած ժամանակ, տեսախցիկից արագ ֆիքսում ու գրանցում են ո՛չ միայն գնորդին, այլ մի հայացքով որոշում են նրա մի ամսվա աշխատավարձը, ամառային արձակուրդների հնարավոր վայրն ու ամեն անգամ մանրն իրենից աքցանով պոկելուց հետո ձեռքը տանում սրտին` ավելի ստուգելու համար լիֆի մեջ պահած խրձով թղթադրամը:

Բեռնակիրը հացը ներս տարավ, ու քթներիս խփեց տաք հացի թարմ բույրը: Անգամ ծառի ճյուղերին թառած ճնճղուկները ոգևորվեցին: Առաջին տասը հոգին հաց առավ, մեկ էլ Ջուլիկը բարակ գծով հանած ունքերը լարի պես ձգեց ու լարով մեկ ճղղա՜ց.

– Հացը վերջացավ, գնացե՛ք, իրիկունը եկեք, իրիկունը շատ կստանանք:

Հերթը տեղից չշարժվեց: Ջուլիկն արմունկով բզեց կողքը կանգնած նիհար քրջոտ բեռնակրին, որ զագսի թույլ կնիքով իր ամուսինն էր: Վերջինս առաջ եկավ, ավելի խեղճ ձայնով դիմեց հավաքված մարդկանց.

-Ժողովու՛րդ, ցրվեք տներով, հացը քիչ էր, իրիկունը շատ կբերեն, բոլորիդ կհասնի:

Փայլակը բեղերն ոլորեց ու քայլ դրեց դեպի լղար բեռնակիրը.

-Մի հատ որ տվել եմ է՜… ձե՞ռ ես առնում: Էսքան ժողովրդին ձե՛ռ եք առնում, մի ավտո հաց նոր ստացար, տնօրենիդ կանչի՛ր:

Ջուլիկը տնօրենի անունը լսեց, երեկվա խտտոցը հիշեց երևի, որովհետև աչքերը փայլեցին ու ձեռքը սրտին տարավ (կամ փողերին, ի վերջո մի հաշիվ է): Ներսից գոռաց նույն լարի վրա.

– Փայլա՛կ պապի, տնօրենը քո նման պարապ չի, զբաղված մարդ ա, գործիդ անունն ի՞նչ ա. գնա երկու ժամից կգա՛ս, չես ուզում, մնա սառի:
Հայացքով փնտրեց իր ընկերուհի «ինտուրիստ» Սուսանին, որ հերթի մեջ էր ու երկու տոպրակ կռնատակին ` նշանի էր սպասում, աչքով արեց. իբր, հենց ցրվեն` արի՛, հացդ պահել եմ: Ու մեկ այլ ծղրտան նոտա վերցրեց.

-Լավությունն էլ չի անցնում, դե սառե՛ք,սատկե՛ք:

Փայլակը բռնեց Համոյի օձիքը

– Համո՛, ես կռված մարդ եմ, էն աշխարհ գնալուց առաջ բանտի ճաղերով էլ կանցնեմ, օ՛ֆ էլ չեմ անի, կնկադ ասա` հացը տա էս մարդկանց: Վեց արկղ դատարկեցիք աչքներիս առաջ,- ձայնը դողաց ու թողեց Համոյի օձիքը,- լավ դուք նամուս չունե՞ք, հո թուրք չեք, ա՛յ մարդ, հացը, մարդու հացը կկտրե՞ն:
Հրաչոն ձեռքով արեց ինձ, որ կռանամ.

– Անի՛, ես գիտեմ հացն ինչ են անում, գող Վալոդին են ծախում, տեսել եմ երեկ:

Գլխով արի, որ սուս մնա, չհասցրի ձեռքը բռնել, պլստաց փախավ մարդկան միջով առաջ, գնաց-հասավ հենց պատուհանի մոտ:

Ժողովորդն իրար հրելով քայլ-քայլ մոտեցավ ու կպավ խանութի ապակուն: Մեկ էլ հայտնվեց գող Վալոդն ու սկսեց ժողովրդին իբր համոզելով հետ-հետ բերել մուտքից, ու ինքը մեկ-երկու րոպեում հայտնվեց հենց նույն պատուհանիկի մոտ: Ջուլիկն իր պարարտ բարեմասնությունների վրայով ներս թողեց Վալոդին ու մի հատ էլ բոթեց մարդուն, որ խղճահարությամբ նայում էր սառած ծեր ու մանուկի. հերթում միջին տարիքի մարդ չկար, աշխատանքի էին: Մի քանի րոպեից Վալոդը հայտնվեց` մի պարկ հաց ուսին: Ջուլիկը ամուսնու հետ Վալոդին դուրս հրեցին ու պատուհանիկը փակվեց:

Փայլակը զզվանքով թքեց.

