Ինչու՞ պետք է ամեն ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել
Advertisement 1000 x 90

Ինչու՞ պետք է ամեն ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել

Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել եւ հոգ են տանում իրենց առողջության մասին, պետք է ամեն ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմեն։ Նման խորհրդով հանդես է եկել սննդաբան Մայքլ Մոսլին (Մեծ Բրիտանիա):

Ինչպես նշում է Daily Express-ը, շատ հաճախ մարդիկ ծարավը շփոթում են քաղցի հետ եւ ջուր խմելու փոխարեն սկսում են ուտել։ Եթե ​​դուք ջուր եք խմում ուտելուց առաջ, ապա կարող եք հասկանալ՝ իսկապե՞ս քաղցած եք։

Բժիշկը նաեւ անդրադարձել է մի հետազոտության, որի մասնակիցներին առաջարկվել է հետեւել նույն սննդակարգին, սակայն հետազոտվողների մի խմբին խնդրել են յուրաքանչյուր ուտելուց առաջ կես լիտր ջուր խմել: Արդյունքում այս խմբի մարդիկ ավելի շատ կիլոգրամ են կորցրել, քան մյուս մասնակիցները:

«Ձեր մարմինը 60 տոկոսով ջրից է բաղկացած, իսկ ուղեղը՝ 90 տոկոս: Մեզ ջուր է պետք մաշկը խոնավեցնելու, սնունդը մարսելու եւ երիկամներից թափոնները հեռացնելու համար»,-ասել է սննդաբանը։ Միաժամանակ Մոսլին խորհուրդ է տվել չկիրառել ջրի քանակության կասկածելի նորմեր՝ այն խմելով լիտրերով։ Մասնագետը համոզված է, որ ուտելուց առաջ մեկ բաժակ ջուրը բավական է։

news.am