Սնձանը կամ գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, աշորայի և գարու, ինչպես նաև հացահատիկի այս տեսակներից պատրաստված մթերքի մեջ: Այս սպիտակուցի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությունը սովորաբար դրսևրովում է բավական տհաճ ախտանշաններով՝ ստիպելով մարդկանց բացառել սնձանը սննդակարգից և օգտագործել առանց գլյուտենի մթերք, սակայն խնդիրն այն է, որ շատ հաճախ գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականությունն ախտորոշելը բավական դժվար է լինում։
Այս խանգարման դեպքում մարդու մոտ ի հայտ են գալիս ցորենի, աշորայի, գարու և դրանցից պատրաստված մթերքի մարսման հետ կապված խնդիրներ, ինչը մի շարք տհաճ ախտանշաններ է առաջացնում։ Սննդաբան Անժելա Տարասենկոն ներկայացրել է, թե նման դեպքերում որ ախտանշաններին է հարկավոր առաջինն ուշադրություն դարձնել խնդիրը ժամանակին հայտնաբերելու համար։
«Գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականությունը՝ ցելիակիան, ի հայտ է գալիս հացահատիկի երեք տեսակի՝ ցորենի, աշորայի և գարու գործածության հետևանքով», – նշել է մասնագետը՝ շեշտելով, որ խնդրի աշխատանշանները կարող են բավական բազմազան լինել։
Այնուամենայնիվ Տարասենկոն խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել դրանցից երեքին, որոնք համարվում են ցելիակիայի «դասական» ախտանշանները։ Դրանք են․
- հյուծվածությունը,
- աղիների աշխատանքի հետ կապված խնդիրները,
- աստենիան, որը քրոնիկական հոգնածության համախտանիշն է։
Վերոնշյալներից բացի մասնագետը նշել է նաև սնձանի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության մասին հուշող «ոչ դասական» ախտանշանները, որոնք ևս չի կարելի անտեսել։
«Մեծահասակ մարդկանց մոտ՝ անպտղությունը, անեմիան, օստեոպորոզը։ Երեխաների մոտ հաճախ են լինում դեպրեսիվ ու ագրեսիվ վիճակներ», – նշել է սննդաբանը՝ հավելելով, որ այս խնդիրը կարող է երկար ժամանակ մնալ չախտորոշված, ինչի հետևանքով այն կվերածվի ոչ սուր ընթացքով վիճակի, որը կպահպանվի տարիներ շարունակ։