Վտանգավոր ախտաբանությունների զարգացումը կարող է կապված լինել որոշակի տարիքում նկատվող հորմոնալ փոփոխությունների հետ։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պարբերականի հետ զրույցում ասել է բժիշկ-ուռուցքաբան Իվան Կարասևը։
Փորձագետի կարծիքով՝ 40 տարեկանից հետո կանայք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն իրենց առոջղական վիճակին, քանի որ հենց նախադաշտանադադարային տարիքում է կտրուկ բարձրանում վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Սա է պատճառը, որ մասնագետը խորհուրդ է տալիս կանանց կանոնավոր գինեկոլոգիական բուժզննում և որոշակի այլ հետազոտություններ անցնել։
«Առաջին հերթին հարկավոր է ստուգել՝ կա արդյոք շաքարային դիաբետի նկատմամբ նախատրամադրվածություն, կոլոնոսկոպիկ հետազոտություն անցնել, ստուգել սրտամկանի վիճակը, կասկածելի խալերի դերմատոսկոպիկ հետազոտություն անցկացնել ու զննել վահանագեղձը։ Յուրաքանչյուր երեք տարին մեկ հարկավոր է պապ-թեստ հանձնել, քանի որ հենց այս տարիքում է կանանց մոտ բարձրանում բարորակ ուռուցքների՝ արգանդի ֆիբրոմիոմայի և ձվարանների կիստաների զարգացման հավանականությունը», – նշել է ուռուցքաբանը։
Ոչ պակաս կարևոր է նաև մամոլոգի մոտ բուժզննու անցնելը, քանի որ անգամ պրոֆիլակտիկ զննման ընթացքում կա հիվանդությունը հայտնաբերելու և դրա բուժումը վաղ փուլերում սկսելու հավանականություն։ Բացի այդ, հարկավոր է հետևել նաև հորմոնների մակարդակին, քանի որ 40 տարեկանից հետո դրանց մակարդակները հաճախ են տատանվում։