Ինչով են մրգերն ու բանջարեղենը օգտակար երեխաների համար
Advertisement 1000 x 90

Ինչով են մրգերն ու բանջարեղենը օգտակար երեխաների համար

Միջնակարգ դպրոցի աշակերտների հոգեկան առողջությունը, ովքեր ավելի շատ բանջարեղեն եւ միրգ են օգտագործում, ավելի լավ է, քան նրանց հասակակիցները: Այսպիսի եզրահանգման են եկել BMJ Nutrition Prevention & Health ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները:

Արեւելյան Անգլիայի համալսարանի մասնագետները 2017 թվականին վերլուծել են Նորֆոլքի 50 դպրոցների ավելի քան 10 000 երեխաների եւ դեռահասների սննդային տվյալները: Տարրական, միջին եւ ավագ դպրոցների աշակերտները հարցաթերթիկներ են լրացրել նախաճաշի եւ ճաշի իրենց նախասիրությունների եւ դպրոցական ճաշերի հասանելիության մասին: Հավաքվել են նաեւ ընդհանուր տեղեկություններ դպրոցականների կյանքի պայմանների մասին:

Բացի այդ, մասնակիցները անցել են թեստեր, որոնք գնահատել են նրանց հոգեկան ինքնազգացողությունը՝ կենսուրախություն, շփվելու ունակություն: Միջնակարգ դպրոցի աշակերտների շրջանում 70 բալանոց սանդղակով միջին միավորը կազմել է 46,6: Տարրականի համար այն 60-ից կազմել է 46: Դպրոցականների միայն մոտ 25%-ն է օգտագործել բանջարեղենի եւ մրգերի խորհուրդ տրվող քանակը (օրական մոտ 400 գրամ), իսկ մոտ 10%-ն ընդհանրապես չի կերել դրանք:

Ինչպես պարզվել է, միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից մրգերի եւ բանջարեղենի ավելի մեծ սպառումը բարենպաստ է ազդել հոգեկան առողջության թեստերի արդյունքների վրա: 80-150 գրամի օգտագործումն այս ցուցանիշն ավելացրել է 1,42 կետով, 240-320-ինը` 2,34 կետով, իսկ 400 գրամինը` 3,73 կետով: Լիարժեք նախաճաշը եւ ճաշը նույնպես բարձրացրել են միջին միավորը: Նախաճաշը էներգետիկ ըմպելիքով փոխարինելը բացասաբար է անդրադառնում հոգեկան առողջության վրա՝ այս երեխաների ցուցանիշները նույնիսկ ավելի վատն են եղել, քան նրանցը, ովքեր ընդհանրապես չեն նախաճաշում: Տարրական դպրոցի համար նշանակությունը նման է եղել, թեեւ ավելի քիչ:

med.news.am