Գիտնականները պարզել են շիզոֆրենիայի եւ երկբեւեռ խանգարման առաջացման գենետիկ պատճառները
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են շիզոֆրենիայի եւ երկբեւեռ խանգարման առաջացման գենետիկ պատճառները

Մաունթ-Սինայ բժշկական կենտրոնի (Նյու Յորք, ԱՄՆ) Բժշկության դպրոցի գիտնականները գենետիկ փոփոխություններ են հայտնաբերել, որոնք ազդում են մարդու մոտ շիզոֆրենիայի եւ երկբեւեռ խանգարման առաջացման վրա: Պարզվել է, որ այդ հիվանդությունների պատճառը կապված է գլխուղեղի նեյրոնների ԴՆԹ-ում տեղի ունեցող զգալի փոփոխությունների հետ: Այս մասին ասվում է Nature Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականներն ուսումնասիրել են շիզոֆրենիա կամ երկբեւեռ խանգարում ախտորոշմամբ 351, ինչպես նաեւ այդ հիվանդությունները չունեցող 388 չափահաս մարդու գլխուղեղի հյուսվածքներում գենոմի փոփոխության մասին տվյալները: Հայտնաբերված փոփոխությունները ներառել են ԴՆԹ շղթաների փաթեթավորմանը մասնակցող միջուկային սպիտակուցների՝ հիստոնների մեթիլացում եւ ացետիլացում:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, մեթիլացումը եւ ացետիլացումն իրենցից ներկայացնում են գեների էպիգենետիկ կարգավորման տեսակներ, որոնց ժամանակ ԴՆԹ-ի փոփոխություն տեղի չի ունենում, սակայն տեղի է ունենում դրա ակտիվության փոփոխություն: Այդ փոփոխությունները տեղի են ունենում՝ ի պատասխան շրջակա միջավայրի գործոնների:

Գիտնականների խոսքով՝ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ շիզոֆրենիայով եւ երկբեւեռ խանգարմամբ տառապողների ուղեղում կարգավորող տարրերի համակարգված աշխատանքի խանգարումներ են դիտվում, որոնք տարածվում են գենոմի հսկայական հատվածների վրա:

news.am