Հետքովիդային համախտանիշը կարող է տեւել մեկ տարի, ընդ որում՝ COVID-19-ով հիվանդացածները տեղեկացրել են բազմաթիվ կայուն ախտանշանների մասին։ Այսպիսի եզրահանգման են եկել Փարիզի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Գիտնականների խոսքով՝ հետքովիդային համախտանիշի որոշ ախտանշաններ մարդկանց մոտ զգալի ազդեցություն են պահպանում ապաքինվելուց անգամ 6 ամիս հետո։
Գիտնականներն ուսումնասիրել են հաստաստված COVID-19-ով վարակված 968 մեծահասակ պացիենտների տվյալները։ Ապաքինվելուց հետո ախտանշաններ են հայտնաբերվել Long COVID Symptom Tool հարցարանն ինքնուրույն լրացնելու օգնությամբ։ Հարցարանում նկատի են առնվել հետքովիդային համախտանիշի 53 նշաններ։
Այն պացիենտների 85 տոկոսը, որոնք հետքովիդային համախտանիշ են ունեցել կորոնավիրուսային վարակից 2 ամիս հետո, դեռեւս շարունակում էր տեղեկացնել ախտանշանների մասին դրանց հայտնաբերումից հետո մեկ տարվա ընթացքում։
Գիտնականների խոսքով՝ ամենից շուտ անցնում էին այնպիսի ախտանշանները, ինչպիսին են համի ու հոտի կորուստը, հեւոցը, իսկ որոշ ախտանշաններ, ընդհակառակը, ի հայտ էին գալիս ժամանակի ընթացքում, օրինակ՝ պարեստեզիան (զգայունության խանգարում, որը դրսեւորվում է տարբեր ինքնաբուխ զգացողություններով)։
med.news.am