Մասնագետներն ահազանգում են, որ մարդկանց մեծ մասը շատ արագ է ուտում՝ բավարար չափով չծամելով սնունդն այն դեպքում, երբ օրգանիզմին 15-20 րոպե է անհրաժեշտ սննդի քանակի կառավարման ու մարսման համար: Սա առողջության համար լուրջ ռիսկ է:
Արագ ուտելիս մարդիկ սովորաբար հագեցվածություն չեն զգում և կարող են չափից ավել ուտել: Դա բերում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի տատանման, հետևաբար՝ ինսուլինային ռեզիստենտության և շաքարային դիաբետի առաջացման:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ արագ ուտողների մոտ ավելի մեծ է սրտային հիվանդությունների, ինսուլտի, ճարպակալման հավանականությունը:
Բացի դրանից՝ սննդի կտորները չափազանց արագ ու մեծ քանակով կուլ տալը կարող է բերել թթվային ռեֆլյուքսի՝ մարսողական խանգարումների, այրոցի, սրտխառնոցի, փորացավերի, կլման խնդիրների առաջացման:
Վերջերս կատարված մի հետազոտություն էլ փաստում է, որ պակաս կարևոր չէ ժամանակին ուտելը. ուշ երեկոյան կամ քնելուց առաջ ընդունված սնունդը կանանց մոտ կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկ է պարունակում: