Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մարտի 27-ը` Թատրոնի միջազգային օրը, Երեւանում նշանավորվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ, որն ամփոփեց թատերական տարին, իսկ լավագույններն արժանացան մրցանակների:
21-րդ թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ հանձնվեցին 17 անվանակարգերում:
Ամենաինտրիգային` «Լավագուն դերասանուհի» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերում համապատասխանաբար հաղթողներ ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը («Երեք քույր» (Մաշա), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Ելենա Վարդանյանը («Գարդենիա» (I կին), Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ.) եւ Արթուր Կարապեյանն(Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն) ու Սենիկ Բարսեղյանը («Կեսարի խրախճանքը» (Ներոն) Կամերային թ.):
Լավագույն ներկայացում ճանաչվեց «Համլետ»-ը (բեմ.` Արա Երնջակյան, Կամերային թ.):
Լավագույն երիտասարդ դերասանուհին Էվա Խաչատրյանն է («Հինգ պատմություն սիրո մասին» (կին), Կամերային թ.): Լավագույն երիտասարդ դերասան անվանկարգում հաղթող ճանաչվեցին միանգամից երկուսը` Գոռ Համբարձումյանը («Սկապենի արարքները» (Արգանտ), Ստանիսլավսկու անվ. թ.), եւ Հարություն Սարգսյանը («…եւ նորից գարուն» (Մաք), Համազգային թ.):
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, հաղթողները կրկին երկուսն են` Արմինե Անդրեասյանը («…եւ նորից գարուն» (միսս Մարթա), Համազգային թ.) եւ Հասմիկ Սուվարյանը («Մաուգլի» (Բագիրա), Վ. Աճեմյանի թ.):
Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց Էդգար Քոչարյանը («Երկիր հայրենի» (Վեստ Սարգիս), Վանաձորի Աբելյանի անվ. թ.):
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։ Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն էր:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից: