Վարդան Հարությունյանը՝ Վարդան Պետրոսյանի մասին
«Նոր տեսա դերասան Վարդան Պետրոսյանի քաջագործության մասին պատմող տեսանյութի առաջին 2,5 րոպեները ու երկու խոսք եմ ուզում ասել․
50-ն անց տղամարդու կողմից դրսևորված թիթիզությունը տգեղ է և վանող։ Հատկապես, եթե այդ թիթիզությունն արվում է այնպիսի լուրջ վայրում, ինչպիսին մարտական դիրքն է։ Տգեղ է, երբ այդ տարիքի տղամարդն անհասկանալի հայհոյանքներ է հղում 18-20-ամյա պատանիներին, անգամ, եթե այդ պատանիները շփման գծի այն կողմում են գտնվում։ Նաև տգեղ է, երբ այդ տարիքի տղամարդը ծաղրածուի դեր է ստանձնում։
Որտեղ ուզում է, թող ապրի կամ ապրած լինի քաղքենին, կուզի՝ Փարիզում, կուզի՝ Բեռլինում, կուզի՝ Երևանում, որ բեմերից էլ նա ելույթներ ունեցած լինի, ինչ փորձությունների էլ ենթարկված լինի, եթե այնքան իմաստություն չի ունեցել, որ փորձությունը փորձառության վերածի, եթե այնքան իմաստություն չի ունեցել, որ փարիզներում, բեռլիններում ու երևաններում տարիքին համընթաց լայնախոհության ու պատասխանատվության դասեր առնի, եթե այնքան իմաստություն չի ունեցել, որ ծաղրածույությունը և դերասանությունը իրար չխառնի՝ կշարունակի մնալ քաղքենի՝ ում համար ասֆալտի ֆիդայու կերպարի մեջ մտնելն ավելի քան բնական է։ Նկարվող ասֆալտի ֆիդայի, որն իր անպատասխանատու ցուցամոլությամբ կարող է ոչ միայն հեգնանքի ու ծաղրի առարկա դառնալ (գլուխը քարը, իր գործն է), այլև իր գլխին չջարդվող փորձանքի առիթ հանդիսանալ։
Ես ճանաչում եմ հայ ժամանակակից փայլուն մտավորականների, որոնցից որևէ մեկը իրեն նման բան թույլ չէր տա։ Բայց սարսափում եմ, որ մեզ լավ չճանաչողների համար այս կադրերը կարող են դառնալ մեր ու մեր մտավորականության որակի մասին եզրահանգումներ անելու ուսումնական նյութ։
Մի ուրախացնող բան կար այդ կադրերում․ քաջագործությանն ականատես մեր զինվորների ժպիտները ոչ միայն ծիծաղի չփոխվեցին, այլ մարեցին»,- Facebook-յան իր էջում գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։