– Մարդ չես դու, Վալո՛դ, ձեր տնից տենց էլ մարդահոտ չեկավ:

Վալոդը քմծիծաղեց.-Փայլա

՛կ, բաշարելու բան ա, բաշարող լինեիր, տղեդ Ռուսատան չէր գնա: էս էլ մե՛ր կռիվն ա, բա՜: Հա՛, թե սոված մնաս, իրիկունը արի՛, հաց կուտես մեր տանը:

Փայլակն առաջ եկավ` բռունցքը պատրասատ, Արուսն ու մի երկու կին հետ պահեցին: Մեկ էլ տեսնեմ` Հրաչոն կախվել է Վալոդի մեջքից ու քաշում է պարկը.

– Թո՛ղ մեր հացը, տանում ես ծախե՛ս:

– Դու էիր պակաս, լակո՛տ,- Վալոդը գազազեց. պարկով ուժով խփեց-քցեց Հրաչոյին, պարկն իրեն վահան սարքած ու պարկով աջ-ձախ հարվածներ տեղալով` մարդկանց վրայով քայլեց, դուրս պրծավ ամբոխի միջից: Անկյունում կանգնած երկու խուժան ձեռքից վերցրին պարկը, գցեցին մեքենան ու երեքով քշեցին գնացին:

Ազատության հրապարակում բարձրացրած բռունցքները դեռ օդի մեջ են, դեռ երկու ձմեռ չի անցել, որ անկախ ենք, պատմության կաբինետում հայդուկները զենքերը կրծքներին, ատամները սեղմած լռել են, իսկ հերթում մարդկանց վրա Վալոդի ոտնահետքն է:

Անկախությունը եկե՛լ է, իրակա՛ն է, իսկ մեր տանը տղա չկա: Մենք չորսս աղջիկ ենք, ու հիմա Հրաչոյին գրկել ու չորսով միասին լացում ենք: Ճակատը բացվել է, արյունը գնում է, իսկ ինքը կատակում է.

-Պոնչիկ կուզե՞ս Անի, տա՜ք,տա՜ք…

Ձեռքը տանում է, իբր հանում գրպանից ու չորսիս բռի մեջ մեկական դնում: Արուսը ծնկել է սառույցին ու թաշկինակով մաքրում է ճակատի արյունը:

– Արուս տատի, էլ չմնաց պոնչիկ, ա՛ռ, իմը դու կեր, ես տղամարդ եմ, կդիմանամ:

… Մետրոյից վաղուց դուրս եմ եկել ու հասել Ռադիոտուն: Մեր հացի խանութը հիմա «պոնչիկանոց» է: Վճարում եմ, մի քանի փքաբլիթ տոպրակի մեջ` մտնում այգի: Շատրվանների մոտ` նստարանին, մի երիտասարդ կին է նստած, թույլտվություն եմ հարցնում, նստում կողքին: Քիչ այն կողմ քույր ու եղբայր, հավանաբար կնոջ զավակները, խաղում են: Այգին տեսքից ընկել, խեղճացել է. սիրտս ճմլվում է, շատրվանների ջուրը խառնվում է աչքերիս ջրին:

– Հրաչո՛, հետ արի ջրից,- ձայնում է մայրը:

– Ձեր բալիկներին կտա՞ք, իմ կողմից, հենց նոր եմ գնել,- զարմացած վրաս է նայում, թողնում եմ տոպրակով փքաբլիթն ու հեռանում: Իսկ Հրաչոն ջրի մոտ կանգնել, երգում է ու ոտքերը դոփում. երկու քայլ աջ, ձախ` հարված: Կողքից էլ քույրն է ձեռքը բռնել, պարու՜մ են…

Վալոդը հիմա երևի թոռներ ունի, հպարտ, ձեռքերը բռնած դպրոցից տուն է տանում ու ճանապարհին ճիշտ ու սխալից խոսում: Գուցե մի օր ձեռքն ընկի գիրս, կարդա ….բայց չէ՛, գողերը չե՛ն կարդում, գողերը չե՛ն կարմրում:

Գողերը օրենք են գրում` Անկախ Հայաստանի օրենքները:

granish.org