Ինչպիսի՞ բուժումը կարող է արդյունավետ լինել ծանր COVID-19-ի դեպքում
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ բուժումը կարող է արդյունավետ լինել ծանր COVID-19-ի դեպքում

Յելի համալսարանի գիտնականները պարզել են COVID-19-ի ծանր եւ վտանգավոր ընթացքի զարգացման մեխանիզմները, որին բախվում է SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվածների մոտ 10-20 տոկոսը։ Այս բացահայտումն օգնել է դեղամիջոց գտնել հիվանդության արդյունավետ բուժման համար, պատմում են Nature Biotechnology-ում հրապարակված հոդվածում:

Գենետիկորեն ձեւափոխված մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կորոնավիրուսային վարակի բարդությունների պատճառ է դառնում իմունային համակարգի չափից ավելի բորբոքային արձագանքը։ Երկու հայտնի բուժում՝ մոնոկլոնալ հակամարմինների եւ դեքսամետազոն ստերոիդների օգտագործումը, կարող են օգնել բուժմանը: Սակայն հակամարմիններն արդյունավետ են միայն հիվանդության վաղ փուլերում:

Նոր ուսումնասիրության ընթացքում հետազոտողները կորոնավիրուս են ներարկել մկների քթի խոռոչի մեջ, ինչը ծանր COVID-19-ին բնորոշ ախտանիշների է հանգեցրել` թոքերի վնասում, քաշի կորուստ եւ կայուն բորբոքային իմունային պատասխան: Վարակման վաղ փուլերում իմունոպրեսանտ դեքսամետազոնը մահացու էր մկների համար, քանի որ այն ճնշում էր նախնական իմունային պատասխանը, որը չափազանց կարեւոր էր վիրուսի դեմ պայքարում:

Սակայն այս դեղամիջոցն օգնեց վերացնել վարակը հիվանդության ավելի ուշ փուլում՝ ճնշելով օրգաններին վնաս պատճառած բորբոքային պատասխանը: Գիտնականները վստահ են, որ այս բացահայտումը կօգնի նոր բուժում մշակել COVID-19-ի ծանր ընթացքի համար։

med.news.am